Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՀԱՅՈՒՀԻՆԵՐԻՑ ԷՆԵՐԳԻԱ ՍՏԱՑԱ»

Հոկտեմբեր 24,2007 00:00

\"\"Ֆրանսիացի ճանաչված դաշնակահար Ֆիլիպ Կասարդը լինզաներով, թե առանց լինզաների, հայուհիներին հավանում է:

Շարունակվում է հոկտեմբերի 19-ին մեկնարկած Երեւանյան առաջին միջազգային փառատոնը, որի վերջին ակորդը կկայանա նոյեմբերի 4-ին:

Փառատոնին, բացի հայ կատարողներից, մասնակցում են երաժիշտներ Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից: «Առավոտը» հանդիպեց առաջին անգամ Հայաստան այցելած ֆրանսիացի դաշնակահար Ֆիլիպ Կասարդի հետ:

Տեղեկացնենք, որ դաշնակահարը շուրջ 30 տարի իբրեւ մենակատար անսամբլների կազմում եւ նվագախմբերի ընկերակցությամբ հանդես է եկել արեւմտյան հեղինակավոր համերգասրահներում, հայտնի նվագախմբերի, այդ թվում՝ Լոնդոնի, Բի-Բի-Սիի, Ֆրանսիայի, Դանիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի ընկերակցությամբ, համագործակցել է հանրահայտ դիրիժորների (Ջ. Տեյթ, Վ. Ֆեդոսեեւ, Չ. Դյութուայ, Ա. Ջորդան եւ այլն) հետ, ձայնագրվել հեղինակավոր ֆիրմաներում: Պրոդյուսերն ու վարողն է Ֆրանսիայի երաժշտական ռադիոյի ամենշաբաթյա դասական երաժշտական հաղորդումների:

«Առավոտի» հետ զրույցներում Արեւմուտքի դասական երաժշտություն պրոպագանդող արվեստագետների մեծ մասը մշտապես դժգոհում է, թե պակասել է հետաքրքրությունը դասական երաժշտության հանդեպ եւ հանդիսատեսի գերակշռող մասը տարեց մարդիկ են: Կոլեգաների այս տեսակետը չկիսեց Ֆ. Կասարդը. «Դասական երաժշտության հանդեպ հետաքրքրության նվազման ու այդ համերգներին հանդիսատեսի տարեց լինելու փաստի առնչությամբ լսում եմ արդեն 30 տարի: Հարգելիներս, այո՛, դա այդպես է: Նույն հարցի մասին խոսվել է եւ 10, եւ 20, եւ 30 տարի առաջ, ինչը բնական եմ համարում: Կարծում եք՝ տարեց մարդը կգնա՞, օրինակ, Մադոննայի համերգին ու երիտասարդների նման կթռվռա՞: Թող այն տպավորությունը չստեղծվի, թե ես դեմ եմ փոփ երաժշտությանը կամ մադոննաներին: Բայց մի բանում համոզված եմ՝ մադոննաների մասին 300 տարի հետո չեն խոսի, իսկ տեսնո՞ւմ եք, դարեր անց Բախի, Բեթհովենի եւ մյուս մեծերի մասին խոսում են եւ ավելին՝ հաճույքով կատարում նրանց ստեղծագործությունները»:

Հարցին՝ թե երաժշտի կարծիքով, այնուամենայնիվ, փոփ արվեստում կամ ժամանակակից երգարվեստի այլ ճյուղերում չկա՞ն անուններ, որոնք 300 տարի հետո էլ կհիշվեն, դաշնակահարը հայտնեց, որ ինքը 5 օր առաջ հաճախել է մեծանուն Շառլ Ազնավուրի համերգին. «Օրինակ, մեր եւ ձեր Ազնավուրը դարեր հետո էլ կլսվի: Նրա այս վերջին շոուում, ինչպես եւ նախորդներում, ոչ մի ավելորդ բան չկար բեմում, միայն ինքն էր՝ զուսպ կերպարով, եւ իր նվագախումբը: Իսկ երգերի ու դրանց բովանդակությունների մասին ավելորդ եմ համարում խոսել՝ հրաշք են…»: Ֆ. Կասարդը ասածին հավելեց, որ նախօրեին այցելել է «Մալխաս» ջազ-ակումբ. «Մեծ բավականություն ստացա եւ տրադիցիոն, եւ ժամանակակից ջազ ունկնդրելով: Այստեղի ջազ-ակումբում ինձ զարմացրեց նաեւ այդքան գեղեցիկ կապուտաչյա հայուհիների ներկայությունը»: Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ գուցե նրանց մեծ մասը լինզաներո՞վ էր, արվեստագետը պատասխանեց. «Լինզաներով, թե առանց դրա, տարբերություն չկա ինձ համար: Կարեւորը՝ որ աղջիկների գեղեցկությունից մեծ էներգիա ստացա ու դա ինձ կօգնի հոկտեմբերի 24-ին՝ Կամերային երաժշտության տանը, հոկտեմբերի 27, 29-ին՝ «Ա. Խաչատրյան» համերգասրահում կայանալիք ելույթներիս եւ, իհարկե, վարպետության դասերին, որ կանցկացնեմ հրավիրված այլ երաժիշտների հետ՝ Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում»:

Հետաքրքրվեցինք նաեւ Ֆրանսիայի երաժշտական ռադիոյում Ֆ. Կասարդի՝ որպես հաղորդավարի ու պրոդյուսերի աշխատանքով: Այս առիթով նրա պատասխանը հակիրճ էր. «Ռադիոյի տնօրինությունն ինձ տրամադրում է որոշակի բյուջե, պատմում եմ դասական երաժշտության ու այդ արվեստի երեւելիների մասին, հաճախ էլ ուղիղ եթերում ներկայացնում եմ այս կամ այն կոմպոզիտորի երկն ու մեկնաբանություններ տալիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել