Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեկնարկում՝ մեկ կորուստ

Հոկտեմբեր 25,2007 00:00

Չիկագոյում մեկնարկեց սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ խաղարկվում են նաեւ 2008 թվականի օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Եկող տարի Պեկին մեկնելու իրավունքի համար մասնակիցներին անհրաժեշտ է իրենց քաշային կարգերում մտնել առաջին ութնյակ: Միայն 91 եւ +91 կգ-ներում է, որ ուղեգիր տալիս է լավագույն քառյակը: Հայաստանն այս քաշային կարգերում ներկայացուցիչ չունի:

Աշխարհի առաջնությունն սկսվեց 54 եւ 64 կիլոգրամ քաշայինների պայքարով, որտեղ մեր հանրապետությունը ներկայացնում էին, համապատասխանաբար, Վաչագան Ավագյանն ու Էդուարդ Համբարձումյանը: Վաչագանը, որ վերջին պահին էր ընդգրկվել հավաքական (հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը 54 կգ քաշային կարգում մեր թիմի թիվ 1 բռնցքամարտիկ Գաբրիել Տոլմաջյանին մուտքի վիզա չէր տվել, որի պատճառով մինչ այդ 51 կգ քաշային կարգում հանդես եկող Վ. Ավագյանը ստիպված էր եղել շտապ կարգով անձնական քաշը բարձրացնել), մեկնարկային գոտեմարտում միավորների 12:20 տարբերությամբ զիջեց կորեացի Սուն-Չուլ Հանին եւ դուրս մնաց հետագա պայքարից: Դրա փոխարեն Էդուարդ Համբարձումյանի առավելությունը Բահամյան կղզիների ներկայացուցիչ Կարլ Հիելդի նկատմամբ այնքան շոշափելի էր, որ մարտն ավարտվեց արդեն 3-րդ ռաունդում:

Երեկ 57 կգ քաշայինների պայքարում Ազատ Հովհաննիսյանն ուժերը պետք է չափեր եգիպտոսցի Մոհամեդ Էլիվայի, իսկ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ)՝ շվեդ Նաիմ Տերբունյայի հետ: Մեր մյուս բռնցքամարտիկների մասնակցության օրերն են:

Հոկտեմբերի 25

51 կգ. Դերենիկ Գիժլարյան-Խալիդ Սաիդ (Անգլիա):

60 կգ. Հրաչիկ Ջավախյան-Ալվարս Ռոմանոցսկի (Լատվիա):

Հոկտեմբերի 28

48 կգ. Հովհաննես Դանիելյան-Աարոն Կումբերբաշ (Տրինիդադ եւ Տոբագո):

81 կգ. Ցոլակ Անանիկյան-Բահրամ Մուզաֆեր (Թուրքիա):

Ինչ վերաբերում է Էդուարդ Համբարձումյանին, նա իր երկրորդ մարտն անցկացնելու է վաղը եւ ուժերը չափելու է Լիտվայի ներկայացուցիչ Էգիդիուս Կավալյաուսկասի հետ, որն իր հերթին պայքարից դուրս է թողել չեխ Զդենեկ Խլադեկին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել