Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՏՈՒՆՍ ԿԱՌՆԵՆ ՄԻԱՅՆ ԻՄ ԴԻԱԿԻ ՎՐԱՅՈՎ»

Հոկտեմբեր 25,2007 00:00

\"\"Իսակովի պողոտայի բնակիչները երդվում են, որ իրենց տներից դուրս չեն գա

Հանուն պետական շահի, Իսակովի պողոտան էլ ընդգրկվեց իրացման գոտու շարքերը: Վերջերս կառավարությունը որոշում ընդունեց, որ այս պողոտան «Զվարթնոց» օդանավակայանը Երեւանին կապող ճանապարհներից է ու զբոսաշրջիկներն էլ առաջին տպավորությունը հենց այստեղից են ստանում, ուստի այն պետք է բարեկարգել: Հին շենքերն ու շինությունները պետք է փոխարինվեն նորերով: Քանի որ այս տարածքում հիմնականում սեփական առանձնատներ են, ու ընդհանուր առմամբ պողոտայի բնակեցված հատվածներն ավելի շուտ հիշեցնում են գյուղական միջավայր, Երեւանի քաղաքապետարանը նախագծել է Իսակովի պողոտայի ամբողջ երկայնքով հանգստյան, զվարճանքի օբյեկտներ եւ ժամանակակից շենքեր կառուցել, որպեսզի այդ տարածքը դառնա իսկական բիզնես-կենտրոն:

Թեեւ նախատեսված է, որ բարեկարգված տարածքում բնակելի շենքեր պետք է կառուցվեն, որ տարածքի բնակիչներին ապահովեն բնակարաններով, այնուամենայնիվ, Իսակովի պողոտայի բնակիչները, աչքի առաջ ունենալով կենտրոնի իրացված տարածքների բնակիչների վիճակը, ոչ մի պայմանով չեն ուզում զիջել իրենց պապենական տները:

Տիրուհի Իքիզյանն արդեն 48 տարի ապրում է թիվ 63 տանը՝ որդու հետ։ Նա «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ որդին 3 տարեկան է եղել՝ ամուսինը մահացել է. «Դրանից հետո մահացավ սկեսրայրս, հետո սկեսուրս, մնացինք երկուսով։ Ոչ մի տեղ չունեմ գնալու, այստեղ եմ ծնվել, մանկությունս էլ է այստեղ անցել, չեմ պատկերացնում, որ այլ տեղ կարելի է ապրել։ Թեկուզ եթե տանս համար փոխհատուցման կարգով տան անհրաժեշտ գումար, ես էլի չեմ համաձայնի այլ տեղ ապրել։ Եթե անգամ այդ նոր կառուցվելիք շենքում ինձ հարմար բնակարան հատկացնեն՝ էլի չեմ ուզում, ուզում եմ հանգիստ իմ տանն ապրել։ Ես սեփական տուն եմ սիրում, ունեմ իմը, այնտեղ էլ ապրել եմ։ Ով ուզում է գա՝ չեմ զիջի»։

Բնակիչներն արդեն տեղյակ էին, որ իրենք ստիպված են դուրս գալ իրենց բնակարաններից, քանի որ տարածքը հայտարարվել է իրացման գոտի, սակայն նրանց խոսքերով՝ «դա լուրջ չէինք ընդունում, մտածում էինք՝ բակային կարգի խոսակցություններ են»:

Իսակովի պողոտայի թիվ 1 շենքի բնակիչ Ամալյա Սիմոնյանն իր տան մի մասը մթերային խանութ է դարձրել, մնացած սենյակներն էլ վերանորոգել է ու այնտեղ բնակվում են ընտանիքի 4 անդամներով: Նա պատմեց, որ 18 տարի առաջ է այդ թաղամաս հարս եկել. «Բայց ամուսնուս ծնողները շատ երկար տարիներ են այստեղ ապրել։ Հիմա պետք է մեր պապենական ու սեփականաշնորհած տունը չնչին գումարի դիմաց հանձնե՞նք»։

Չնայած տարածքի շենքերը հին են, բնակիչներն իրենց միջոցներով վերանորոգել են շենքի պատերն ու իրենց բնակարանները։ Նրանք իրենց տան պատուհաններից բղավում էին. «Հազարավոր դոլարներ ենք ծախսել, իրենք միայն տարածքի համար են փոխհատուցելու, մեր ծախսերը, ռեմոնտը հաշվի չեն առնելու»։ Թիվ 7 շենքի բնակիչներից մեկի խոսքերով՝ «Մեր շենքը վթարային է, ես էլ մի քանի տարի առաջ եմ այստեղ տուն գնել։ Ամբողջ շենքի տակով կանալիզացիայի ջրեր են գնում, անտանելի հոտ է գալիս։ Արդեն շենքը թեքվել է, դիմել ենք տարբեր տեղեր՝ թաղապետարան, քաղաքապետարան, դեռ պատասխան չենք ստացել։ Հիմա էլ ուզում են գան՝ մեր փլված տները ձեռքներիցս առնե՞ն։ Լավ կյանքից չենք եկել ծայրամասում ապրելու»։

Երբ ներկայանում էի որպես լրագրող եւ հետաքրքրվում՝ պատրաստվո՞ւմ են զիջել իրենց բնակարանները, թե՝ ոչ, բնակիչները միանգամից հարձակվում էին՝ կասկածելով, թե քաղաքապետարանի կամ կառավարության «շպիոններից» եմ:

«Յա՜, բարով եկաք։ Մենք մեր տներից դուրս եկողը չենք։ Ոնց Հյուսիսային պողոտայի բնակիչներին խաբեցիք, մեզ էլ եք ըտենց ուզում անե՞լ։ Ձեր գրոշները ձեզ պահեք, մենք մի կերպ կապրենք: Բոլորս էլ սեփականության վկայական ունենք»,- այսպես դիմավորեցին ինձ տարածքի բնակիչները: Թիվ 3 շենքի բնակիչ Լուիզա Անանյանն ամենավճռականն էր տրամադրված. «Միայն իմ դիակի վրայով տունս ձեռքիցս կառնեն։ Էդ ո՞վ է գժվել իր սեփական տունը հոժար կամքով հանձնի»։ 53 տան բնակիչ Հռիփսիմե Դավթյանն էլ ասաց, որ միայն մի պայմանով իր տնից դուրս կգա. «Եթե իմ սեփական տան փոխարեն ինձ տան 3 կամ 4 բնակարան»: Իսակով պողոտայի 43 հասցեում Եղոյանները սեփական հողի վրա մթերային խանութ են կառուցել: Սեփականատեր Արմեն Եղոյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենք այդ տարածքում հող են գնել դեռեւս 1996-ին. «Այն ժամանակվանից մինչեւ հիմա տեղյակ չէի, որ սա իրացման գոտի է, որ իմանայի՝ չէի գնի»:

Իսակովի պողոտայի բնակիչները վստահեցնում էին, որ իրենց տներից դուրս չեն գալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել