Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋԻ ՍԿԻԶԲՆ ԱԶԴԱՐԱՐՈՂ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ»

Հոկտեմբեր 27,2007 00:00

\"\"Այսպես անվանեց երեկվա հանրահավաքը «Հանրապետություն» կուսակցության նախագահը

Վերջին 3 տարիներին ընդդիմությանը չէր հաջողվել նման բազմամարդ հանրահավաք անցկացնել. երեկ Ազատության հրապարակը լեփ-լեցուն էր, ներկա էին տասնյակ հազարավոր մարդիկ: Եվ սա՝ չնայած այն հանգամանքին, որ դեռ նախօրեին տեղեկություններ էին ստացվում, որ Վանաձորում, Աբովյանում եւ բազմաթիվ այլ քաղաքներում երթուղայինների վարորդներին արգելել են մարդկանց տեղափոխել Երեւան՝ հանրահավաքի: Փոխարենը մարզերից ավտոբուսներով բերել էին «Ոսկե աշուն» համերգին:

Այնուամենայնիվ, հանրահավաքի սկսվելուց արդեն շուրջ 1-2 ժամ առաջ հրապարակ սկսեցին գալ մարդիկ: Հավաքվածների մեջ նկատեցինք երկու գործիչների, որոնք վաղօրոք հայտարարել էին իրենց թեկնածությունն առաջադրելու մասին՝ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանին եւ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին: Ներկա էր նաեւ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը, որը հայտարարել է Վազգեն Մանուկյանին աջակցելու մասին:

Հրապարակի մերձակայքում բազմաթիվ էին ոստիկանները, հատուկ ջոկատայինները: Ընդ որում՝ այստեղ էր նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը, ուստի հնարավորություն ստացավ «առաջին ձեռքից» տեղեկատվություն ստանալ, որ ինքը հայտնվել է ժողովրդի դեմ բռնարարքներ գործողների «սեւ ցուցակում», որը կազմում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Թեեւ իր սեպտեմբերի 21-ի ելույթում Հայաստանի առաջին նախագահն առաջարկել էր հրաժարվել «օլիգարխ» բառից՝ համարելով այն «վիրավորական եւ սխալ տերմին», մի խումբ այս հանրահավաքին էր եկել «Զարթիր լաո, մռնիմ քզի, օլիգարխիան կերավ մզի» կարգախոսով: Սակայն այն գոնե հասկանալի էր՝ ի տարբերություն «Ես+դու» կարգախոսի, որը պահել էին երկու երիտասարդներ: Հրապարակում երեկ, սակայն, ամենաշատը հնչեց 1988-ի «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսը:

Մինչ հանրահավաքի սկիզբը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ողջագուրվեց Վազգեն Սարգսյանի մոր՝ տիկին Գրետայի հետ: Եվ Հայաստանի պետական օրհներգի հնչելուց հետո՝ հանրահավաքը վարող նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի առաջարկով, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1999-ի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը:

ԱԺ-ում իրականացված ահաբեկչության 8-րդ տարելիցին իրենց ելույթներում ծավալուն անդրադարձ կատարեցին ե՛ւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ե՛ւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Ստեփան Դեմիրճյանը մասնավորապես նշեց. «Հոկտեմբերի 27-ից հետո մենք ականատես եղանք մարդկային կերպարանափոխումների, դավաճանության, մորթապաշտության շքահանդեսի: Իշխանական լծակների, պաշտոնների տիրանալու մոլուցքը ոմանց զրկել է ոչ միայն հիշողությունից, այլեւ արժանապատվությունից եւ ինքնասիրությունից: Եվ ընդհանրապես՝ ամեն ինչ արվում է հոկտեմբերի 27-ը մոռացության տալու համար: Բայց ուզում եմ այդ կապակցությամբ ասել՝ կարելի է գնել որոշ քաղաքական գործիչների, որոնք ամպագոռգոռ ելույթներով քողարկում են իրենց քաղաքական առեւտուրը, կարելի է նույնիսկ, օգտվելով ժողովրդի ծանր սոցիալական վիճակից՝ գնել ձայներ, սակայն որեւէ մեկն այնքան հարուստ չէ, որ կարողանա գնել իր անցյալը, եւ հոկտեմբերի 27-ը խարա՛ն է այս իշխանության ճակատին: Խարան է այն բոլոր մարդկանց ճակատին, որոնք ի պաշտոնե կարող էին եւ պարտավոր էին կանխել այդ հրեշավոր հանցագործությունը»:

Իսկ Արամ Սարգսյանը նշեց. «Ինձ ճիշտ հասկացեք՝ վրեժխնդրության զգացում չէ, որ ունեմ: Եթե ես ունենայի քրիստոնյային ոչ վայել այդ զգացումը, ապա 1999-ի հոկտեմբերի 28-ին կհաջորդեր հոկտեմբերի 27, եւ մենք կապրեինք բացարձակապես այլ երկրում: Բայց մեր երկիրը կլիներ խեղված, անդամալույծ, հիվանդ երկիր, ուր եղբորս՝ Վազգեն Սարգսյանի խոսքերով ասած, ցանկացած մեկը, որը մի քանի ավտոմատ ձեռք կբերեր՝ կփորձեր երկրի, ժողովրդի ճակատագրի խնդիր լուծել: Էդ չի, որ մենք ուզում ենք: Էդ երկիրը չի, որ մենք պատկերացնում ենք: Միակ բանը, որ ուզում եմ հոկտեմբերի 27-ից հետո, այն է, որ իմ երկիրն ու ժողովուրդը հնարավորինս շուտ դուրս գան հոկտեմբերի 27-ի հետեւանքների տակից, որ մենք հնարավորինս արագ դառնանք հավատի, հույսի, բարգավաճման երկիր: Դա բնավ էլ չի նշանակում, որ ես չեմ մեղադրում գործող իշխանություններին իրենց իսկ իշխանության օրոք տեղի ունեցած այս զազրելի ոճրագործության համար»:

ՀԺԿ-ի եւ «Հանրապետության» առաջնորդները խոսեցին շուրջ 30-ական րոպե: Ստեփան Դեմիրճյանի ելույթից առանձնացնենք նաեւ հետեւյալ հատվածները. «Այսօրվա հանրահավաքը ցույց է տալիս, որ բեկում է մտնում մեր քաղաքական կյանքում: Մենք դատապարտում ենք հոկտեմբերի 23-ին իշխանության ներկայացուցիչների, ոստիկանության սադրիչ, անօրինական գործողությունները: Երթի մասնակիցները գործում էին օրենքի շրջանակներում: Իշխանության այսօրինակ գործողություններն ընդամենը վկայում են իշխանական ճամբարում խուճապի մասին»:

ՀԺԿ նախագահը նաեւ նշեց, թե «հոկտեմբերի 27»-ի հետեւանքն է Հայաստանում հաստատված «կրիմինալ, օլիգարխիկ, կլանային համակարգի բարգավաճումը», համակարգ, «որտեղ իշխանությունը մի խումբ մարդկանց համար դարձել է հարստանալու միջոց, եւ որի խորհրդանիշներն են դարձել հաստ վիզը, բութ հայացքը եւ սափրած գլուխը»: Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց. «Ակնհայտ է, որ մեր երկրի հետագա զարգացումն ապահովելու համար առաջին հերթին պետք է ձերբազատվել այդ արատավոր, կլանային, օլիգարխիկ համակարգից»: Եվ այս կապակցությամբ անդրադարձավ այն, իր բնութագրմամբ՝ «շահարկումներին», որոնք հետեւեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթում կոռումպացված եւ մաֆիոզ համակարգը կազմաքանդելու կոչին. «Ուզում եմ հարցնել. իսկ ի՞նչ է, պետք է բարեփոխե՞լ այդ համակարգը, կատարելագործե՞լ: Ի՞նչ է, սափրագլուխները պետք է սկսեն մա՞զ աճեցնել, թե՞ այսուհետ մերձքաղաքական «ռազբորկաները» պետք է կանոնակարգվեն օրենքով»:

Ըստ Ստեփան Դեմիրճյանի՝ ակնհայտ է, որ նախագահական ընտրություններում հնարավոր է հասնել փոփոխությունների, «եթե հանդես գանք լայն ճակատով»: Եվ մեջբերեց հոր՝ Կարեն Դեմիրճյանի խոսքերը (հիշեցնենք, որ նա 1996-ին աջակցություն էր հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանին.- Ա. Ի.), թե որեւէ մեկը չի կարող երկիրը մենակ դուրս բերել ճգնաժամից. «Այսօր որեւէ թեկնածու առանձին մասնակցելով նախագահական ընտրություններին՝ որեւէ հեռանկար չունի: Ուրեմն, պետք է մի կողմ դնել ամբիցիաները, համատեղել ջանքերը, միավորել ուժերը եւ հասնել այդ փոփոխություններին»: ՀԺԿ նախագահի համոզմամբ՝ երեկվա հանրահավաքը վկայություն է, որ հասնելու են այդ փոփոխություններին:

Իսկ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նշեց. «Մեր այսօրվա հավաքը, մեր այս հավաքականությունն ինձ հուշում են, որ գնացքը տեղից պոկվել է»: Եվ ոչ միայն վերնագիր դրեց հանրահավաքին՝ «գործող իշխանությունների վերջի սկիզբն ազդարարող հանրահավաք», այլ նաեւ ենթավերնագիր. «Հայաստանի երրորդ հանրապետության երրորդ նախագահի առաջին հանրահավաք»:

Արամ Սարգսյանն ընդգծեց կարեւոր խնդիրները՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու «գիտակցում եւ կամք», ապագա դժվարությունները հաղթահարելու իրատեսական ծրագրեր. «Եվ երրորդն ու ամենակարեւորը՝ մեր երթին ճիշտ առաջնորդի ճիշտ ընտրություն»: Այստեղ ներկաները, որ առանց այդ էլ շատ բուռն՝ ծափերով ու բացականչություններով էին արձագանքում հանրահավաքի հռետորների ելույթներին, սկսեցին վանկարկել «Լե-վոն, Լե-վոն»: «Հանրապետություն» կուսակցության նախագահն ինքն էլ ասաց. «Մեր այս հաղթական երթի հրամանատար ենք ընտրում Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նա հաղթող նախագահ է: Եվ թող ինձ ներեն իմ քաղաքական մնացած գործընկերները՝ բայց միայն ի՛ր պարագայում է, որ հաղթանակ է հնարավոր: Մեր բոլորի պարագայում հաղթանակը քվեաթերթիկներով է տեղի ունենալու, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագայում հաղթանակը լինելու է մինչեւ ընտրությունները եւ լինելու է ոգո՛վ»:

Հ. Գ. Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը «ՆՏ»-ի թղթակցին ասել է, որ ինքը հավատում է Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքին եւ իր ձայնը տալու է նրան: Նաեւ համոզմունք է հայտնել, որ Տեր-Պետրոսյանի՝ նախագահ դառնալու դեպքում լիարժեք կբացահայտվի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը. «Մեր նպատակը հենց դա է: Միայն բացահայտվի, եւ ես տեսնեմ իսկական կազմակերպիչների դեմքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել