Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջավախքի դպրոցներում վրացերեն են անցնում

Հոկտեմբեր 24,2007 00:00

Որպեսզի հայ երեխաները կարողանան վրացական բուհերում սովորել եւ Վրաստանում աշխատել

Վերջերս այցելեցինք Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան, որի հնարավորությունն ընձեռել էր Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը: «Ես սովորում եմ 9-րդ դասարանում, բայց դեռեւս չեմ որոշել, թե որ բնագավառում եմ մասնագիտանալու: Ամենայն հավանականությամբ, երեւանյան որեւէ բուհում կշարունակեմ ուսումս: Իհարկե, կուզենայի նաեւ Թբիլիսիում ուսում ստանալ, բայց լավ վրացերեն չգիտեմ»,- այս խոսքերով դիմավորեց Մանուշակ Կիլոյանը հայ, վրացի եւ ադրբեջանցի լրագրողներին, որոնք այցելել էին Ախալցխայի «Ջավախք» երիտասարդական միություն՝ ծանոթանալու դպրոցականների խնդիրներին: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց «Ջավախք» երիտասարդական միության ղեկավար Գրիգորի Մինասյանը, աշակերտները դասերից հետո այցելում են իրենց կենտրոն, որպեսզի գրական հայերեն սովորեն: Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի ղեկավար Խաչիկ Այվազյանն էլ ասաց, որ իրենց շրջանի դպրոցների գրեթե 80 տոկոսն արդեն վերանորոգված է. «Սա մեծ իրադարձություն է դպրոցաշինության առումով, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ախալքալաքում նման բան չէր եղել»: Ըստ նրա՝ տարածաշրջանում 72 դպրոց կա, որից միայն 6-ն է վրացական: Ախալքալաքի շրջանային վարչության ղեկավար Արթուր Երեմյանն էլ ավելացրեց, որ իրենց դպրոցների հայ տնօրենները ժամանակավոր պաշտոնակատարներ են. «Քանի որ վրացերենի քննությունից կտրվել են: Միայն մեկ հայ է կարողացել քննությունը հանձնել: 2010 թվականից մեր դպրոցներում բոլոր առարկաները պետք է վրացերեն դասավանդվեն, եւ երեխաները այդպիսով կկարողանան Վրաստանի բուհեր ընդունվել: Ամեն տարի Սամցխե-Ջավախեթիից ավելի քիչ թվով հայ երիտասարդներ են ցանկանում բարձրագույն կրթություն ստանալ՝ գիտակցելով, որ իրենց կրթությամբ միայն պետական հիմնարկներում կարող են աշխատել, իսկ ընտանիք պահելու համար բյուջետային հիմնարկների աշխատավարձը բավարար չէ»:

Նինոծմինդայի շրջանային վարչության ղեկավար Սուրիկ Մոսոյանն էլ հայտնեց, որ իրենց շրջանում 3 վրացական, 2 ռուսական եւ 38 հայկական դպրոցներ են գործում: Տեղի թիվ 4 վրացական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Զոյա Կարալյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է վրացական դպրոց հաճախում: Նա էլ պատասխանեց. «Ես եմ այդպես ցանկացել, քանի որ վրացերեն եմ ուզում սովորել»: Նինոծմինդայի շրջանի Գարիլովկա գյուղի հայկական դպրոցում սովորում է 200 աշակերտ: Այս դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Ալիկ Բաբաջանյանի խոսքերով, սաների մեծամասնությունը միայն վրացերեն գիտի: Մաջաթիա գյուղի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լենա Փահլեւանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց դպրոցում համարյա աշակերտ չի մնացել. «Առաջին դասարանում 7 հոգի են: Անցյալ տարի 10-րդն ավարտել է 26-ը»: Նա ասաց, որ իրենց դպրոցում վրացերեն չեն անցնում, քանի որ մասնագետ չունեն:

Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի Վրաստանի նախագահի լիազորված անձ Գոգա Խաչիդձեն էլ փաստեց, որ տեղացի հայերը 5-7 տարի է, ինչ սկսել են հայերեն սովորել. «Դրանից առաջ միայն ռուսական դպրոցներ էին հաճախում եւ տիրապետում ընդամենը խոսակցական հայերենին: Ի դեպ, այս տարածաշրջանի բնակիչներից ոչ ոք փաստաթղթերը հայերեն չի կարողանում լրացնել, ռուսերենն է կիրառում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել