Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԷՐ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ԳԻՆԸ

Հոկտեմբեր 24,2007 00:00

\"\"Տնտեսագետներն առայժմ չեն կողմնորոշվում, թե ում էր ձեռնտու 1 օրով շաքարավազի կտրուկ թանկացումը

Նախօրեին շաքարավազի գների կտրուկ բարձրացումն իսկական հանելուկ էր: Ընդամենը մեկ օրվա մեջ 230 դրամ արժեցող շաքարավազի 1 կիլոգրամը խանութներում վաճառվում էր 350-400 դրամ, նույնիսկ որոշ խանութներում գինը հասել էր 600 դրամի: Քանի որ խանութների վաճառողները սպառողներին տեղեկացնում էին, որ առաջիկայում սպասվում են նոր թանկացումներ, եւ 1-2 օր հետո նույն շաքարավազը գնելու են կրկնակի-եռակի թանկ, մարդիկ սկսել էին խուճապահար, իրենց օրվա հոգսերը թողած, միայն շաքարավազ գնելու մասին մտածել: Կարագի, ձեթի թանկացումներն աչքի առաջ ունենալով՝ սպառողները մի քանի ժամվա մեջ ոտ ու ձեռ ընկած՝ շտապում էին մոտակա խանութներ՝ իրենց ամբողջ տարվա շաքարավազի պաշարը գնելու համար: Նրանցից շատերը պարտքով կամ իրենց վերջին խնայողությունները վատնելով՝ նախօրեին նույնիսկ մի քանի պարկ շաքարավազ են գնել: Մայրաքաղաքի բազմաթիվ խանութներում այնպիսի հերթեր էին առաջացել, որ սպառողները, իրար կոտորելով՝ խնդրում-աղաչում էին վաճառողներին, որ իրենց համար «տակից» եւս 5-6 կգ շաքարավազ տան: Իսկ որոշ խանութներում, ինչպես արդեն նշել ենք «Առավոտի» նախորդ համարում, շաքարավազը վաճառվում էր «քվոտավորված»՝ յուրաքանչյուրին 5 կգ-ից ոչ ավելի: Խանութներում դա պատճառաբանում էին, թե իբր շաքարավազի պաշարները շուտով կսպառվեն ու գոնե հնարավորինս շատ մարդիկ կարողանան էժան գնով մի քանի կիլոգրամ շաքարավազ գնել:

Թե ում էր ձեռնտու մայրաքաղաքում այդպիսի աժիոտաժ ստեղծել՝ ոչ ոքի դեռ հայտնի չէ: Կան միայն վարկածներ:

Թեեւ շաքարավազի շուկայում գործում է 8-9 ընկերություն, բայց, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գնահատմամբ՝ շուկայի 84 տոկոսը գրավում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սալեքս գրուպ» ընկերությունը: Ուստի մնացած ընկերությունները միասին շուկայի 16 տոկոսն են զբաղեցնում ու չեն կարող ընդհանուր շուկային գին թելադրել, ինչը հանգիստ կարող է անել «Սալեքսը», որովհետեւ մենաշնորհատեր է:

Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում շաքարավազի ամենաբարձր գինը եղել է 370 դրամ, իսկ ընդամենը 2 օր առաջ մայրաքաղաքի գրեթե բոլոր խանութներում շաքարավազի գների կտրուկ բարձրացումը կարող էր գերշահույթներ ապահովել «Սալեքսի» համար: Ու որպեսզի դա չդիտարկվի որպես գերիշխող դիրքի չարաշահում ու չհիմնավորված գների կիրառում՝ Սամվել Ալեքսանյանը, հնարավոր է, գնացել էր խորամանկ քայլի. իր «Երեւան Սիթի», «Kaiser» սուպերմարքեթներում շաքարավազի գինը սահմանել էր նույնիսկ սովորականից էժան՝ 230-ի փոխարեն 220 դրամ, որ թվա, թե ստեղծված աժիոտաժի հեղինակն ինքը չէ: Շաքարավազի գինը 10 դրամ էժանացնելով՝ բազմաթիվ սպառողներ շտապել են հենց այդ խանութներից այն գնել: Այդ 10 դրամը «Սալեքս գրուպի» գործին բնականաբար չի հարվածի, որովհետեւ մեծածախ առեւտրի դեպքում մի քանի դրամով ապրանքի գինն իջեցնելը միայն ի նպաստ վաճառողի է լինում:

Սակայն Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շաքարավազի անկանխատեսելի գնաճի վերաբերյալ այլ կարծիք ունի: «Ըստ էության, շաքարավազի գնաճը ստեղծվել է արհեստականորեն: Մի շարք խանութներում կատարած հարցումների արդյունքում պարզեցինք, որ նման աժիոտաժը ձեռնտու էր միայն փոքր խանութների աշխատողներին: Էլ ուրիշ ո՞ւմ պետք է այն ձեռնտու լիներ, եթե էս ամենի արդյունքում միայն նրանք տաքացրին իրենց ձեռքերը»,- երեկ շաքարավազի գների թեմայով հրավիրած բրիֆինգի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: Փոքր խանութներ ասելով՝ պարոն Շահնազարյանը նկատի ուներ երկրորդային շուկան, որը բավականին մեծ է: Մայրաքաղաքում շաքարավազի գները թանկացել էին 50-60-ից ավելի խանութներում, ուստի տեսականորեն դժվար է պատկերացնել, որ բոլոր մանրածախ խանութների տերերը միմյանց հետ նախապես պայմանավորվել ու շաքարավազը մեկ օրում թանկացրել էին:

Աշոտ Շահնազարյանի խոսքերով՝ «Թե ում ջրաղացին էր ջուր լցնում շաքարավազի արհեստական գնաճը, հստակ չեմ կարող ասել: Սակայն միանշանակ է, որ այն ներկրողին ձեռնտու չէր, քանի որ ցանկացած ներկրող էլ գիտի, որ Հայաստանում տարեկան 60 հազար տոննայից ավելի շաքարավազ չի սպառվում, հետեւապես վաճառել այդ շաքարավազը մեկ օրում, թե 1 ամսում՝ նրանց համար որեւէ էական նշանակություն չունի»: Մինչդեռ նկատենք, որ նախ, շաքարավազը վաճառվել է թանկ, ուստի այն ձեռնտու էր ներկրողին, բացի այդ, հնարավոր է՝ Սամվել Ալեքսանյանին շտապ փող էր պետք. ընդամենը մեկ օրվա մեջ խանութներում այնքան շաքարավազ է վաճառվել, որը նորմալ վաճառքի դեպքում մեկ ամսվա ընթացքում է սպառվում: Ա. Շահնազարյանի դիտարկմամբ՝ այն, որ միայն երեկ հիմնական ներկրողի խանութներից շաքարավազի 10 օրվա պաշար է սպառվել՝ ներկրողի համար դրական երեւույթ չէ: «5-10 կիլոգրամ շաքարավազ գնած մարդը երկար ժամանակ դրա վրա էլ փող չի ծախսելու, հետեւապես, օրեր շարունակ ներկրողը եկամուտ չի ունենալու»,- կարծում է պարոն Շահնազարյանը: Երեկ նա տեղեկացրեց նաեւ, որ շաքարավազի շուկայի չհիմնավորված գնաճը կանխելու համար իրենք դիմել են «Սալեքս գրուպին», որն էլ պատասխանել է, որ շաքարավազը խանութներին են տալիս նախկին գնով եւ շաքարավազի դեֆիցիտ ընդհանրապես գոյություն չունի, իրենց ընկերությունը կարող է տրամադրել անսահմանափակ քանակությամբ շաքարավազ:

«Սալեքսից» նաեւ պարոն Շահնազարյանին վստահեցրել են, որ իրենք շաքարավազի դեռեւս 6 ամսվա պաշար ունեն, հետեւապես սպառողները կարող են հանգիստ լինել, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում շաքարավազը չի թանկանա ու կվաճառվի 230-240 դրամով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել