Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օսկանյանն ամեն ինչից գոհ է

Հոկտեմբեր 26,2007 00:00

Երեկ կայացած մամուլի ասուլիսին մեկնաբանելով Իրանի նախագահի՝ Երեւանից անակնկալ մեկնումը, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ասաց. «Երկու երկրների միջեւ հարաբերություններն այնքան լավ են, որ չարժե կենտրոնանալ պրոտոկոլային հարցերի վրա»:

Նախարարի խոսքերով, պահի անհրաժեշտությունից ելնելով, այցերի ժամկետները կարող են կրճատվել, միջազգային պրակտիկայում դա բավականին հաճախ է տեղի ունենում: Նախարարը Մահմուդ Ահմադինեջադի այցը Հայաստան արդյունավետ գնահատեց, հավելելով, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ իրականացվող մի շարք ծրագրեր ունեն ոչ միայն երկկողմ, այլեւ տարածաշրջանային մեծ նշանակություն: Պատասխանելով այն հարցին, թե ինչու Իրանի նախագահի այցի ընթացքում ՀՀ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը չի ստորագրվել՝ չնայած այդ մասին ծանուցվել էր հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ, նախարարն ասաց, թե համաձայնագրի տեքստը դեռեւս պատրաստ չէ: Որպես մխիթարանք, նա նշեց, որ կողմերը նման փաստաթուղթ կնքելու ձգտում ունեն: Ի հավելումն այս թեմայի, բանախոսը նկատել տվեց, որ թեեւ «Իրանը մեզ համար վիթխարի շուկա է», այդուհանդերձ, Հայաստանը որոշակի պարտավորություններ ունի միջազգային կազմակերպությունների հանդեպ, եւ այս հարցն անհրաժեշտ է լավ քննարկել, որպեսզի այդ պարտավորությունները չհակասեն Իրանի հետ կնքվելիք հիշյալ համաձայնագրին:

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան կատարած հերթական այցին, Օսկանյանը նշեց, որ այդ այցերը սկսել են կրել «մաքոքային դիվանագիտության բնույթ»: Ըստ նրա, դա, մասնավորաբար, պայմանավորված է մինչ նախագահական ընտրությունները մնացած ժամանակի անբավարարությամբ: Հանգամանք, որը դժվարացնում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպման հնարավորությունը: Այդուհանդերձ, նախարարը հույս հայտնեց, որ «մաքոքային քաղաքականությունը» արդյունավետ կլինի:

Խոսելով ԱՄՆ Կոնգրեսում շրջանառվող թ.106 բանաձեւի մասին, Վարդան Օսկանյանը համոզվածություն հայտնեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ օրենսդիր մարմնի կողմից անխուսափելի է: «Ասում են, թե դեռ պահը չէ, բայց ես ուղղակի համոզված եմ, որ պահը գալու է, եւ Կոնգրեսը կճանաչի Ցեղասպանության մասին բանաձեւը»,- հայտարարեց Օսկանյանը: Նա դրական համարեց այն հանգամանքը, որ նույնիսկ բանաձեւի ընդունմանն ընդդիմացող ամերիկյան կոնգրեսականները հարցը դիտարկում են բացառապես երկրի անվտանգության տեսանկյունից եւ չեն ժխտում ցեղասպանության պատմական փաստը: «Մենք հաղթահարեցինք այդ ժխտողական մոտեցումը, իսկ թուրքական կողմն ունի մտահոգության տեղ»,- հավելեց նախարարը: Վերջինս անդրադարձավ նաեւ մի քանի օր առաջ Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարի հետ ունեցած իր հանդիպմանը, ասելով, թե հայկական կողմն այդ հանդիպումը չի դիտարկում որպես երկկողմ հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացի մաս, քանի որ ներկայումս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այդպիսի գործընթաց չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել