Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ ԼԻՆԵԼ ԱՅՍՏԵՂ»

Հոկտեմբեր 26,2007 00:00

Ասում է «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը

– Հարցազրույցներից մեկում պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղի հարցով իրականացվող քաղաքականությունը, ասել էիք՝ իսկ ի՞նչ քաղաքականություն է վարվում, որ կարծիք հայտնեմ: Կարելի է ասել, որ դուք դժգոհ եք հարցի կարգավորման ընթացքից:

– Դժգոհելու կամ գոհ լինելու որեւէ խնդիր առայժմ չկա: Չկա նաեւ որեւէ վտանգ, քանի որ առայժմ միայն բանակցություններ են ընթանում եւ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվում: Նախապես կարծիք հայտնել, թե դա ինչ փաստաթուղթ է լինելու, ես չէի ցանկանա: Երբ հանրության դատին կներկայացնեն այն, մենք մեր հստակ կարծիքը կհայտնենք: Իսկ, ընդհանրապես, կարծում ենք, որ դեռ շատ հեռու ենք հարցի կարգավորումից:

– Նախագահական ընտրություններից առաջ ինչպիսի՞ն է ձեր կուսակցության քաղաքական կողմնորոշվածությունը, դուք այսօր ավելի շատ իշխանակա՞ն ուժերի կողքին եք, թե՞ ընդդիմադիրների: Նախագահական ընտրություններում ո՞ր թեկնածուին եք պաշտպանելու:

– Ինձ համար անընդունելի է այսօրվա քաղաքական դաշտում կուսակցությունները որակել ընդդիմադիր կամ իշխանական: Այնքանով են ընդդիմադիր, ինչքանով իրենց որեւէ բան չի առաջարկվում իշխանական թեւում, եւ այնքանով են իշխանամետ, որքան ունեն իշխանություն: Այնպես որ, «Դաշինք» կուսակցությունը չկա ոչ աջ թեւում, ոչ էլ ձախ թեւում: Մենք ներկայացրել ենք մեր հայացքները արտաքին, ներքին քաղաքական, տնտեսական, Արցախի հիմնահարցերի մասին, եւ եթե որեւէ թեկնածու կներկայացնի ծրագիր, որը համահունչ կլինի մեր գաղափարներին, նրան էլ կպաշտպանենք: Մեծ հաշվով այսօր մենք գաղափարական ընդդիմություն ենք թե՛ գործող իշխանություններին, թե՛, այսպես կոչված, ընդդիմությանը:

– «Դաշինք» կուսակցության, ՀՌԱԿ-ի եւ «Ազգային վերածնունդ» կուսակցության միավորման գործընթացը ի՞նչ փուլում է, ինչպե՞ս է լուծվելու կուսակցության նախագահի հարցը: Ի վերջո, ո՞վ է ում միանում՝ դո՞ւք ռամկավարներին, թե՞ իրենք՝ ձեզ:

– Եթե դուք հիշում եք, 2005 թ. նոյեմբերին մեր կուսակցության առաջին համագումարում մենք հայտարարեցինք, որ փորձելու ենք համախմբել քաղաքական դաշտը: Կուսակցությունների միավորման այսօրվա գործընթացը բխում է համագումարում ընդունված որոշումների տրամաբանությունից: Ինչ վերաբերում է ներկա փուլին, ապա պետք է նշեմ, որ գործընթացը բնականոն հունի մեջ է: «Դաշինք» կուսակցությունն է միաձուլվելու Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության հետ: Արդեն որոշված է նաեւ համագումարի անցկացման օրը: Այն տեղի կունենա նոյեմբերի 24-ին՝ կառավարության նիստերի մեծ դահլիճում: «Դաշինքի» համագումարից հետո իր վերջնական որոշումը կկայացնի նաեւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, եւ այս ամենից հետո միայն տեղի կունենա ՀՌԱԿ մեծ համագումարը, որտեղ էլ կհստակեցվեն ծրագրերը, կանոնադրությունը, կընտրվի ղեկավար կազմը: Այդ մեծ համագումարը, կարծում եմ, տեղի կունենա եկող տարի` տոներից հետո: Ինչ վերաբերում է, թե ով կընտրվի կուսակցության նախագահ, կխնդրեի չշտապել եւ սպասել համագումարին:

– Փաստորեն, ձեր գաղափարները ավելի համահունչ են հենց ռամկավարների ծրագրերին եւ գաղափարներին:

– Այո, որովհետեւ մենք ազատական գաղափարների կրող ենք: Իհարկե, մեր գաղափարախոսության միջով կարմիր թելի նման անցնում է նաեւ ազգայինը, եւ եթե ոմանք համարում են, որ ազատական գաղափարախոսությունը ազգայինի հետ կապ չունի, ես կարող եմ այդ մասին բանավիճել:

– Արդեն իսկ պարզ է, որ իշխանության թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը, դուք անձամբ ինչպե՞ս եք տրամադրված այդ թեկնածուի նկատմամբ:

– Իմ ու Սերժ Սարգսյանի հարաբերությունները մամուլում շատ է շահարկվում: Մենք նորմալ հարաբերություններ ենք ունեցել եւ ոչ մի անգամ մեր միջեւ ավելորդ խոսակցություն չի եղել: Գաղափարների շուրջ կարող ենք ունենալ տարաձայնություններ, բայց ոչ թշնամանք: Ինչ վերաբերում է մյուս թեկնածուներին, ասենք՝ Դաշնակցության թեկնածուին կամ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա կնայենք, թե ինչ ծրագրերով են ներկայանում, որից հետո արդեն կորոշենք, թե ինչ ճանապարհով ենք գնալու: Այնպես որ, ոչինչ չի կարելի բացառել:

– Այսինքն՝ չի կարելի բացառել, որ դուք կպաշտպանեք Սերժ Սարգսյանի թեկնածությունը, եւ չի կարելի բացառել, որ դուք կպաշտպանեք Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ թեկնածությունը: Այդպիսի բան հնարավո՞ր է:

– Ինչու ոչ: Փորձեմ բացատրել: ՀՀՇ-ն ազատական գաղափարների կրող է, չէ՞: Բայց ես ուզում եմ հասկանալ նաեւ, ասենք, ազգային խնդիրներում, օրինակ՝ ԼՂ հարցի շուրջ իրենք հիմա ինչ տեսակետով են ներկայանալու:

– Մոտավորապես ասվեց այդ մասին սեպտեմբերի 21-ի ելույթում:

– Եթե մոտավորապես դա է, ապա որեւէ պարագայում ես չեմ կարող գտնվել Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Ես չեմ կարող դուրս գալ ինքս իմ դեմ:

– Փաստորեն, դուք գոհ եք այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունից նույն Ղարաբաղի հարցում:

– Ես տեղյակ չեմ, թե ինչ բանակցություններ են ընթանում: Երբ փաստաթուղթը կձեւավորվի եւ ԼՂ-ին կներկայացվի, այդ ժամանակ մենք կարող ենք խոսել:

– Ինչպիսի՞ իրավիճակ կարող է ստեղծվել, որ Սամվել Բաբայանը որոշի վերադառնալ Ղարաբաղ:

– Եթե վտանգ առաջանա եւ իմ կարիքը զգան, ես ոչ մի րոպե չեմ հապաղի եւ կմեկնեմ Արցախ, բայց այսօրվա զարգացումներն այնպիսին են, որ ամեն հարց որոշվում է Երեւանում, եւ ես պարտավոր եմ լինել այստեղ: Արցախում նստելով` ես չեմ կարող զբաղվել քաղաքականությամբ:

– Ձեր կարծիքով՝ Ղարաբաղի այսօրվա իշխանությունները ավելի հարմարվողական են, քան նախկի՞նը:

– Չգիտեմ ով է հարմարվողական: Ութ տարուց ավելի ես չեմ շփվում նրանց հետ: Գուցե մարդիկ փոխվել են: Գնահատականներ չեմ ցանկանում տալ:

– Ինչպե՞ս եք գնահատում առաջին նախագահի վերադարձը քաղաքականություն: Ինչո՞վ է պայմանավորված վերադառնալու նրա ցանկությունը:

– Գուցե մտահոգված է ստեղծված իրավիճակից, դրա համար է վերադառնում: Գուցե դա իր թիմի ցանկությունն է: Երբ կարդում ես Լեւոն Տեր-Պետրոսյանի փոքրիկ ելույթը՝ մտածում ես, որ մտահոգությունն է նրան ստիպում վերադառնալ: Բայց երբ տեսնում ես, որ նույն թիմով շրջապատված է, մտածում ես, որ ոչ թե մտահոգությունն է պատճառը, այլ այդ թիմի ցանկությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել