Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

Հոկտեմբեր 25,2007 00:00

\"\"Խոսքը մենտալիտետի հեղափոխության մասին է

«Հստակ է, որ կա հրահանգ, եւ ոստիկանները կատարում են այդ հրահանգը: Նրանց մեծ մասը դա չի էլ թաքցնում եւ զզվանքով են կատարում: Ոստիկանները նույնպես ՀՀ քաղաքացիներ են եւ նրանք նույնպես տեսնում են թե երկրի վիճակը, թե ապօրինությունների ահագնացող ալիքը, որը խեղդում է բոլորիս: Մենք գործ ունենք իշխանությունների ապօրինությունների հետ, որոնք օր օրի ավելի են լկտիանում եւ գնում են այլանդակ քայլերի»,- նախորդ օրը տեղի ունեցած ձերբակալությունների մասին «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը: Մեր զրուցակիցը չի կարծում, որ այսօրինակ գործելաոճով իշխանությունները «հաջողության» կհասնեն եւ կտապալեն 26-ի հանրահավաքը: Ավելին՝ «Հակառակ ազդեցությունը կլինի, եւ հանրահավաքը կլինի շատ ավելի մարդաշատ, քան իրենք կուզեին: Եթե տեղ մնացել է՝ ավելի կբարձրանա իշխանության նկատմամբ ժողովրդի զզվածության աստիճանը»,- ասում է պարոն Ռուբինյանը:

«Կարծում եմ, որ հայ հասարակության բացարձակ մեծամասնություն կազմող առողջ մասը Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադառնալով վերջապես հնարավորություն է ստանում ազատել երկիրը հանցագործներից»,- ողջունելով Տեր-Պետրոսյանի վերադարձը մեծ քաղաքականություն՝ ասում է մեր զրուցակիցը: Անդրադառնալով այս իշխանություններից ազատվելու նախորդ փորձերին՝ ԱԺ նախկին փոխխոսնակը ընդգծում է, որ օժանդակություն էր ստանում ցանկացած գործիչ, ով ռեժիմին հեռացնելու քիչ թե շատ ունակություն ունի. «Ասենք, Ստեփան Դեմիրճյանի դեպքում, շատերը՝ այդ թվում եւ ես, որ նրա երկրպագուն չէի, գնում էինք՝ միայն թե ազատվենք ռեժիմից: Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում ես կրկնակի սպասումներ ունեմ. կարծում եմ, որ հաշվի առնելով նախորդ փորձը՝ թե դրական, թե բացասական, երկիրը նոր շանս կստանա ժողովրդավարության ուղով գնալու»: Նկատեցինք, որ դաշտում շատ թե քիչ կշիռ ունեցող բոլոր քաղաքական գործիչները Տեր-Պետրոսյանից ծրագրային ելույթ եւ անցյալի սխալների համար ներողության հայցում են ակնկալում: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ եք կարծում, պե՞տք է, որ առաջին նախագահը ներողություն խնդրի: «Օբյեկտիվ անդրադարձը նախկին գործողություններին՝ առանց ներողության էլ բավական կլինի: Եթե ժողովուրդը տեսնի, որ ճիշտ գնահատականներ են տրվում նախկինում կատարված որոշ գործողությունների՝ հույս կներշնչի, եւ երկիրը նորացման կգնա»,- ասում է Կարապետ Ռուբինյանը՝ շատ ավելի կարեւորելով, թե ինչ կառաջարկվի հասարակությանը, ինչ խնդիրներ կդրվեն եւ որքանով դրանք իրատեսական կլինեն: Հանրահավաքից առաջ մեր զրուցակցի ցանկությունն է, որպեսզի Տեր-Պետրոսյանի կողմից ներկայացվի «հեղափոխության» ծրագիր, քանզի՝ «Ընտրությունների միջոցով ես իշխանափոխություն չեմ տեսնում այս ռեժիմի օրոք: Ընտրությունները միայն կարող են արձանագրել արդեն կայացած փոփոխությունը՝ հանցավոր իշխանության ձեռքից քայլ առ քայլ պիտի վերանան նրանց բոլոր լծակները եւ անցնեն ընդդիմության բուրգի ձեռքը: Սա, իհարկե, ժողովրդավարություն չէ: Սա ուղղակի ճանապարհ է բռնապետությունից ժողովրդավարության անցնելու: Ժողովրդավարական, ըստ իս, կլինեն դրան հաջորդող ընտրությունները, եթե նոր իշխանություններն իսկապես գնան ժողովրդավարական ճանապարհով»: «Առավոտի» դիտարկմանը՝ պարադոքս չէ՞, արդյոք, 1988-ի ՀՀՇ-ն ժողովրդավարական ճանապարհով իշխանությունը վերցրեց, հետո, ինչպես կյանքը ցույց տվեց, այդքան էլ ժողովրդավարական ուղով չգնաց. հիմա դուք առաջարկում եք հեղափոխությամբ վերցնել իշխանությունը՝ դեպի ժողովրդավարություն գնալու համա՞ր: Մեր զրուցակիցը պարզաբանեց, որ խոսքը «թավշյա հեղափոխության» մասին է: Այսինքն՝ ժողովուրդը սկսում է ոչ թե օժանդակել իշխանություններին, այլ՝ տոտալ բոյկոտել. «ՀՀ բոլոր քաղաքացիներս «ոչ» ենք ասում այս իշխանություններին. նրանք զրկվում են ժողովրդի աջակցությունից եւ չեն կարողանում իրականացնել իրենց ստոր մտադրությունները, որովհետեւ կատարողները հրաժարվում են»,- կոչ է անում պարոն Ռուբինյանը: Պայքարի համար ընդունելի են բոլոր քաղաքակիրթ ձեւերը՝ գործադուլներից սկսած մինչեւ ամենատարբեր համարձակ կեցվածքներ. «Մեր աչքի առջեւ մենք արդեն տեսնում ենք համարձակ կեցվածքով մարդիկ՝ դատավոր Պարգեւ Օհանյանը, հեռուստատեսություններից մեկի դիրքորոշումը. դա արդեն ողջունելի է եւ պետք է ձնագնդիի էֆեկտով գնա: Յուրաքանչյուրս մեր տեղում պիտի քաղաքացիական դիրքորոշում դրսեւորենք»,- ասում է Կ. Ռուբինյանը եւ իբրեւ սկիզբ կոչ է անում ամսի 26-ին մասնակցել հանրահավաքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել