Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉ ԱՍԱՑԻՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հոկտեմբեր 27,2007 00:00

Ըստ քաղաքական գործիչների՝ ամերիկյան այցից շահել է ե՛ւ Հայաստանը, ե՛ւ վարչապետը

Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը ԱՄՆ որոշ վերլուծաբաններ հակված են համարել աննախադեպ, ոմանք էլ չեն թաքցնում, որ վարչապետի այցը նախագահական ընտրություններից առաջ նշանակում է, որ ամերիկյան «դաբրոն» արդեն իսկ տրված է: «Առավոտը» տարբեր քաղաքական ուժերի հետ զրույցներում փորձեց պարզել, թե խորհրդարանական ուժերը ինչպե՞ս են գնահատում այցը եւ, դատելով արդյունքներից, կարելի՞ է պնդել, որ նախագահական ընտրությունների մասով Արեւմուտքն իր խոսքն արդեն ասել է եւ ԱՄՆ-ի կողմից աջակցություն է ստանալու հենց Սերժ Սարգսյանը: Օրերս հեռուստահարցազրույցներից մեկի ժամանակ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը մոտավորապես նման մի տեսակետ արդեն հայտնել էր, ասելով, որ պետք է սպասել այցից հետո ծավալվող զարգացումներին:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրեն հայտնի չէ, թե ամերիկյան կամ եվրոպական կառույցներից Սերժ Սարգսյանն ինչպիսի աջակցություն է ստացել, բայց. «Մի բան կարող եմ հստակ ասել: Առաջին հերթին, ցանկացած պաշտոնյա, ղեկավար անձ, նաեւ նախագահության բոլոր թեկնածուները պետք է ունենան ՀՀ քաղաքացիների աջակցությունը, եւ դա պետք է լինի գլխավորը եւ վճռորոշը: Ինչ վերաբերում է քաղաքական երկխոսությանը այլ պետությունների ղեկավարների հետ, դա ես ողջունում եմ: ՀՀ-ն եւ նրա պետական կառույցները որեւէ ձեւով չպետք է մեկուսացված լինեն աշխարհաքաղաքական տարբեր զարգացումներից, ընդհակառակը՝ շատ ակտիվ դերակատարում ունենալով այդ զարգացումներում, մենք պետք է փորձենք լինել այդ «խաղի» մասնակիցը եւ ոչ թե դիտորդը: Ինչ վերաբերում է աջակցություններին, ճիշտն ասած, ինքս մի փոքրիկ ինտրիգ եմ տեսնում բոլոր նման հարցերում: Այս առումով չպետք է մոռանանք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այն անձնավորությունն է, որը Ռուսաստանի հետ կնքեց ռազմաբազաների տեղակայման 25 տարվա պայմանագիր, սակայն այսօր, չգիտես ինչու, իրեն են համարում արեւմտյան թեկնածու: Նույն Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակում Հայաստանը միացավ ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին, եւ այդ ծրագրում մեր մասնակցությունը բավականին դրական է գնահատվում, վերլուծություններ կան, որ, այսպես ասած, իրական բարեփոխումների առումով Հայաստանը շատ ավելի առաջ է, քան նույն ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկություն հայտնած Վրաստանը կամ Ադրբեջանը: Հստակ կարելի է ասել, որ աշխարհաքաղաքական զարգացումներին մասնակցելու առումով Հայաստանի ներկա եւ նախկին պաշտոնյաները որոշակի ակտիվ քայլեր են ձեռնարկում, եւ դա միայն ողջունելի է»: Արմեն Մարտիրոսյանը ուզեց ընդգծել «մի կարեւոր հանգամանք եւս. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այդպես էլ չստացավ ԱՄՆ-ից հրավեր, եւ նմանատիպ հանդիպումներ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ տեղի չունեցան, եւ սա եւս որոշակի ինտրիգ է մտցնում: Փաստորեն, Սերժ Սարգսյանը, դեռ նախագահ չդարձած, արդեն կարողացավ նմանատիպ այց կատարել, եւ սա եւս որոշակի ինտրիգ է մտցնում»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը մեր հարցին ի պատասխան՝ ինչպե՞ս է գնահատում վարչապետի ամերիկյան այցը, երեկ նշեց, որ, այո, գուցե եւ այցն աննախադեպ է իր ընդգրկմամբ. «Այն տեղեկությունները, որ մենք ունենք վարչապետի ամերիկյան հանդիպումներից, մեզ մոտ համոզմունք են ձեւավորում, որ սա, իսկապես, պետական այցելություն է զուտ պետական խնդիրներ հետապնդելու նպատակով: Եվ եթե նախադեպ չի եղել, շատ լավ է, որ այսօր այդ նախադեպը ստեղծվել է, սա մեր երկրի հեղինակության խնդիրն է, որովհետեւ գաղտնիք չէ ԱՄՆ-ի ազդեցությունն ամբողջ աշխարհում եւ մեր տարածաշրջանում: Եվ շատ լավ է, որ այդ նախադեպը եղավ, անկախ նրանից, դա նախորդո՞ւմ է նախագահական ընտրություններին, թե՞ ոչ: Սա մեզ համար շատ կարեւոր այցելություն է, նաեւ շատ կարեւոր բանակցություններ են տեղի ունեցել թե «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի շրջանակում, թե Լինսիի հիմնադրամի հետ եւ հատկապես՝ ամերիկյան բարձր շրջանակների հետ հանդիպումներում: Վստահ եմ, որ վարչապետը այդ հանդիպումներում պաշտպանել է մեր երկրի պետական-քաղաքական շահերը»:

ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցին հարց ուղղեցինք՝ արդյոք Սերժ Սարգսյանի ամերիկյան ակտիվ այցը նշանակո՞ւմ է, որ վարչապետը վերադառնում է «դաբրոներով»: Պարոն Ադոնցը այս բառի հետ համամիտ չէր. «Դաբրոներով կամ առանց «դաբրոների» գալու մասին ընդհանրապես չեմ ուզում խոսել, ես շատ ուշադիր հետեւում էի այցին թե հեռուստատեսությամբ, թե մամուլում, եւ որպես մի մարդ, որը կարող է եզրակացություններ անել, ես միանշանակ կարող եմ ասել, որ վարչապետի ԱՄՆ կատարած այցը անցել է արդյունավետ, նախ տեղի են ունեցել հանդիպումներ բոլոր մակարդակներով, եւ մեկ շատ կարեւոր հանգամանք եւս՝ վարչապետն այցելեց Լոս Անջելես, ուր մեր բարձր պաշտոնյաներից որեւէ մեկը շատ վաղուց չէր այցելել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել