Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ ՕՏԱՐՆԵՐԸ «ՓՈՐՁԱՐԿՎԵՑԻՆ»

Հոկտեմբեր 25,2007 00:00

\"\"Օտար լեզուների թեստերը ոմանց հեշտ են թվում, ոմանց՝ ոչ այնքան

Երեկ Երեւանի եւ Տավուշի մարզի մի շարք դպրոցների հինգ հարյուր 11-րդ դասարանցիներ մասնակցեցին օտար լեզուների՝ ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի եւ գերմաներենի թեստերի փորձարկմանը: ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Մանուկ Մկրտչյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ ընթացակարգային պահերի վրա ավելի քիչ են ուշադրություն դարձրել՝ կարեւորելով բովանդակայինը: «Այս փորձարկումները ցույց կտան, թե թեստերն ինչքանո՞վ են հնարավորություն տալիս օբյեկտիվորեն պարզաբանել աշակերտի իրական որակը, եւ արդյո՞ք չունեն ազդող հանգամանքներ, որոնք երեխային շեղում եւ հնարավորություն չեն տալիս ճիշտ կողմնորոշվել»,- ասաց նա: Պրն Մկրտչյանը նաեւ հավելեց, որ տարեվերջին՝ պետական ավարտական եւ միասնական քննությունների ժամանակ, միեւնույն դահլիճում կարող են լինել անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն եւ ռուսերեն հանձնողներ. «Մանավանդ առաջադրանքների սկզբունքները, բնույթը, անգամ դիզայնը բոլոր լեզուների առումով նույնն է: Հայոց եւ օտար լեզուների դեպքում էլ Ա մակարդակում կլինեն 50, իսկ Բ մակարդակում՝ 80 միավորանոց հանձնարարություններ»:

Երեկ այցելեցինք Արաբկիր համայնքի՝ Ռ. Սեւակի անվան թիվ 151 դպրոց, որտեղ հիսուն 11-րդ դասարանցի անգլերենի փորձարկմանն էր մասնակցում:

ԳԹԿ ավագ մասնագետ Միրցա Հալաջյանը հայտնեց, որ երեխաները շփոթված չեն, որովհետեւ նրանց նախապես ամեն ինչ բացատրվել է. «Նրանց տեղեկացրինք, որ իրենք օգնելու են մեզ, որպեսզի վերլուծություն անենք, թե ինչպիսին են թեստերի առաջադրանքները: Կարծում եմ՝ պատասխանատվության զգացումով կաշխատեն»:

Թիվ 151 դպրոցի տնօրեն Ջուլիետա Ղազարյանը փաստեց, որ սկզբում փոքրիկ լարվածություն, այնուամենայնիվ, եղել է. «Երեխաներին թվում էր, թե թեստերի արդյունքը պետք է իրենց գնահատականը լինի: Երբ ԳԹԿ ներկայացուցիչները բացատրեցին, որ պարզապես փորձարկում է գնում, իրենք հանգստացան: Ինձ թվում է, որ մի փոքր շտապել ենք նման աշխատանք տանելու համար, որովհետեւ դեռ չենք սկսել ծրագրային նյութի կրկնությունը: Մյուս կողմից լավ է՝ երեխաներն ավելի զգոն կլինեն»: Հետաքրքրվեցինք՝ լինելով անգլերենի մասնագետ՝ տնօրենը չի՞ միջամտի փորձարկմանը, տիկ. Ղազարյանը պատասխանեց. «Անգլերենի մասնագետ եմ, բայց չեմ օգնի որեւէ երեխայի: Այն տնօրենը տնօրեն չէ, որ միջամտում է քննություններին»: Փաստենք, որ այս դպրոցի 11-րդ դասարանցիների թվում կային մարզիկ-չեմպիոններ՝ Արմեն Դավթյան, Խաչիկ Ղազարյան, Տաթեւ Մամուլյան, որոնք առաջադրանքը արագ ավարտողների մեջ էին: Թիվ 151 դպրոցի սաները, պարզվեց, թեստերում տպագրական թերություն են գտել, որն իսկույն ֆիքսվել է քննության կազմակերպիչների կողմից:

Թիվ 151 դպրոցի աշակերտուհի Վիկտորյա Հարությունյանն «Առավոտին» ասաց, որ բոլոր առաջադրանքներն էլ իր համար հեշտ էին, քանի որ դպրոցական ծրագրից էին: Նույն կարծիքին էին նաեւ Ժիրայր Մխիթարյանն ու Անի Վարդանյանը: Ըստ մեկ այլ աշակերտի՝ Գեւորգ Քեհեյանի. «Առաջադրանքները հեշտ են պարապողի համար, չիմացողն ինչպե՞ս կգրի»: Խաչիկ Ղազարյանին որոշ բաներ շփոթեցրել էին, բայց ընդհանուր առմամբ թեստը հեշտ է թվացել:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 105 դպրոցում էլ հարյուր հիսուն 11-րդ դասարանցի ռուսերենից էր «փորձարկվում»: Ընդ որում, ոչ միայն վերոնշյալ դպրոցի, այլեւ թիվ 91, 113, 184, 176 եւ այլ դպրոցների աշակերտներ:

Թիվ 105 դպրոցի աշակերտուհի Սիրանուշ Վարդանյանի կարծիքով, եղել են ե՛ւ հեշտ, ե՛ւ դժվար առաջադրանքներ. «Մասնավորապես՝ Բ տարբերակը բավականին դժվար էր, մեկուկես ժամում ավարտեցի»: Գայանե Ջանիկյանն էլ ասաց, որ թեստում կային թեմաներ, որոնք դեռ չէին անցել դպրոցում:

Թիվ 113 դպրոցի ռուսերենի ուսուցչուհի Գոհար Մովսիսյանը նույնպես այդ փաստը շեշտեց. «Վախենում ենք, որ թեստում կլինեն հարցեր, որոնք դեռ չենք ուսումնասիրել: Օրինակ՝ Գորկի եւ Բրյուսով անցել ենք, իսկ Կուպրին կամ Եսենին՝ դեռ ոչ: Բա որ այդ թեմաներից հարցեր լինե՞ն»:

ԳԹԿ քննական առաջադրանքների մշակման եւ մեթոդական օժանդակության բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանը գոհ էր երեկվա փորձարկման ընթացքից եւ կազմակերպվածությունից: Նա տեղեկացրեց, որ աշակերտները միայն տեխնիկական բնույթի, օրինակ, փաստաթուղթը լրացնելու վերաբերյալ հարցեր են ունեցել:

Հ. Գ. Երբ առաջին անգամ միասնական քննություններ էին անցկացվում, շատերը թերահավատորեն էին վերաբերվում քննությունների նոր կարգի հաջողությանը: Նույնիսկ անեկդոտ էր ծնվել. «Ապարանցին գնում է թեստավորման կենտրոն….հղիության թեստ հանձնելու եւ «կտրվում» է…»: Այժմ փոխվել է այդ վերաբերմունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել