Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ «ՍՐԲԱԳՐՈՒՄ» ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Հոկտեմբեր 26,2007 00:00

\"\"Միջազգային տոնավաճառներում շքեղ գիրք-ալբոմներում հայկական մշակույթը ներկայացվում է իբրեւ ադրբեջանական:

Ֆրանկֆուրտում հոկտեմբերի 10-16-ը 57-րդ անգամ անցկացվեց աշխարհում իր մասշտաբներով ամենամեծ գրքի միջազգային տոնավաճառը: 160 երկրների շարքում հայաստանյան «գրքերի աշխարհը» այդ տոնավաճառում 15-րդ անգամ ներկայացրել են ՀՀ մշակույթի նախարարության գրահրատարակչական գործակալությունը, Հայաստանի հրատարակիչների ասոցիացիան, «Անտարես» եւ «Զանգակ-97» հրատարակչությունները: «Առավոտը» ժամանակին տեղեկացրել էր (1.11.2006թ.), որ հիշյալ միջոցառմանը առաջին անգամ ներկայացող Ադրբեջանի տաղավարը աչքի էր ընկել գրքերի հակահայկական ցինիզմով, մասնավորապես՝ «Արեւմտյան Ադրբեջանի հուշարձանները» շքեղ գիրք-ալբոմով, որի շապիկին պատկերված են եղել Գառնիի տաճարը, Ամբերդը եւ Երեւանյան մզկիթը:

«Առավոտը» «Անտարես մեդիա» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանից օրերս հետաքրքրվեց, թե Ադրբեջանը հակահայկական քարոզչության նպատակով այս տարի ի՞նչ «անակնկալ» էր պատրաստել: Մեր զրուցակիցը նշեց. «Ադրբեջանը երկու անգամ մեծացրել էր իր տաղավարը, իսկ 2006-ին միայն ադրբեջաներեն ու անգլերեն տպագրված «Ադրբեջանի հուշարձանները» գիրքը այս տարի շքեղ հրատարակությամբ ներկայացվել էր նաեւ ֆրանսերեն, գերմաներեն եւ ռուսերեն: Ի դեպ, հովանավորն էլ Ադրբեջանի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունն էր: Գրքերում զետեղված էին Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանները՝ Սանահին, Գառնի, Հաղպատ, Կարմրավոր, Տաթեւ եւ այլն»: Հարցին, թե հայկական պատվիրակությունը ինչ-որ ձեւով արձագանքե՞ց դրան, պարոն Մարտիրոսյանը նշեց, որ իրենց զարմանքին որոշ ադրբեջանցի կոլեգաներ «պատասխանել» են ժպիտով, իսկ ավելի ագրեսիվներն էլ իրենց հերթին են «զարմացել»՝ հայերը մինչեւ հիմա չգիտե՞ն, որ թուրքական ծագում ունեն: «Անտարեսի» նախագահը հայտնեց. «2008թ. ֆրանկֆուրտյան տոնավաճառում հռչակված է Թուրքիայի տարի, ուստի անելիքներ շատ ունենք: Հայաստանյան հրատարակչությունները պետք է համախմբվեն պետության շուրջ եւ ամենաբարձր ատյանների ուշադրությունը հրավիրեն գրքի վրա: Զբոսաշրջությունը գերակա ուղղություն հռչակած Հայաստանը պետք է ամենաբարձր մակարդակով կարողանա պրոպագանդել իր հուշարձանները»:

Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը «Առավոտին» փոխանցեց. «Նման հեղինակավոր միջոցառումները, ինչպես, օրինակ, Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառը, բանավիճելու վայր չէ: Հայաստանի տաղավարում ներկայացված են եղել, օրինակ՝ Շահեն Մկրտչյանի «Արցախի գանձեր», Նիկոլայ Հովհաննիսյանի «Ղարաբաղյան կոնֆլիկտը» գրքերը, ցեղասպանությանը վերաբերող աշխատություններ եւ այլն: Թվարկածներն արդեն խոսուն նյութեր են՝ ադրբեջանցիներին հակադարձելու առումով: Կարող էինք ներկայացնել «Արարատ» գիրք-ալբոմը, բայց չարեցինք, որովհետեւ շարունակությունը կարելի է ենթադրել… Մենք ունենք մշակած քաղաքականություն, դիրքորոշում եւ նման միջոցառումներին հանդես ենք գալիս քաղաքակիրթ մակարդակով»: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի փոխանցմամբ էլ՝ իրենք համագործակցում են տուրիզմի զարգացման հայկական գործակալության հետ, պետությունն էլ բյուջեից ամեն տարի գումար է նախատեսում գովազդների, տեղեկատվական նյութերի, բրոշյուրների եւ այլնի համար. «Հայաստանի զբոսաշրջության կենտրոնները գովազդվում են նաեւ CNN, «Արմնյուզ» TV-ներով: Ինչ վերաբերում է մեր հուշարձանները որպես ադրբեջանական ներկայացնելուն, այստեղ մնում է միայն զարմանալ: Ինչպե՞ս կարող են ադրբեջանցիները բավարարել իրենց դիմած զբոսաշրջիկներին, եթե նրանք ցանկանան տեսնել, ասենք՝ Գառնին, Գեղարդը կամ Ամբերդը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել