Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՆԱԼՈՒ ԵՆ ՈՉ ԹԵ ՍԻՐԵԼՈՒ, ԱՅԼ ՉՍԻՐԵԼՈ՞Ւ ՊԱՏՃԱՌՈՎ

Հոկտեմբեր 27,2007 00:00

Հոկտեմբերի 26-ի հանրահավաքից որեւէ փոփոխություն չի ակնկալում ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը:

Նա, սեփական փորձից ելնելով, երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց, թե մոլորություն է այն, որ հանրահավաքի բազմամարդությունից է կախված իշխանության հարցը. «Բաղրամյան փողոցում, հիշում եք, երբ որ դաշինքը կար, երբ բոլորը գոռում էին Լեւոն, հեռացիր, Լեւոն, դավաճան, հավաքվել էր 200 հազարից ավելի մարդ, եւ իշխանությունները հրաժարական չտվեցին, եւ ընդհանրապես կարծում եմ, որ անցել են այն ժամանակները, երբ հանրահավաքների հետեւանքով պետք է հաջորդ օրը իշխանությունները փոխվեն: Դրա համար կան քաղաքակիրթ ձեւեր, եւ այդ շանսը տրված է բոլոր քաղաքական ուժերին: Իմ տպավորությամբ, հանրահավաքին ավելի շատ կգնան նրանք, ովքեր ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանին սիրելու համար են գնալու, այլ հակառակը՝ որեւէ մեկին չսիրելու պատճառով են գնալու»: Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավարի, վերջին օրերին մեկ անգամ եւս ապացուցվում է Աստվածաշնչյան ճշմարտությունը՝ «Մի դատիր, որ չդատվես», որովհետեւ այն, ինչ կատարվեց (նկատի ունի հոկտեմբերի 23-ի դեպքերը- Մ. Ե.), մենք ժամանակին մեր մաշկի վրա ենք զգացել, եւ հենց նույն այն քաղաքական ուժի պատճառով, որն այժմ, այս 23-ին արդեն խնդրո առարկա էր: Բայց երբեք Դաշնակցությունը նմանատիպ երեւույթների վրա չի չարախնդա կամ չգիտեմ՝ երեսով տա: Մենք այդպես չենք մոտենում խնդրին, բացարձակ: Մենք կարծում ենք, որ նման երեւույթները դատապարտելի են, անկախ նրանից, թե հրահրող կողմն ով է եղել»: Հրայր Կարապետյանի կարծիքով՝ «ՀՀ-ում խոսքի ազատությունը, ժողովրդավարությունն այլեւս անդառնալի գործընթաց է, եւ որեւէ քաղաքական ուժ չի կարող հետ գլորել մեր պատմությունը, եւ երկրորդ, եթե կան մեղավորներ, որոնք այդ խոսքի ազատության վրա բռնանում են, իսկ նաեւ կան մեղավորներ, որոնք խոսքի ազատության տակ փորձում են այս կամ այն հրահրիչ երեւույթներ դրսեւորել, հավասարաչափ մեզ համար դատապարտելի են: Թող քննությունը կատարվի, թող պարզվի, թե ոստիկանությունից ովքեր են մեղավոր, հրահրողներից ովքեր են մեղավոր, եւ հավասարապես երկուսին էլ մենք դատապարտում ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել