Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրավական անցուդարձ

Հոկտեմբեր 26,2007 00:00

Հացադուլը շարունակում է

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արմեն Ենգոյանը հոկտեմբերի 17-ին սկսել էր հացադուլ:

Երեկ Ենգոյանը մեզ տեղեկացրեց, որ հացադուլը շարունակում է եւ սպասում է պաշտոնական պատասխանի: ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը մեր հարցին, թե ի՞նչ պահանջներ է ներկայացրել եւ ի՞նչ են արել ՔԿՀ վարչությունում՝ Ենգոյանի պահանջների հետ կապված, պատասխանեց. «Հայտնում ենք, որ Ա. Ենգոյանը հոկտեմբերի 17-ին դիմում է ներկայացրել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով, որ իրեն տեղափոխեն կիսափակ քրեակատարողական հիմնարկ, պատճառաբանելով, որ գտնվում է առողջական ծանր վիճակում: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության պետի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանի կողմից դատապարտյալի խնդրանքը նշված հիմքով մերժվել է, որի արդյունքում դատապարտյալ Ենգոյանը հայտարարել է հացադուլ»:

ՀՀ քրեակատարողական վարչությունը տեղեկացնում է նաեւ, որ միայն պատժի 1/4-ը կրելուց եւ դրական բնութագրվելու դեպքում՝ ՔԿՀ-ի միջնորդությամբ պատրաստ են ուսումնասիրելու Ա. Ենգոյանի ուղղիչ հիմնարկի տեսակը եւ վայրը փոխելու հարցը: «Առավոտին» նաեւ տեղեկացվել էր, որ բժշկական սպասարկման բաժնի տեղեկանքով Ա. Ենգոյանն ախտորոշվել է «թոքերի տուբերկուլոմաներ BK-» հիվանդությամբ, որը, ըստ նրանց, չի խոչընդոտում Ենգոյանի պատիժը փակ ուղղիչ հիմնարկում կրելու համար:

Նախարարը՝ Իսպանիայում

ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հոկտեմբերի 25-26-ը մասնակցում է իսպանական Լանսարոտա քաղաքում անցկացվող Եվրոպայի խորհրդի արդարադատության նախարարների 28-րդ խորհրդաժողովին: Կոնֆերանսը նվիրված է միգրանտների, փախստականների, ապաստան փնտրող անձանց իրավունքներին, ինչպես նաեւ նրանց համար արդարադատության մատչելիության իրավունքի հարցերին: Խորհրդաժողովի փոխնախագահ ընտրված ՀՀ արդարադատության նախարարը հանդես կգա զեկուցումով, որը նվիրված է լինելու հիշյալ կարգավիճակն ունեցողների իրավունքներին ու նրանց պաշտպանության խնդիրներին:

Դատախազները ոստիկանություն չեն ուզում

Երեկ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները ընդունեց:

Վերջինի նպատակն էր պայմաններ ստեղծել դատախազությունից ոստիկանություն տեղափոխվող քննիչների ծառայության համար: Ինչպես տեղեկացրել ենք, դատախազությանը նախաքննություն իրականացնելու իրավասություն չի վերապահվում, որի հետեւանքով դատախազության մարմինների քննչական հաստիքները կրճատվել եւ դրանց մեծ մասը հատկացվել է ՀՀ ոստիկանությանը: Զեկուցող, ՀՀ ոստիկանության ծառայության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանի տեղեկատվությամբ, ոստիկանությունում նախաքննական մարմնին հատկացվել է 220 հաստիք: Դատախազության համակարգում կրճատման ենթակա մի քանի հարյուր քննիչներից 38-ն է առայժմ ցանկություն հայտնել ծառայության անցնել ոստիկանությունում:

Ստացել է այրվածք

Հոկտեմբերի 24-ին Արթիկ քաղաքի Բա ղրամյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկում ամբողջությամբ այրվել է «ԳԱԶ-52» մակնիշի 453 ՏՍ 14 համարանիշով աղբատար ավտոմեքենան: Հրդեհի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ Ա. Հովհաննիսյանը ստացել էր ձեռքի երկրորդ աստիճանի այրվածք եւ տեղափոխվել Արթիկի հիվանդանոց:

Նա դեռ իր տանը չէ

Ոստիկանության Մալաթիայի քննչական բաժին էր դիմել 75-ամյա Գեղեցիկ Ղազարյանը: 10 օր առաջ ստացվել է ոստիկանության պետ, գնդապետ Ա. Բալասանյանի պատասխան-գրությունը: Ղազարյանը գրել էր, որ «հայ կնոջը վայել չէ փողոցում մեռնել» ու պատմել էր իր հետ կատարվածի մասին:

«Առավոտը» բազմաթիվ հրապարակումներ ունի այս տարեց կնոջ հետ կապված: Նրա սեփականաշնորհված՝ Արարատյան 1-ին զանգվածի 10/6 շենքի թիվ 6 բնակարանը 2002թ. աճուրդով վաճառվել է (1.201.635 ՀՀ դրամով): Գեղեցիկ Ղազարյանին աճուրդի գումարից հատկացրել են 558.777 ՀՀ դրամ, որից նա հրաժարվել է եւ չի ստացել:

Այդ գումարը ներկայումս գտնվում է ԴԱՀԿ ծառայության Երեւանի քաղաքային բաժնի դեպոզիտ հաշվում: Երեկ Գ. Ղազարյանն «Առավոտին» ասաց, որ չի ստացել այդ գումարը, քանի որ աճուրդի դրված իր բնակարանի մասին իրեն տեղյակ չեն պահել: Իսկ այդ գումարով՝ 558.777 ՀՀ դրամով որեւէ բնակարան չես կարող գնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել