Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքական ուժերը դատապարտում են

Հոկտեմբեր 25,2007 00:00

Խորհրդարանական քաղաքական ուժերը՝ իշխանական, թե ընդդիմադիր, երեկ միաձայն դատապարտեցին հոկտեմբերի 23-ին տեղի ունեցածը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը լրագրողներին երեկ հայտնել էր. «Եթե երթի մասնակիցները գործել են Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում, ապա ես անթույլատրելի եմ համարում կատարվածը, իսկ իրավապահները դեռ պետք է մեկնաբանեն` երթը օրենքի շրջանակո՞ւմ է եղել, թե՞ ոչ, դա արդեն քաղաքական գործիչների խնդիրը չէ»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը եւս դատապարտելով կատարվածը՝ ասաց. «Կատարվածը մեզ հիշեցնում է այն, ինչ տեղի է ունեցել մեզ հետ տարիներ առաջ: Մենք դատապարտում ենք, անշուշտ դատապարտում ենք, նույնիսկ անկախ նրանից, թե հրահրողը որ կողմն է եղել»: ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւս դատապարտեց կատարվածը. «Ինձ համար դատապարտելի է լրագրողի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, լինի դա Հովհաննես Գալաջյանը, Ռուզան Մինասյանը, Նիկոլ Փաշինյանը, թե Շողեր Մաթեւոսյանը: Ինչ վերաբերում է երեկվա միջադեպին, ապա եթե ցուցարարների գործողությունները եղել են օրենքի ու Սահմանադրության շրջանակներում եւ նրանց նկատմամբ կիրառվել է բռնություն, դա դատապարտելի է»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ԱԺ ամբիոնից օրենքի քննարկման ժամանակ անդրադարձավ նաեւ նախորդ օրվա դեպքերին եւ հայտարարեց, որ կատարվածը իր կարծիքով ձեռնտու չէ գործադիր մարմնին, եւ կառավարությունը կատարվածի հետ կապ չի կարող ունենալ: Ըստ պատգամավորի, դեպքերը հրահրվել են նախագահականից. «Ես համոզմունք ունեմ, որ դրանք չեն եղել գործադիր մարմնի կողմից հրահրված, այլ՝ նախագահական թեւի կողմից հրահրված»:

«Կուսակցությունը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ շարունակում է դատապարտել ազատ խոսքի արտահայտման եւ տեղեկատվության տարածման սահմանափակման ցանկացած փորձ, որն արտահայտվում է այլընտրանքային տեսակետների նկատմամբ անհանդուրժողականությամբ»: Այս մասին ասված է «Օրինաց երկիր» կուսակցության հոկտեմբերի 24-ի հայտարարությունում, որն ընդունվել է իրավապահ մարմինների կողմից «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչների՝ նախօրեին կազմակերպած երթի կասեցման կապակցությամբ: «Բախման մանրամասներին չտիրապետելու պատճառաբանությամբ առայժմ ձեռնպահ մնալով իրավական գնահատականներից, եւս մեկ անգամ անթույլատրելի ենք համարում ժողովրդավարությանն անհարիր նման դրսեւորումները»,- ասված է ՕԵԿ-ի հայտարարությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել