Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«$10000-ի համար կաղավաղեին էրեբունին»

Հոկտեմբեր 25,2007 00:00

էրեբունի թանգարանի նորանշանակ տնօրեն Աշոտ Փիլիպոսյանի եւ ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը չի կայացել:

«Հայացք» ակումբի երեկվա հյուրը Էրեբունի թանգարանի նորանշանակ տնօրեն Աշոտ Փիլիպոսյանն էր, թեման՝ թանգարանում սկսված վերանորոգման աշխատանքների դադարեցումը: Ըստ Ա. Փիլիպոսյանի, ժամանակին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը խոստացել էր աջակցել էրեբունի ամրոցի կենտրոնում գտնվող Սուսի տաճարի վերանորոգման աշխատանքներին: «Ամրոցը պահպանության խնդիր ունի եւ այն պայմանավորված է մի քանի գործոններով՝ մեր ընդհանուր զարգացածության մակարդակով, խնդրի հանդեպ բնակչության վերաբերմունքով, որովհետեւ հուշարձանի պահպանությունը միայն բաժակաճառերով չի լուծվում, ինչպես նաեւ հանրապետության իրավիճակով ու կոնկրետ անհատներով: Ինչ վերաբերում է ամերիկյան ծրագրին, ապա 1,5 տարի առաջ պայմանագիր էր կնքվել դեսպանատան ու նախկին տնօրենի միջեւ, որի հիման վրա պետք է վերականգնվեր Սուսի տաճարը: Թեեւ ընդամենը 2 ամսվա տնօրեն եմ, բայց գործի մասնագետն եմ: Փաստեմ, որ ինձ զարմացրել է ամերիկացիների ներկայացրած նախագիծը: Պեղումների ժամանակ անգամ Սուսիի հուշարձանի տանիքը չի բացվել, մինչդեռ, ըստ ամերիկացիների նախագծի, ոչ միայն պատերը պիտի վերանորոգվեին, այլեւ նոր տանիք ավելացվեր, ինչն անթույլատրելի է: Վերանորոգելուց առաջ նախ պիտի հուշարձանների հին լուսանկարներն ուսումնասիրել, հետո ինչ-որ բան ձեռնարկել: Ու քանի որ առաջարկվեց մեկ այլ նախագիծ, ԱՄՆ դեսպանատունը կասեցրեց աշխատանքների ֆինանսավորումը, որոնք պիտի կատարվեին նախկին տնօրենի հետ կնքված պայմանագրի արդյունքում»,- ասաց էրեբունի թանգարանի ներկայիս տնօրենը:

Ա. Փիլիպոսյանը շեշտեց. «Գտնում եմ, որ ավելի լավ է ամերիկյան կողմը նախատեսված տասը հազար դոլարը չտա, քան սխալ բան կառուցի: Առաջին նախագծի կազմմանը մասնակցել էր ոչ միայն նախկին տնօրեն Սուրեն Մալխասյանը, այլեւ ճարտարապետներ, որոնք երբեւէ չէին զբաղվել Ուրարտական շրջանի հուշարձանների վերականգնմամբ ու մասնակցել պեղումներին կամ չափագրումներին: Ավելի լավ է հուշարձանը մնա այն տեսքով ինչպես հիմա է, քան թե ծիծաղի առարկա դառնա մեր հարեւանների աչքին»:

Ա. Փիլիպոսյանը նաեւ հայտնեց, որ ինքը նախկինում՝ 1982-1988թթ., եւս եղել է Էրեբունի թանգարանի տնօրեն. «Ինձ տնօրենի պաշտոնը չի հրապուրում: Ցանկանում եմ թանգարանի հիմքի վրա ստեղծել Ուրարտագիտական հետազոտությունների կենտրոն, ինչը ժամանակին փորձել է իրականացնել Հուշարձանների պահպանության վարչության պետ Լավրենտի Բարսեղյանը: Ունենք բարձրակարգ մասնագետներ, որոնց կարելի է միավորել: Ես կապվել եմ թանգարանի լուսահոգի ճարտարապետ Շմավոն Ազատյանի որդու հետ: Պրն Ազատյանը նախագծել էր թանգարանի հետագա վերակառուցման ու ընդլայնման նախագիծը: Խնդրել եմ նրա որդուն՝ Ռուբեն Ազատյանին, որպեսզի ըստ հոր նախագծերի աշխատենք ու համատեղ ստեղծենք այդ կենտրոնը»: Նա նաեւ ասաց, որ այժմ էրեբունի թանգարան հաճախում է տարեկան 6000 այցելու, հիմնականում՝ արտասահմանցիներ ու դպրոցականներ: Նրա համոզմամբ, չի կարելի մարդկանց ստիպողաբար թանգարան բերել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել