Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁՅՈՒԴՈՅԻ ԱՍՏՂԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Հոկտեմբեր 24,2007 00:00

Նոյեմբերի 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի շենքում կայանալու է ձյուդոյի միջազգային «Գրան պրի» կարգի առաջնություն:

«Գրան պրիի» առաջնությանը մասնակցելու են մարզաձեւի աշխարհի ուժեղագույն ներկայացուցիչները՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ եւ մրցանակակիրներ:

Անդրկովկասում առաջին անգամ նման բարձրակարգ մրցաշար անցկացնելու նախաձեռնողը ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն է: Միջոցառումն ընդգրկված է «Երեւանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի» հիմնադրման 130-ամյակին նվիրվելիք տոնակատարությունների ծրագրի մեջ:

Երեկ այդ առիթով ՀԱՕԿ-ի նախագահը եւ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը մամուլի ասուլիս էին հրավիրել: Պարոն Ծառուկյանը նման մրցաշարերի կազմակերպումը կարեւորեց ոչ միայն սպորտը հանրապետությունում զարգացնելու առումով, այլեւ նշեց. «Սա նաեւ մեր երկիրն աշխարհին արժանիորեն ներկայացնելու հիանալի առիթ է: Մարդիկ դրսում հաճախ Հայաստանի մասին սխալ կամ թյուր պատկերացում ունեն: Շատերը մտածում են, թե մեզ մոտ պատերազմ է, դեռ լույս, ջերմություն չկա: Բայց երբ գալիս են, իրենց աչքերով են տեսնում, որ երկիրը բնականոն զարգանում է եւ կյանքն առաջ է ընթանում: Աշխարհը Հայաստանը ճանաչում է որպես կոնյակագործության երկիր: Եվ մեր գործարանի հոբելյանը լավ առիթ է, որպեսզի նրանք դրանում ավելի համոզվեն:

Ինչ վերաբերում է «Գրան պրիին», մասնակցության հայտ ներկայացրել է 20 երկիր: Հրավիրել ենք շուրջ 500 հյուր, այդ թվում՝ քաղաքական եւ մշակութային գործիչներ, միջազգային մասշտաբի հայտնի գործարարներ: Տոնակատարությունը հագեցած է լինելու հարուստ ծրագրով, որը հյուրերին հնարավորություն կտա լիարժեք ճանաչել Հայաստանը, ծանոթանալ ժողովրդի ապրելակերպին, սպորտի եւ մյուս ոլորտների դրվածքին: Այսօր ինձ ուրախալի մի նոր լուր էլ հայտնեցին: Մրցաշարին ներկա են լինելու նաեւ ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Ֆիզերն ու Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Սոլովեյչիկը»:

Խոսելով «Գրան պրիի» կազմակերպական մանրամասների մասին՝ պարոն Ծառուկյանը տեղեկացրեց, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հովանու ներքո անցկացվող հոբելյանի առիթով «Երեւանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատը» ՌԴ-ում իր պաշտոնական ներկայացուցիչ «Լուդինգ» ֆիրմայի հետ համատեղ նմանատիպ մեկ մրցաշար կազմակերպել է մեկ ամիս առաջ՝ Մոսկվայում, իսկ հիմա անցկացվում է Երեւանում: Մրցանակակիրներին ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ շնորհելուց բացի, սահմանվել է $100 հազար մրցանակային ֆոնդ եւ մրցումներին ուղիղ եթերով հետեւելու են ամբողջ աշխարհում:

Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը հավելեց, որ այս «Գրան պրին» իսկապես բացառիկ մարզական միջոցառում է, որն աշխարհում անցկացվելու է 5-րդ անգամ: Թե որքան մեծ է մրցաշարի մակարդակը, վկայում է նաեւ այն, որ հրավիրված մրցավարների մեջ կան այնպիսիք, ովքեր արդեն Պեկինի օլիմպիական խաղերը սպասարկելու լիցենզիա ունեն: Նա չբացառեց նաեւ, որ այդ օրերին, հնարավոր է, որ լուծվեն հետագայում Հայաստանում ավելի բարձր կարգի մրցումներ՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններ կազմակերպելու հարցերը:

«Առավոտի» հարցին, թե Հայաստանից քանի՞ հոգի է մասնակցելու «Գրան պրիին», Ալեքսան Ավետիսյանը պատասխանեց. «Վեց մարզիկ, որոնք այս տարի միջազգային մրցումներում իրենց լավագույն կողմերով են դրսեւորել»: Իսկ Պարոն Ծառուկյանը նշեց. «Մենք ցանկանում եւ ֆեդերացիայից պահանջում ենք, որ տատամի մտնեն միայն նրանք, ովքեր ի վիճակի են պայքարել եւ մրցանակային տեղեր գրավել: Մեզ քանակ պետք չէ: Եթե մարզիկը պետք է հենց առաջին մենամարտերում պարտվի, ավելի լավ է մրցման դուրս չգա: Եթե ֆեդերացիայի նախագահը եւ մարզիչները որոշել են, որ մեր երկրից պետք է վեց մարզիկ հանդես գա, կարող ենք փորձել: Բայց իրենք լուրջ պատասխանատվություն են վերցնում իրենց ուսերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել