Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՇԽԱՆԱՄԱՏ ԵՆ

Հոկտեմբեր 26,2007 00:00

\"\"Վերնագրում տառասխալ չկա: Այս նոր տերմինը՝ «իշխանամատ», երեկ ակամա հայտնագործեց մամուլի մասին քննարկման մասնակիցներից մեկը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը երեկ կազմակերպել էր սեմինար-քննարկում «ԶԼՄ-ների դերը Հայաստանի ներքաղաքական գործընթացներում» թեմայով: ԶԼՄ-ների ոլորտում վերջին շրջանի իրադարձությունները հաշվի առնելով՝ հնարավոր չէր, որ այս քննարկումը ծավալվեր զուտ տեսական խնդիրների շուրջ:

Նախ Հանրային ռադիոյի մեկնաբան Թաթուլ Հակոբյանը, որը նաեւ «Ուրբաթ» մամուլի ակումբի բաժնետերերից է, իր զեկուցման ընթացքում մի օրինակ նշեց՝ ցույց տալու մեր «գործիչների նվիրումը ժողովրդավարությանը եւ խոսքի ազատությանը»: Պատմեց, որ պայմանավորվածություն ունեին Պարույր Հայրիկյանի հետ, որոշել էին «Ուրբաթ» ակումբում նշել «Անկախություն» թերթի 20-ամյակը: Սակայն հետո պրն Հայրիկյանը հրաժարվել էր, պատճառաբանելով, թե միեւնույն է՝ հեռուստաընկերությունները չեն գալու մամուլի ակումբ. «Բայց հետո զարմանալիորեն այդ միջոցառումն անցկացրեց «Ազգային միաբանության» գրասենյակում… Ինձ թվում է, ազատությանը նվիրված մարդը պետք է հենց մամուլի ակումբներո՛ւմ աներ եւ ցույց տար, որ այժմ էլ է պայքարում ազատության համար»: Լրագրողը շտապում էր Վարդան Օսկանյանի ասուլիսին, եւ արդեն նրա բացակայությամբ՝ ԱԻՄ-ի ներկայացուցիչ Հակոբ Յումուշադյանը ներկայացված փաստին հակադարձեց որակումներով. «Նա այս պահին ցույց տվեց բոլշեւիկյան գործելաոճի տիպիկ օրինակ՝ ասաց, կրակեց ու թողեց գնաց»: Գործընկերոջը պաշտպանեց «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը, հարցնելով՝ եթե չեն լուսաբանում, ուրեմն պիտի չմասնակցե՞ր: Համանման մի օրինակ էլ ինքը բերեց, որն արդեն վերաբերում էր ՕԵԿ նախագահին:

Առավել թեժ քննարկում ծավալվեց հոկտեմբերի 23-ի իրադարձություններին հեռուստաընկերությունների անդրադարձի, ավելի ստույգ՝ չանդրադարձի կապակցությամբ: Քննարկման բազմաթիվ մասնակիցներ առնվազն արտառոց համարեցին այն փաստը, որ բացի «Երկիր Մեդիա» եւ «Գալա» հեռուստաընկերություններից (վերջինս «Ա1+»-ի կայքէջի տեսանյութերն այդ գիշեր Կենտրոնի ոստիկանության առջեւ կատարված դեպքերի մասին ցուցադրել է իր եթերում)՝ բոլոր հեռուստաընկերությունները լռեցին թերթերի գլխավոր խմբագիրների ու կուսակցությունների ղեկավարների ծեծելու ու բերման ենթարկելու մասին: Սակայն հաջորդ օրը եթեր հաղորդեցին միջադեպի մասին ոստիկանության ներկայացուցիչների պարզաբանումները:

Այս փաստը «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն այսպես մեկնաբանեց, թե լրատվամիջոց կոչվողների բացարձակ մեծամասնությունն իրականում քարոզչամիջոցներ են: Իսկ ՀՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Զաքարյանը նկատեց. «Թույլ տանք, լրատվամիջոցն ինքը որոշի՝ ինչ է իր օրվա օրակարգ մտցնում եւ ինչ չի մտցնում»: Նկատառմանն արձագանքեց Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը. «Ճիշտ է, թույլ տանք: Ուրեմն՝ Վիկտոր Սողոմոնյանին ասեք, որ չզանգի հեռուստատեսություն: Գեւորգյան Արմենին ասեք՝ չզանգի հեռուստատեսություն: Ձեր մամուլի խոսնակին ասեք, որ չզանգի՝ ասի, էսինչը պիտի ցույց տաք, էնինչը ցույց չտաք: Թող թույլ տան՝ հեռուստատեսությունն ինքը ցույց տա: Եվ թող Ամալյանն էլ չկանչի «Գալայի» տնօրենին»: Արտակ Զաքարյանի մի պնդմանն էլ, թե ՀՀԿ-ն չունի հեռուստաընկերություն կամ որեւէ լրատվամիջոց՝ հակադրվեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը՝ նշելով. «Բոլոր հեռուստաընկերություններն էլ ձե՛րն են»:

Քննարկմանը հրավիրել էին գրեթե բոլոր հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին, բայց ներկա էր միայն «Կենտրոնի» «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանը, որը կարծիք հայտնեց, թե հասարակությունը պատրաստ չէ պաշտպանել ԶԼՄ-ներին. «Եթե պատրաստ չեք, արժե՞ դատավորի կեցվածք ընդունել ու դատապարտել, երբ դուք միշտ այդ պաշտպանության հարցով պարտվում եք: Դա բոլորիս պարտությունն է, իհարկե: Բայց ԶԼՄ-ն այնքան է անկախ լինելու, որքան հասարակությունը պատրաստ է պայքարել այդ անկախության համար: Հիմա՝ այնքան ենք մենք աշխատում, ինչքան դուք պատրաստ եք մեր իրավունքները պաշտպանել»:

«Իզուր մի լացեք՝ իշխանությունն անելու է այն, ինչ ինքը կարող է մարսել: Եթե դուք ի զորու լինեք ձեռքը բռնել՝ ինքը չի անի դա»,- սա էլ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Պեպանյանի դիտարկումն էր:

Նշենք, որ քննադատության առարկա էին ոչ միայն իշխանական ԶԼՄ-ները: Պետրոս Ղազարյանը հիշատակեց թերթերից մեկում նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի մասին նյութի խորագիրը՝ «գեյ պարադ», ու հարցրեց. «Այն, որ «գեյ» բառը լիբերալ թերթն օգտագործում է որպես քֆուր, դա ի՞նչ է՝ խոսքի ազատության համար պայքա՞ր, մարդու իրավունքների հարգո՞ւմ»: «Դա ինքնապաշտպանական ջղաձգություն է»,- պատասխանեց Արտակ Զեյնալյանը: ՀԱԱԿ ներկայացուցիչ Էդուարդ Անտինյանն էլ հիշեց, թե քանի անգամ է մեկ այլ թերթ Ստեփան Դեմիրճյանին կիսամերկ պատկերել «Էջեր Մոզամբիկի պատմությունից» իր շարքում եւ նշեց. «Գոնե ընդդիմադիր թերթ ունենայինք: Այդտեղ էլ է խիստ նեղ: Վաղը Ստեփան Դեմիրճյանը չպաշտպանի Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ նորից կտկլորեն, կգցեն Մոզամբիկ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել