Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամալյանին օճառ է հասնում

Հոկտեմբեր 26,2007 00:00

Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանի հայտարարությունը

ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը եւս խոսեց, ավելի ճիշտ չէր կարող չխոսել, քանի որ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը «բարի խորհուրդ» տվողների ցուցակում նա առաջիններից էր: Գրիգոր Ամալյանը ծիծաղելի է համարել «ԳԱԼԱ»-ի նկատմամբ քաղաքական հետապնդումների վարկածը:

Նշենք, որ դա վարկած չէ, այլ անհերքելի փաստ, եւ, չգիտես ինչու, նա իրեն ներկայացնում է որպես մոտավորապես «բանից անտեղյակ սանէպիդի աշխատակից»՝ փորձելով այս ամբողջ պատմությունը տեղափոխել տնտեսական հարթություն: Այդ դիրքորոշմամբ Ամալյանը ինքը հայտնվեց ծիծաղելի կարգավիճակում. քաղաքական հետապնդումները բացառող անձնավորությունը երեւի մոռացել է, որ ինքը լրատվամիջոցի խոսքի ազատությունը սահմանափակողների կամակատարն է ու հանձնաժողովը՝ այդ գործի գործիքը: Եթե մոռացել է, մենք կհիշեցնենք, որ «ԳԱԼԱ»-ի հոկտեմբերի 14-ի հայտնի եթերաժամից հետո (երբ ամբողջությամբ եթեր է հեռարձակվել Լ. Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում) անմնացորդ խառնաշփոթի մեջ ընկած պաշտոնյաներից մեկն էր:

Ամալյանի պատկերացումները բարոյականության եւ հանրային շահերի մասին ավելի քան պրիմիտիվ են. «բարոյական չէ, երբ հանրային ռեսուրսը, որ այս կամ այն ընկերությանը տրամադրվել է հանրային շահն ապահովելու համար, մարդիկ օգտագործում են որպես տանիք՝ սեփական շահերը սպասարկելու համար»: Տեսնես ինչո՞ւ Ամալյան Գրիգորը չի խոսում այն մարդկանց մասին, ովքեր սեփական շահերը սպասարկելու, իրենց աթոռին ձիգ մնալու համար մայր օրենքի հերն են անիծում, այստեղ փաստերը բազմաթիվ են եւ անգամ մտաբերելու ու այս հայտարարությունը ծանրաբեռնելու կարիք չկա ձեր. կեղծ ու պատեհապաշտ բարոյականությունը պահեք ձեզ եւ գոնե անհարմարություն զգացեք հանրային շահերից խոսելիս: Հանրային շահերը այլ բան են պահանջում, ու դուք, որպես հանրային ռեսուրս տրամադրող, պարտավոր եք հլու-հնազանդ ծառայել այդ շահերին եւ ոչ թե հանրային շահը մեկնաբանեք այնպես, որքան թելադրում է ձեր ու ձեր պատվիրատուների քաղաքական եւ ինքնապաշտպանական շահը:

Հեռուստաընկերությունը շարունակելու է իր ինքնուրույն լրատվական քաղաքականությունը, հանրությանը ներկայացնելու է մեր երկրում առկա բոլոր հասարակական, քաղաքական, մշակութային, սոցիալական, կենցաղային ու հնարավոր բոլոր այլ զարգացումները: Որեւէ մեկին չի թույլատրվելու միջամտել հեռուստաընկերության խմբագրական քաղաքականությանը: «ԳԱԼԱ» ՀԸ լրատվական քաղաքականության վրա փորձարկվող բոլոր ուղղակի եւ անուղղակի, քողարկված ու բացահայտ, նենգամիտ ու խորամանկ միջամտությունները դատապարտված են խայտառակության եւ անհաջողության: Որքան շուտ սա ըմբռնեն Գրիգոր Ամալյանը, նրա համախոհներն ու պատվիրատուները, այնքան իրենց լավ են հիշելու տարիներ անց:

Ի վերջո. «ԳԱԼԱ» ՀԸ սեփականատեր, գործարար Վահան Խաչատրյանը խոստանում է, որ Գյումրիի օճառի գործարանը գործարկելուց հետո (որով այդպես մտահոգ է Գրիգոր Ամալյանը) օճառի առաջին խմբաքանակը կուղարկի ՀՀ ՀՌԱՀ նախագահ Ամալյան Գրիգորին: Անհատույց: Եվ դա կանի այնքան բարեխղճորեն, որքան բարեխղճորեն կատարում է հանրությանը բազմակողմանի ու անկախ տեղեկատվություն տարածողի իր պարտականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել