Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՈՒԳՆ ՈՒ ԽՐԱԽՃԱՆՔԸ՝ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ

Հոկտեմբեր 26,2007 00:00

Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրը աստիճանաբար շրջապատվում է զվարճանքի օբյեկտներով:

\"\" «Ակոռի» ռեստորանից հնչող «ռաբիս» երաժշտությունը եւ խորովածի հոտը հասնում են մինչեւ հուշարձան, որտեղ ամեն օր բազմաթիվ օտարերկրյա հյուրեր ու պաշտոնական պատվիրակություններ են այցելում:

 

\"\"Այս կիսակառույց ռեստորանը գտնվում է Ծիծեռնակաբերդի այգուց մոտ 2 մետր հեռավորության վրա:

 

\"\"Շինարարների խոսքերով, սա գոլֆի հսկայական դաշտ չի լինելու, այլ՝ գոլֆի «իմիտացիա», այսինքն՝ այստեղ լինելու է մոտ 10 ուղի՝ գնդակը նետելու համար:

 

Օրերս Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության մի պատվիրակության անդամները Ցեղասպանության հուշահամալիր այցելության ժամանակ պարզապես ապշել են, երբ տարածքից խորովածի հոտ ու խրախճանքի ձայներ են լսել: Մեր տեղեկություններով, նրանք զարմանք են հայտնել, երբ իմացել են, որ սգո հուշահամալիրի հարեւանությամբ խրախճանքի օբյեկտ է գործում: Նրանց մեկնաբանմամբ, այդ տարածքում նման օբյեկտների գոյությունը պարզապես անթույլատրելի եւ ամոթալի է:

Նկատենք, որ ամեն օր, հատկապես շաբաթ-կիրակի օրերին, Եղեռնի զոհերի հուշարձանին կից այգիներում քեֆ-ուրախություն է լինում: Բանն այն է, որ հուշարձանի տարածքում գտնվող Ցեղասպանության թանգարանից մոտ 100 մետր հեռավորության վրա գործում է «Ակոռի» ռեստորանը, որտեղից էլ հիմնականում լսվում է քեֆերի աղմուկը: «Առավոտի» հետ զրույցում այգում հանգստացողները պատմեցին, որ այդ ռեստորանը գրեթե ամեն օր մարդաշատ է: Երեկ հուշահամալիր այցելած մի խումբ բեյրութահայեր մեզ հետ զրույցում դժգոհեցին, որ իրենք գալիս են իրենց հարազատների հիշատակը հարգելու, սակայն «մոտակայքից լսվող զուռնա-դհոլի ձայները մի տեսակ անարգում են զոհերի հիշատակը: Մենք այսօր ուզում ենք, որ ամբողջ աշխարհն ընդունի ցեղասպանությունը, բայց մենք ինքներս դա ո՞նց ենք ընդունում՝ հուշարձանի կողքին հարսանիքներ ու խնջույքներ անելո՞վ: Օտարերկրացիներն այստեղ գալով ի՞նչ պիտի մտածեն մեր մասին, հայերին լուրջ չեն ընդունի»:

Ծիծեռնակաբերդի անտառներին հարող տարածքները աստիճանաբար դառնում են զվարճանքի կենտրոններ, քանի որ «Ակոռին» միակ ռեստորանը չէ, որից քաղաքացիները դժգոհում են: Այստեղ մեկը մյուսի ետեւից կառուցվում են նոր ռեստորանային համալիրներ, սրճարաններ ու «մինի» հյուրանոցներ: Նկատենք, որ զվարճանքի օբյեկտներ կառուցելու համար տարածքը բավականին հարմար է, քանի որ այստեղ ծառաշատ է եւ ճանապարհներն էլ բարեկարգ են:

Այգում զբոսնող մարդկանց ներկայացմամբ, ամեն օր՝ կեսօրից հետո, այդ հատվածում հանգստանալ չի լինում, հատկապես շաբաթ եւ կիրակի օրերին, երբ հարսանիքները շատ են. «Հենց այդ օրերին են շատ զբոսաշրջիկներ գալիս ու ներկա լինում այդ ռեստորանից հնչող աղմուկին, իսկ խորովածի ու խմիչքների հոտերը մինչեւ հուշարձան ու թանգարան են հասնում: Ամոթ է, օտարազգի մարդկանց մոտ խայտառակ ենք լինում: Ծիծեռնակաբերդի անտառներում լիքը ռեստորաններ են սարքում, ո՞ւր պիտի հասնեն, դրանց թողնեն՝ հուշարձանի անմար կրակի մոտ էլ կաֆե կբացեն»:

Վերջերս էլ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին պատկանող այգիներին կից՝ Մարզահամերգային համալիրի տնօրինությունը մոտ 200 քմ մակերեսով մինի գոլֆի խաղահրապարակ է կառուցում, որի մասին օրերս «Առավոտն» անդրադարձել էր: Չնայած խաղահրապարակը գործելու է Մարզահամերգային համալիրին պատկանող տարածքում, սակայն, քաղաքացիների կարծիքով, սա եւս նման հուշարձանի ֆոնին հարիր չէ: Դաշտը կառուցվում է հենց այն հատվածում, որտեղով ճանապարհը տանում է դեպի Եղեռնի զոհերի հուշարձան: Ծիծեռնակաբերդ այցելող զբոսաշրջիկները, մինչեւ հուշարձան կհասնեն՝ ականատես են լինելու քեֆերի ու զվարճությունների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել