Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծուղակ՝ անապատի երկրում

Հոկտեմբեր 27,2007 00:00

Ի՞նչ է մարմնավաճառը գրում

2006 թվականին Մարինե Ս.-ն (մականունը՝ «Անուշ») Վանաձորից մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ: Նրա հետ ԱՄԷ մեկնեցին վանաձորցի չորս կին եւս: Ընկերուհին՝ Նառան, խոստացել էր Մարինեին ապահովել աշխատանքով, ասելով, թե կդասավորի Դուբայի «Մետրոպոլ» առաջնակարգ բարում կամ «Inter City» հյուրանոցի գիշերային ակումբում մատուցողի աշխատանք: Նառան իրենից վերցրել էր անձնագիրը, ինքնաթիռի տոմսերը գնել ու նշանակել հանդիպման վայրը: «Օդանավակայանում ամեն ինչ անցավ բարեհաջող: Ոստիկանները ստուգեցին մեկնողներիս անձնագրերը, միայն Սյուզին էր, որ իր ծննդյան վկայականով էր: Նառան զգուշացրել էր, որ եթե ոստիկանները հետաքրքրվեն, թե ինչո՞ւ ենք մեկնում Դուբայ, պատասխանենք, որ զբոսաշրջիկ ենք, ուզում ենք մի լավ պտտվել»,- պատմում է Մարինե Ս.-ն: Վերջինս հասնելով Դուբայ, տեղեկացավ, որ իր աշխատանքը «ժամանակավոր» մարմնավաճառությամբ զբաղվելն է լինելու: Դրա համար Նառան «ընկերուհուն» խոստանում էր օրական 100-150 դոլար գումար՝ 1-3 հաճախորդի դիմաց: Նառան Մարինեին հասկացրեց, որ իր տեղափոխման համար 5000 դոլար է «քցվել», իսկ ինքը դա պետք է փակի, քանի որ չփակելու դեպքում երկուսի համար պրոբլեմներ կծագեն:

«Ես հուսահատվել էի: Ոչ ծանոթ ունեի, ոչ լեզու գիտեի, ոչ ապրելու տեղ: Համաձայնվեցի: Լինում էր այնպես, որ օրվա մեջ սպասարկում էի ոչ թե 1, 2 կամ 3 հաճախորդի, այլ՝ 4-6: 100-150 դոլարը, որը խոստացվել էր, ինձ տրվում էր եւ 6-ի դիմաց, եւ 3-ի: Իսկ ես խորանալ չէի ուզում: Մեկ շաբաթ հետո արդեն մտադրվեցի ինչ-որ ձեւով փախչելու մասին: Յուրաքանչյուր վայրկյան մտածում էի, որ հաճախորդներիս մեջ կհայտնվի գոնե մեկ հայ, որին կպատմեմ ողջ եղելությունը, կաղաչեմ՝ ինձ Հայաստան տանելու մասին»,- շարունակում է Մարինե Ս.-ն «Առավոտին» ուղարկած իր նամակում: 28-ամյա Մարինեն նաեւ հայտնել էր իր մտավախությունը. «Լսել էի, սակայն, որ իրավապահները կապված էին հյուրանոցներում ծպտված աշխատակիցների հետ, որոնց խնդիրն էր «գին գցել», «հաճույք եւ տեղեկություն»՝ միաժամանակ ստանալ»:

Մարինեն հասկանալով, որ ծուղակն է ընկել, որոշում է այնպես անել, որպեսզի հայտնվի տեղի ոստիկանությունում: Իր նկարագրմամբ, «հյութ» գնելու պատրվակով դուրս է գալիս հյուրանոցային իր համարից (նոր էր հաճախորդին ճանապարհել), փողոցում հրում է մի արաբ կնոջ՝ իբր նրա պայուսակը գողանալու պատրվակով: «Հայտնվեցի բանտում: Ինձ նման զոհերը շատ էին՝ տասը: Ռուսներ, ուկրաինացիներ: Վախենում էի ասել, որ զբաղվել եմ մարմնավաճառությամբ: Ավելի լավ է իմանային, որ ջեբկիր եմ, գող: Մի կերպ հասկացրի, որ անօթեւան եմ, տեղ չեմ ունեցել, փորձել եմ փող մուրալ, ջեբկիրությամբ զբաղվել, որպեսզի ապրեմ, գոյատեւեմ: Նաեւ ասացի, որ փաստաթղթերս փողոցում գողացել են: Տեղեկացրի, որ Հայաստանից եմ: Հայաստան անունը կարծես չէին էլ լսել: Գիտեմ, որ Դուբայում դեսպանատուն չունենք: Բանտի քննիչը կոպիտ էր, անընդհատ գոռգոռում էր, գուցե հայհոյում, ինչ իմանամ: Ոչ պաշտպան ունեի, ոչ որեւէ մեկը, որը կհասկանար ինձ»,- գրում է «Անուշիկը»: Վերջինիս 3 օր անց արտաքսում են Հայաստան:

Վանաձորում նրան հանդիպեց Նառայի ընկերուհին: «Ասես գիտեր ինձ հետ պատահածը: Հասկացնում էր, որ կպատմի, եթե «ավելորդ քայլ» անեմ»,- պատմում է Մարինե Ս.-ն: Վերջինիս տպավորությամբ, իրեն որեւէ մեկը չի կարող օգնել. Նառան դեռ Դուբայում է ու լսել է, որ Հայաստանից 2 տարվա դատավճիռ ունի «շալակած». պայմանական էին նրան տվել ու Նառան էլի իր գործին է: Աղջիկներ է տանում, «զբոսաշրջիկներ»: «Վանաձորը փոքր քաղաք է: Բոլորն իրար ճանաչում են ու չեն ներում: Անելանելիությունից չգիտեմ՝ ինչ անել: Ինձ հասցրած վիրավորանքը ինքս եմ լուծելու: Քանի որ չեմ վստահում որեւէ իրավապահի: Հասկանալի է, որ Նառայի հաշվին ապրող իրավապահը նրա դեմ չի գնա: Իսկ ես՝ զոհս, մեկ անգամ եւս զոհ դառնալ չեմ ուզի»,- ավարտելով իր նամակը՝ ասում է Մարինե Ս.-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել