Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԵՂՈՒՏԸ ՇԱՀԱԳՈՐԾՎԵԼՈՒ Է

Հոկտեմբեր 27,2007 00:00

\"\"Որքան էլ բնապահպանական հ/կ-ներն ու քաղաքական գործիչներն իրենց «պատեպատ» են տալիս, կառավարությունը Թեղուտի համար իր համաձայնությունը կտա:

Վերջին ժամանակներս Թեղուտի հանքավայրը շահագործելու շուրջ բուռն քննարկումներ էին ընթանում: Եվ որքան էլ քաղաքական գործիչները եւ մի շարք բնապահպանական ուղղվածությամբ հասարակական կազմակերպություններ պայքարում են, որպեսզի Թեղուտի հանքավայրը չշահագործվի, այնուամենայնիվ, բնապահպանության նախարարությունը վերջնականապես տվել է հանքը շահագործելու իր համաձայնությունը: Այժմ հանքը օգտագործող «ACP» ընկերությունը սպասում է կառավարության համաձայնությանը: Ամենայն հավանականությամբ, կառավարությունն էլ դեմ չի լինի Թեղուտի շահագործմանը, քանի որ նախարարությունը չէր կարող առանց կառավարության «դաբրոյի» թույլտվություն տալ: Նշենք, որ բնապահպանները պնդում են, որ Թեղուտի շահագործմամբ հատվելու է 350 հեկտար անտառ, ինչի հետեւանքով խաթարվելու է այդ տարածքի կենսաբազմազանությունը: Ու չնայած նրան, որ «ACP»-ն հանքի շահագործման նախագիծը, որում ընկերությունը պարտավորվում է վերականգնել բնությանը հասցված վնասները, ներկայացրել է թե’ նախարարությանը, թե’ հ/կ-ներին, սակայն բնապահպանները համոզված են, որ հանքի շահագործման ավարտից հետո ընկերությունը ոչ անտառածածկույթն է վերականգնելու, ոչ էլ կենդանական աշխարհի վնասներն է փոխհատուցելու:

«Կանաչների միություն» հ/կ նախագահ Հակոբ Սանասարյանը «Առավոտի» հետ զրույցում նկատեց. «Թեղուտ եւ Շնող գյուղերի հողամասերում հետագայում արտադրվելիք գյուղատնտեսական մթերքները, հանքարդյունաբերության հետեւանքով աղտոտված միջավայրի պայմաններում, կկորցնեն քանակական ու որակական հատկանիշները: Նույնը կարելի է ասել նաեւ անտառի բարիքների՝ մրգերի, հատապտուղների, ուտելի բույսերի ու սնկերի մասին: Այդ անտառներում կան այնպիսի ծառատեսակներ եւ կենդանիներ, որոնք գրանցված են Կարմիր գրքում»: Հ. Սանասարյանի խոսքերով, երբ սկսվեն հանքավայրի շինարարական աշխատանքները՝ շարունակաբար իրականացվելիք պայթեցումները, ծանր տեխնիկայի հռնդյունը, ցնցումները, աղմուկը կործանարար ազդեցություն կունենան կենդանիների վրա: Նրա տվյալներով, այդ նախագծի՝ բնությանը հասցված վնասի հաշվառման բաժնում ներկայացված է 197 բուսատեսակ, որոնց մի մասը պետք է տեղափոխվի, իսկ մյուս մասի համար էլ կկազմակերպվի սերմերի հավաք, պահպանում եւ ցանք՝ շրջակա տարածքում. «Որտե՞ղ են տեղափոխվելու այդ բույսերը, տեղափոխվելիք վայրերում դրանք կաճե՞ն կամ այդտեղ կապահովվի՞ դրանց վերարտադրությունը, ո՞վ է սերմերի ցանքը կազմակերպելու եւ ֆինանսավորելու»:

Պարոն Սանասարյանը մտահոգված է նաեւ պոչամբարի ապահովությամբ: Նրա խոսքերով՝ պոչամբարի ներքեւում կառուցվելիք հողային պահպանիչ պատնեշը լինելու է կավից. «Արդյոք այդ կավային շերտը մշտապես մնալո՞ւ է կայուն, թե՞ ժամանակի ընթացքում քայքայվելու է, ինչպիսի՞ն է լինելու նշված կավային շերտի ջրամեկուսացման ունակությունը: Եթե անգամ ընդունենք, որ այդ պատվարն ու կավի շերտը հավերժորեն կայուն-անխաթար են մնալու եւ պոչամբարից ներծծված ջրերն էլ այդտեղից չեն հեռանալու, ապա արդյոք այդ տարածքում, օրինակ, կարելի՞ է արածեցում կատարել կամ այդտեղ աճած խոտը օգտագործել որպես անասնակեր: Մեծ թեքությունների եւ միլիոնավոր տոննա պոչանքի ճնշման պայմաններում պատվարի ու կավի շերտի կայունության ապահովման երաշխիքները հիմնազուրկ են: Այդտեղ, մեծ հավանականությամբ, սողանքներն ու փլուզումները կդառնան շարունակական երեւույթներ»:

Թեղուտի հանքավայրի շահագործմանը դեմ են արտահայտվում նաեւ «ՕԵԿ» խմբակցության անդամները: ԱԺ պատգամավոր Գուրգեն Սարգսյանի խոսքերով՝ որեւէ երաշխիք չկա, որ 30 տարի անց՝ հանքի շահագործման ավարտին, հանքավայրի շրջակայքի անտառածածկույթը կվերականգնվի: Խմբակցության փորձագետ Ռազմիկ Տերտերյանի խոսքերով էլ, հանքի շահագործումը հակասում է ՀՀ անտառային օրենսգրքին, քանի որ, ըստ օրենքի, 30%-ից ավելի թեքությամբ անտառային շերտերը համարվում են պաշտպանական եւ ենթակա չեն նույնիսկ սանիտարական հատման:

Այս առնչությամբ «ACP» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը «Առավոտի» հետ զրույցում հերքեց, որ ընկերությունը օրենք է խախտում. «Օրենքն արգելում է այդպիսի տարածքներում անտառվերականգնման հատումների իրականացումը, մինչդեռ տվյալ պարագայում խոսքը չի գնում անտառվերականգնման հատումների մասին: Եթե օրենքն արգելեր հատումներն ընդհանրապես (ինչպես անտառվերականգնման, այնպես էլ մյուս բոլոր տեսակի), դա արդեն այլ խնդիր կլիներ»: Հ/կ-ների եւ քաղաքական գործիչների այն մտահոգությանը, թե բնությանը հասցվելիք վնասի փոխհատուցում չի լինի, պարոն Արզումանյանն ասաց. «SOS Թեղուտ կոալիցիայի հետ քննարկել ենք բնապահպանական կառավարման պլանը, ողջունվել է նման փաստաթղթի նախապատրաստումը, եղել են դրա բարելավմանն ուղղված բազմաթիվ առաջարկություններ: Բացի այդ, օրենքով նախատեսվում է, որ յուրաքանչյուր ընդերք օգտագործող ընկերություն ամեն տարի վճարումներ կատարի շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին, որը տնօրինում է կառավարությունը: Այստեղ մտահոգությունը տեղին է՝ հարկավոր է ապահովել շրջակա միջավայրի վերականգնման ծրագրի կատարման երաշխիքները, որպեսզի ընդերքն օգտագործողը հանքավայրի շահագործումից հետո չհեռանա՝ առանց ստանձնած պարտավորությունները կատարելու»: Պարոն Արզումանյանը նկատեց, որ հանքի շահագործման ընթացքում անխուսափելի է շրջակա միջավայրին, կենդանական եւ բուսական աշխարհին վնասելը. «Գետի հուն է փոխվելու: Եթե այդ ծրագրով պարտավորվենք, որ գետի հունը պիտի վերականգնել կամ ապահովել, որ հարյուրամյակներով արդեն փոխված հունով հոսի, ապա դրա արժեքը մենք վճարելու ենք կառավարությանը»: Պոչամբարի առնչությամբ էլ Գ. Արզումանյանն ասաց, որ «պոչամբարի նախագիծը լավագույն մասնագետների կողմից է կատարվել, իսկ կավի պատնեշը ամենաապահովն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել