Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատապարտյալները՝ առանց համակարգիչների

Հոկտեմբեր 25,2007 00:00

Անհավասարության վառ օրինակ

Դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլում, մասնավորապես՝ 2002-ից հետո, դատական համակարգն ամբողջությամբ զինվեց համակարգիչներով, դատական նիստերը տեսաձայնագրվեցին (թեեւ կան դատարաններ, որոնք պապենական սղագրությունից դեռ չեն հրաժարվել- Ռ.Մ.): Բազմահատոր գործի նյութերին ծանոթանալուց հետո, կողմերը (նկատի ունենք ազատության մեջ գտնվողներին-Ռ.Մ.) հնարավորություն ունեին համակարգչի միջոցով ճշտել դատական նիստերի ժամանակացույցը, ծանոթանալ եվրոպական երկրների նախադեպային որոշումների հետ, միջազգային փաստաթղթերին, տեղական օրենսդրությանը, քաղվածքներ անել, աշխատել հնարավոր միջնորդությունների վրա: «Սակայն որեւէ մեկի մտքով չանցավ, որպեսզի համակարգիչներ տրամադրեին մեզ՝ դատապարտյալներիս, որոնց բողոքները այսօր գտնվում են վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններում եւ, ըստ էության, մեր նկատմամբ կայացրած դատավճիռներն էլ օրինական ուժի մեջ չեն մտել»,- գրում է «Առավոտին» ուղարկած իր նամակում դատապարտյալ Ս.Մ.-ն: Նամակագիրը տեղեկացնում է, որ իր նկատմամբ հարուցված քրգործի նյութերը կազմել են 15 հատոր: Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել էր 12 տարվա ազատազրկման: Դատավճիռը բողոքարկելուն նրան մնացել է հաշված օրեր, սակայն խտրականություն է դրվել իր եւ մեղադրանքը պաշտպանած մեղադրողի, դատավճիռը կայացրած դատարանի միջեւ: Դատապարտյալի խնդրանքին՝ վերաքննիչ բողոքին նախապատրաստելու համար տրամադրել իրեն համակարգիչ, մերժվել է այն պարզ պատճառաբանությամբ, թե ազատազրկման վայրում ընդհանրապես համակարգիչ չկա:

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում էլ նույնպիսի վիճակ է: Այդ հիմնարկի դատապարտյալ կանանցից մեկը թերթին փոխանցել էր, թե ձեռագիր վիճակով ի վիճակի չէ նախապատրաստել իր վերաքննիչ բողոքը: Ավելին, համակարգչի միջոցով նա կարող էր իր գործի ամբողջ նյութերը ողջ ծավալով ձեռքի տակ ունենալ: Սակայն այստեղ էլ համակարգիչ չկա, ինչպես «Վարդաշենում», «Նուբարաշենում», առհասարակ՝ ողջ քրեակատարողական հիմնարկներում: Դատապարտյալները մեզ հաճախ են դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց առաջ: Ըստ նրանց, չկա որեւէ հնարավորություն Եվրոպական դատարանի վճիռներին հետեւելու համար: Ուստի՝ Հայաստանի եվրոպական կառույցներին ինտեգրվելու փաստը նրանք համարում են «փուչ խոսակցություն»:

Մինչդեռ, ըստ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի, քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձն իրավունք ունի իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկանալ իրեն ներկայացված մեղադրանքի հիմքի մասին: Օրեր առաջ, ինչպես «Առավոտում» տեղեկացրեցինք, ազգությամբ ռուս Յուրի Վոլֆսոնին «Երեւան-Կենտրոն» մեկուսարանում հանձնեցին նրա նկատմամբ կայացրած հայերեն դատավճիռը: ԿԳԲ-ի նախկին մեկուսարանում էլ չկա համակարգիչ, որպեսզի Վոլֆսոնը նույնպես համակարգչային շարվածքով արված դատավճռի դեմ բողոք բերի: Դեռ ավելին, նրա դատավճիռը թարգմանում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել