Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոստանում են գծի տերերին պատժել

Հոկտեմբեր 26,2007 00:00

Շիրակի մարզում գծի տերերը երթուղիները շահագործում են մի շարք խախտումներով

Շիրակի մարզում շուտով կմեկնարկի միջհամայնքային հասարակական տրանսպորտային հաղորդակցության երթուղիների մրցույթը: Մեր տեղեկություններով, այդ մրցույթում մասնակցելու են հենց գործող գծատերերը, այսինքն՝ նոր ձեռներեցի չեն թողնելու այդ բիզնես մտնել: Շիրակի մարզում երթուղի շահագործելը բավականին եկամտաբեր է, քանի որ գծի տերերը հանգիստ շրջանցում են մրցույթի պայմանները ու գիծը սպասարկում իրենց քեֆով, սեփական գրպանին հարմար:

Մի քանի տարի առաջ մարզպետարանը «անվտանգ ու քաղաքակիրթ» սպասարկում ապահովելու նպատակով մրցույթ անցկացրեց: Արդյունքում՝ սպասարկման որակը բացարձակապես չփոխվեց, քանի որ գծատերերը մնացին նույնը: Օրինակ, Գյումրի-Արթիկ երթուղու միկրոավտոբուսների 1 աթոռը նախատեսված է 3-4 ուղեւորի համար: Բացի այդ, այդ երթուղին գրաֆիկով սահմանված ժամանակացույցը չի պահպանում: Արթիկից Գյումրի 40 րոպե տեւողությամբ ճանապարհը վարորդները երբեմն անցնում են մեկուկես ժամում, քանի որ մտնում են գյուղեգյուղ ու ուղեւոր են հավաքում անգամ այն դեպքում, երբ երթուղային տաքսին արդեն ծայրահեղ գերբեռնված է լինում: Այդ գիծը շահագործում է «Լիլիթ-Մարիամ» ՍՊԸ-ն:

Շիրակի մարզում խախտումով են գիծը սպասարկում գրեթե բոլոր գծատերերը: Որոշ երթուղայինների վարորդներ, հաշվի առնելով, որ մի քանի գյուղեր մեծ բնակչություն չունեն, հարկ չեն համարում այնտեղ մտնել՝ ուղեւորներին թողնելով կես ճանապարհին ու առաջարկելով ոտքով ճամփա բռնել: Երբեմն գծատերերը երթուղու մրցույթը շահում են էժան գնով, բայց սպասարկում թանկով:

Այդպիսի խախտումների մասին տեղյակ է նաեւ մրցույթ անցկացնող հանձնաժողովի նորանշանակ նախագահ, Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանը: Նրա խոսքերով՝ «Մեր ուսումնասիրությունից եւս պարզվել է, որ տրանսպորտային միջոցները նորմայից շատ ավելի ծանրաբեռնված են աշխատում, դրանց երթեւեկելու հաճախականությունը, չվացուցակը չեն համապատասխանում իրականությանը, չեմ բացառում, որ գիծը շահած ձեռնարկատերերը տրանսպորտային միջոցների մի մասը գծից հանել են, այսինքն՝ պակաս մեքենա են մտցրել՝ գերշահույթ ստանալու համար: Որպես խախտում, կարող եմ ասել, որ եղել են դեպքեր, երբ գիծը շահել է մի կազմակերպություն, սակայն մեկ ուրիշ կազմակերպություն է այդտեղ մեքենա մտցրել: Կամ մեկ անհատ ձեռներեց, տեսնելով, որ երթուղու տերը պահանջվածից պակաս մեքենա է մտցրել, իր միկրոավտոբուսով կամ ավտոբուսով մտել է երթուղի, ու սա, բնականաբար, դժգոհության տեղիք է տվել: Մրցույթն անցկացնելուց հետո հանձնաժողովը իր գործը վերջացրած չի համարում, երթուղիները պահելու ենք հսկողության տակ ե՛ւ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի առումով, ե՛ւ ուղեւորների փոխադրման ծավալների քանակի առումով: Եթե, օրինակ, սրանից երեք տարի առաջ մրցույթ է եղել ու պահանջվել է, որ տվյալ երթուղին պետք է սպասարկի 4-5 տրանսպորտային միջոց, էսօր մենք գտնում ենք, որ դա բավարար չէ՝ 7 կամ 10 մեքենա պետք է լինի»: Կարլեն Աբրահամյանը խոստացավ խախտումներ կատարող գծատերերին՝ չվացուցակից շեղվողներին, պարբերաբար գերծանրաբեռնված երթեւեկողներին, գները ճոխացնողներին ընդհուպ մինչեւ զրկել երթուղուց:

Նկատենք, որ Շիրակի մարզում միջհամայնքային հասարակական տրանսպորտային հաղորդակցության երթուղիների մրցույթում հիմնականում հայտ են ներկայացնում միկրոավտոբուսային գծեր, իսկ քանի որ հատկապես գյուղերի բնակիչները գյուղից գյուղ բեռնափոխադրումներ են իրականացնում՝ ապրանք են տեղափոխում, որ փոխանակեն կամ վաճառեն, նրանց ավելի ձեռնտու է ավտոբուսային սպասարկումը, ուստի գծատերերը, եթե նույնիսկ երթուղին սպասարկեն 7-8 միկրոավտոբուսով, դարձյալ ստիպված են լինելու ծանրաբեռնված երթեւեկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել