Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ահմադինեջադն ընդհատեց իր այցը

Հոկտեմբեր 24,2007 00:00

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեկ անսպասելիորեն ընդհատել է իր պաշտոնական այցը Հայաստան եւ վերադարձել հայրենիք: ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այցի ընդհատման պատճառ են դարձել «չնախատեսված հանգամանքները»:

Հիշեցնենք, որ ԻԻՀ նախագահի այցի ծրագրի համաձայն, երեկ վերջինս պետք է ծաղկեպսակ դներ Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, այցելեր Երեւանի Կապույտ մզկիթ եւ ելույթ ունենար Հայաստանի Ազգային ժողովում:

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը լրատվամիջոցներին պարզաբանել է, որ հոկտեմբերի 22-ին Հայաստանի եւ Իրանի նախագահները պայմանավորվել էին, որ ԻԻՀ ղեկավարը «իր համար անհետաձգելի պատճառներով Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակացույցով նախատեսվածից շուտ պետք է մեկնի հայրենիք»: Սողոմոնյանը նշել է նաեւ, որ Ահմադինեջադի մեկնումը չի անդրադարձել հայ-իրանական հարաբերությունների վրա, քանի որ նախագահներն արդեն սպառել էին երկկողմ բանակցությունների ողջ օրակարգը:

Երեկ լրագրողների հետ զրույցում Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը եւս որոշ մշուշոտ պարզաբանումներ է ներկայացրել Ահմադինեջադի հայաստանյան այցի ընդհատման կապակցությամբ: Ըստ նրա, ԻԻՀ ղեկավարի արտածրագրային մեկնումը «լուրջ հիմքեր ունի եւ կապված է Իրանում ծագած ներքին խնդիրների հետ»: Ղարիբջանյանն ասել է, թե պաշտոնական Երեւանը տեղյակ է իրանական կողմի փաստարկներին, որոնց մասին, սակայն, նա լրագրողներին ոչինչ չի հայտնել: Գեղամ Ղարիբջանյանը հատուկ ընդգծել է նաեւ, թե Իրանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան չի դադարեցվել, այլ ընդամենը տեղի է ունեցել այցի ծրագրի փոփոխություն:

Երեկ կարծիքներ էին շրջանառվում, որ Ահմադինեջադի հայաստանյան այցի ընդհատումը կարող է պայմանավորված լինել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց խուսափելու նկատառումով: Այս համատեքստում հիշեցնենք, որ Իրանի նախկին նախագահը Երեւան կատարած այցի ժամանակ չէր հրաժարվել Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր այցելելուց: Միեւնույն ժամանակ, երեկ իսկ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ահմադինեջադի անսպասելի մեկնումը կապված է այս օրերին Իրանի միջուկային ծրագրի շուրջ Հռոմում ընթացող բանակցությունների հետ: Հիշեցնենք, որ այդ բանակցություններում իրանական կողմի ներկայացուցիչ Ալի Լարիջանին օրերս հրաժարական էր տվել, եւ նրան փոխարինել էր Ահմադինեջադի մերձավոր զինակից Սաիդ Ջալիլին: Այդուհանդերձ, Լարիջանին շարունակում է մնալ ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի անդամ՝ որպես Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Խամենեիի լիազոր ներկայացուցիչ: Որոշ վերլուծաբանների կարծիքով, Ջալիլիի նշանակումը միջուկային ծրագրով բանագնացի պաշտոնում կարող է վկայել այդ խնդրում Իրանի դիրքորոշման հնարավոր կարծրացման մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել