Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարգուկանո՞ն են հաստատել

Հոկտեմբեր 25,2007 00:00

Մոտ երկու ամիս առաջ Արաբկիրի թիվ 1 մարզադպրոցում կադրային փոփոխությունների անվան տակ մի շարք աշխատակիցներ կրճատվել են:

Նախկին աշխատակիցների պատմելով՝ նոր տնօրեն Աշոտ Ղարագյոզյանը, եկած-չեկած, առանց մարդկանց զգուշացնելու գործից ազատել է, ոմանց էլ ստիպել է աշխատանքից ազատվել սեփական դիմումի համաձայն, ընդ որում, ազատման դիմումների մի մասը, ըստ կրճատված աշխատակիցների, եղել է առանց ամիս-ամսաթվի: «Ես արձակուրդում էի, ինձ գործից հեռացրեց, իմանալով հեռացման մասին՝ աշխատանքային գրքույկս պահանջեցի, սակայն մերժեցին տրամադրել, պատճառաբանելով, որ մինչեւ չկնքեն՝ չեն տա»,- «Առավոտին» դժգոհեց մարզադպրոցի նախկին աշխատակից Անժելա Բեկջանյանը: Մարզադպրոցից հեռացված հաշվապահի ներկայացմամբ էլ՝ «Պետական դպրոցը դարձրել են իրենց սեփականությունը, ինչ ուզում՝ անում են: Օգոստոսին Աշոտն եկավ ու հայտարարեց, որ թաղապետարանի հրահանգով գործավարին ու հաշվապահին պիտի ազատի: Ինձ էլ են ստիպել դիմում գրել: Դեռ մի բան էլ հոխորտաց, թե՝ գոհ եղիր, որ քեզ ազատում եմ քո դիմումի համաձայն»: Հաշվապահի խոսքերով, առանց հիմնավորումների հեռացվել է նաեւ հանդերձապահուհին. «Այն էլ այնպիսի հոդվածով, որ նա ուրիշ տեղ էլ չի կարող աշխատանք գտնել: Ջահել, խելոք աղջիկ է, նորմալ աշխատում էր: Կադրային փոփոխությունների անվան տակ երիտասարդ մասնագետներին հեռացրել է, նրանց փոխարեն 68, 62 տարեկան մարզիչներ է ընդունել, նոր հաստիքներ է բացել, որոնք դպրոցի ամբողջ գոյության ընթացքում չեն եղել: 80 թվականից բասկետբոլի պրոֆեսիոնալ մարզիչ կար, էդ մարդուն էլ հեռացրին, խեղճ պահակին ու տնտեսվարին էլ ազատեցին»: Հաշվապահի խոսքերով, սպորտդպրոցի մեթոդիստը՝ Կարինե Վահրադյանը, տնօրինությանը ստիպել է նոր հաստիք բացել եւ իրեն նշանակել ֆինանսական գծով տնօրեն. «Նախկին տնօրեն Զոհրաբ Զոհրաբյանը դպրոցին տրենաժորներ նվիրեց, էլի էրեխեքի համար, որ անվճար օգտվեն, իսկ իրենք դարձրին վճարովի ու բյուջեն ոչ մի կոպեկ չէր մտնում»:

Այս առնչությամբ, մարզադպրոցի նախկին ուսմասվար Մարիետա Ղարագյոզյանը, որը տնօրեն Աշոտ Ղարագյոզյանի քույրն է, «Առավոտի» հետ զրույցում հերքեց, թե դպրոցում՝ իրենց ղեկավարման օրոք, վճարովի խմբեր են եղել. «Մենք եկանք՝ արդեն վճարովի խմբեր կային, օրինակ՝ գեղարվեստական մարմնամարզության խումբ հաճախելու համար երեխաներից ամսական 5000 դրամ էին պահանջում: Երբ ես եւ եղբայրս եկանք դպրոց, մեզ թաղապետարանից հրահանգել էին կարգուկանոն սահմանել: Մենք վերացրինք վճարովի խմբերը, բոլոր մարզիչներից պարտավորագիր ենք վերցրել, որ պետք է պարապեն անվճար: Իսկ մարզադահլիճ այցելելու գումարները հավաքում էր հենց Աննան՝ հանդերձապահուհին: Դպրոցի ֆինանսական մասի համար պատասխանատուն Կարինեն էր»: Նրա ներկայացմամբ, միայն Ա. Բեկջանյանին են անօրինական հեռացրել, այն էլ, մինչ հեռացնելը, նրան բանավոր մի քանի անգամ շգուշացում են արել՝ դպրոցում կարգուկանոն չպահպանելու համար, իսկ մյուսները հեռացել են իրենց դիմումի համաձայն. «Բասկետբոլի մարզիչ Արեգը 1,5 դրույքով էր աշխատում, մենք առաջարկեցինք 1 դրույք, ինքը հրաժարվեց՝ ասելով, թե իրան չի դզում էս դպրոցը ու դիմում գրեց»: Ըստ նրա, տնտեսվարն էլ է իր դիմումի հիման վրա աշխատանքից դուրս եկել, բայց քանի որ «նա խմող էր՝ նկատողություն է ստացել»: Սա «Առավոտին» հաստատեցին նաեւ սպորտդպրոցում: Նախկին հաշվապահի այն պնդումներին, թե մարզասարքերի վրա պարապմունքները Ղարագյոզյաններն են դարձրել վճարովի, այդ մարզադահլիճի մարզիչի ներկայացմամբ՝ «այս տրենաժորները հենց բերման օրվանից վճարովի են եղել»:

Այս առնչությամբ Արաբկիրի թաղապետարանից էլ հաստատեցին, որ մարզադպրոցում իսկապես եղել են անհիմն կրճատումներ. «Անժելա Բեկջանյանի հարցում թույլ է տրվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքի» 114-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջի խախտում (հերթական արձակուրդում գտնված ժամանակ աշխատանքից ազատում)»: Նրան թաղապետարանը վերականգնել է աշխատանքի: Մեր տեղեկություններով՝ թիվ 1 մարզադպրոցում, նախկին տնօրեն Գաբրիել Ղազարյանի օրոք, թաղապետարանը աուդիտ է անցկացրել եւ որոշ խախտումներ է հայտնաբերվել: Օրինակ, հաստիքացուցակում եղել են գրանցված մի քանի աշխատակիցներ, որոնք անգամ դպրոց չեն էլ ներկայացել, բայց աշխատավարձ ստացել են: Թաղապետարանից նաեւ հայտնեցին, որ մարզադպրոցում կադրային փոփոխություններ նախաձեռնած Մարիետա եւ Աշոտ Ղարագյոզյաններին տեղափոխել են այլ մարզադպրոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել