Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐՍԱՆԻՔ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔՈՒՄ

Հոկտեմբեր 27,2007 00:00

Դատապարտյալը կարո՞ղ է ամուսնանալ

Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող Գ. Հ.-ն օրեր առաջ դիմել էր «Առավոտին»՝ հայտնելով, թե ուզում է ամուսնանալ, սակայն իր իրավունքների մասին տեղյակ չէ: «Ինչպե՞ս է գրանցվելու ամուսնությունը: Դիմումն ո՞ւմ եմ ուղարկելու»,- հարցրել էր նա:

Իրավաբան Արմեն Սիմոնյանն այս կապակցությամբ երեկ «Առավոտին» պարզաբանեց, որ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով սահմանվել է «Ազատազրկման վայրերում պահվող անձանց հետ ամուսնության գրանցման կարգ»: Ըստ այդ կարգի, դատապարտյալի, ձերբակալված կամ կալանավորված անձի (տվյալ դեպքում՝ ազատազրկվածի) հետ «ամուսնանալ ցանկացող անձը ամուսնանալու վերաբերյալ դիմում է ուղարկում իր մշտական բնակության վայրի կամ ուղղիչ հիմնարկի գտնվելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին»:

Արմեն Սիմոնյանի տեղեկացմամբ, դիմումի տվյալները, փաստաթղթերը ստուգվում են, ապա ուղարկվում ուղղիչ հիմնարկ եւ հանձնվում ազատազրկվածին՝ «փեսացուին» կամ «հարսնացուին»: Ուղղիչ հիմնարկի վարչակազմը պարտավոր է համադրել ազատազրկվածի դիմումի տեղեկությունները նրա անձնական գործի փաստաթղթերում նշված տեղեկությունների հետ, ապա հաստատում եւ ուղարկում է ուղղիչ հիմնարկի գտնվելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին: Ա. Սիմոնյանն ասում է, որ դժվարություններ հնարավոր է առաջանան այն ժամանակ, երբ դատապարտյալի անձնական գործում ընտանեկան դրության մասին տեղեկությունները թերի են կամ «հակասական»:

Ի դեպ, ամուսնանալ ցանկացող ազատազրկված անձին տրվում է դիմումի ձեւ: Ազատազրկվածն այն լրացնում է, հետո ուղարկում է իր սիրեցյալին՝ «այն անձին, որի հետ ազատազրկված անձը ցանկանում է ամուսնանալ»: «Հեռակա խնամախոսությունից» ու «հեռակա նշանդրեքից» հետո՝ նշանակվում է ամուսնության գրանցման ժամանակը: Ազատության մեջ գտնվող «հարսնացուն» կամ «փեսացուն» գրանցվում է «ազատազրկված անձի հետ», այն էլ՝ ուղղիչ հիմնարկի վարչական շենքում: Նրանց տրվում է ամուսնանալու մասին երանելի վկայականը:

Ուշադրության արժանի է այն, որ կարգապահական տույժի ենթարկված եւ այդ տույժը կրող ազատազրկված անձի հետ ամուսնության գրանցումը կարող է իրականացվել տույժի այդ միջոցը կրելուց հետո:

 Հ. Գ. Երեկ ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն «Առավոտին» տեղեկացրեց, որ միայն «Էրեբունի» ՔԿՀ-ում 12 դիմում է ստացվել: Զագսերը բավարարել էին 9 դատապարտյալների խնդրանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել