Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒ ՊԱՏԻՎԸ» ՄՏՔԱՓՈԽՎԵԼ Է

Հոկտեմբեր 24,2007 00:00

«Եկել է պահը, որ արդեն ազգովին պետք է մտածենք՝ ազատվել այս ապազգային ռեժիմից կամ շարունակել մնալ գաղութացված՝ ստրուկի, ճորտի կարգավիճակում, որին մենք դեմ ենք»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

«Այլընտրանքը Լեւոն Տեր-Պետրոսյանն է»,- նկատեց «Առավոտը»՝ հիշեցնելով, որ տակավին վերջերս պարոն Մարգարյանը հրապարակավ եւ բավականին կտրուկ դեմ էր արտահայտվել թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Տեր-Պետրոսյանի թեկնածություններին եւ հայտարարել, որ ինքն ու իր կուսակիցները նրանցից որեւէ մեկին չեն պաշտպանի: «Մենք բազմիցս ասել ենք, որ դեռ 1993 թվականից տեսել ենք Տեր-Պետրոսյանի իշխանության լրջագույն սխալները, բացթողումները, ու ստացվել է այնպես, որ միշտ հակառակ դիրքերում ենք եղել նաեւ այդ իշխանության հետ: Բայց այն ժամանակ ուրիշ էր, հիմա՝ ուրիշ: Ես չեմ փորձում նրանց արդարացնել: Եղածը եղած է: Բայց անցել է բավականին ժամանակ, եւ երկրի առջեւ ծառացել է կարեւորագույն խնդիր. լինել-չլինելու խնդիր»,- ասում է մեր զրուցակիցը: Ու այս իրավիճակում, երբ տեսանելի չէ երրորդ ուժը, որն իր վրա կվերցներ գործող ռեժիմից ազատվելու պարտականությունը, խոչընդոտել Տեր-Պետրոսյանին կամ չնպաստել նրան պարոն Մարգարյանը համարում է «ապազգային գործելակերպ»: Ի դեպ, նման որոշում ընդունվել է կուսակցության քաղաքական խորհրդի օրերս կայացած նիստում:

Տեր-Պետրոսյանին պաշտպանելով հանդերձ՝ «Հայրենիք ու պատիվն» իր առաջարկներն է ներկայացնում: Մասնավորաբար՝ «Նախկին սխալներով եւ նախկին խնդիրներով Լեւոն Տեր-Պետրոսյանը չպետք է թիմ ձեւավորի: Նրա թիմում պետք է լինեն ավելի կոմպետենտ եւ բարոյական մարդիկ: Պետք է պատասխան հնչի՝ գալիս ենք երկրում օրենք-օրինականություն վերականգնելո՞ւ, թե՞ թալանը շարունակելու: Ֆունդամենտալ փոփոխությունների ժամանակն է: Տեր-Պետրոսյանը խելամիտ մարդ է, եւ ես կարծում եմ, որ նա այդ կտրվածքով հարցերին կմոտենա, հատկապես, որ նրա կողմից արվող վերջին քայլերը դա են վկայում: Նման պարագայում մենք մեր փոքր, թե մեծ, բայց պոտենցիալով պատրաստ են աջակցել, լինել ամենապատասխանատու եւ ծանր տեղերում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել