Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՏՈ ԷԼ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ՉԵՆ

Հոկտեմբեր 24,2007 00:00

\"\"Երեկ ոստիկանությունը ձերբակալեց շուրջ 15 հոգու, որոնցից 2-ը կուսակցությունների առաջնորդներ են, 2-ը՝ թերթերի գլխավոր խմբագիրներ, իսկ 2-ն էլ՝ անչափահաս: 3 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ:

Ականատեսների վկայություններ

Քանի որ Հայաստանի հեռուստաընկերությունները հրաժարվում են եթեր հաղորդել հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի մասին՝ «Այլընտրանք» նախաձեռնության անդամները երեկ փորձել էին հանրահավաքի մասին քաղաքացիներին իրազեկել երթի միջոցով: Խաղաղ երթի մասնակիցները, բարձրախոսով հայտարարելով հանրահավաքի օրն ու ժամը՝ հրավիրում էին քաղաքացիներին մասնակցելու դրան՝ մինչեւ ժամը 18.30-19.00-ի սահմաններում կատարվածը, որի մասին մեզ պատմեցին երթի մասնակիցները: «Այլընտրանքի» անդամ Մանուկ Սուքիասյանն ասաց. «Տերյան փողոցում մեզ մոտեցավ քաղաքացիական հագուստով ոստիկան եւ պահանջեց դադարեցնել երթը: Իսկ հետո, երբ հասանք Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկ՝ «Ուրարտու» խանութի մոտ, մեզ մոտեցավ ոստիկանության քաղաքային վարչության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը՝ բարձրաստիճան ոստիկանների հետ, ու դարձյալ պահանջեց դադարեցնել՝ չցանկանալով լսել մեր բացատրությունները»: Առաջ անցնելով՝ նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ այս գործողությունը ղեկավարում էր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, գնդապետ Ռոբերտ Մելքումյանը, որին ժամանակին համակարգից հեռացրել էին ոստիկանի վարքն արատավորելու հիմնավորմամբ, սակայն վերջերս վերականգնվել էր:

«Այլընտրանք» նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Հրանտ Տեր-Աբրահամյանը պատմեց. «Ոստիկանության ներկայացուցիչները պահանջեցին, որ իրենց հանձնենք բարձրախոսը: Բնականաբար, նրանց ցույց տվեցինք ցույցերի եւ երթերի մասին օրենքը, որով որեւէ արգելք չի նախատեսվում բարձրախոսի կապակցությամբ: Եվ պահանջեցինք, որ նրանք ներկայացնեն օրենքի այն դրույթը, որով արգելվում է բարձրախոսով երթ անցկացնել: Մի 20-30 րոպե տեւեց այդ խոսակցությունը ոստիկանների հետ: Նրանք այդպես էլ չներկայացրին օրենքի այն դրույթը, որը կօրինականացներ նրանց պահանջը: Սկսվեցին արդեն բավական անմակարդակ խոսակցություններ: Ասենք, բարձրաստիճան ոստիկաններից մեկը, որի ազգանունը չեմ հիշում՝ ասաց. «Օրենքը ե՛ս եմ այստեղ»: Այդ ընթացքում ահագին ժողովուրդ հավաքվեց, եւ մեր կամքից անկախ՝ հանրահավաքի իրավիճակ առաջացավ այնտեղ: Դրանից հետո սկսվեցին արդեն սադրիչ խոսակցություններ՝ բավական փողոցային մակարդակի: Օգտագործվում էին «դեբիլ» ու այդ կարգի բառեր: Բնականաբար՝ այդ սադրանքի հետեւանքով սկսվեց վեճ, որը գնալով տաքացավ: Այդ ժամանակ ոստիկանները կանչեցին հատուկ ջոկատայիններին, որոնք միանգամից հարձակվեցին հավաքված շուրջ 50-60 հոգու վրա: Ծեծկռտուք սկսվեց, որի ընթացքում կիրառվեց արցունքաբեր գազ: Քաշքշում էին անգամ կանանց՝ այդ թվում Շողեր Մաթեւոսյանին: Տեսա, թե ինչպես են նրան հարվածում եւ քաշում դեպի մեքենան: Եվ ով նրանց ձեռքի տակ ընկավ՝ բռնությամբ տարան ոստիկանության բաժանմունք»:

Բռնության է ենթարկվել նաեւ «Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Գոհար Վեզիրյանը, որը մեզ պատմեց. «Տեսա, թե ինչ անմարդկային ձեւով էին հարվածում Մանուկ Սուքիասյանին: Նա բռնվել էր սյունից, որ իրեն չքաշեն նստեցնեն մեքենա: Ես մոտեցա՝ այն հույսով, թե կին տեսնեն՝ կդադարեցնեն, քանի որ քացիներով, բռունցքներով խփում էին նրան՝ մի 4 հոգով: Եվ ընդհանրապես՝ ամեն մարդու վրա 4-5 հոգով էին «աշխատում»: Երբ մոտեցա՝ չմտածեցի, թե կարող է ինձ հետ էլ այդպես վարվեն: Սկսեցին բռունցքներով խփել, ու հետեւից թափով հարված եղավ՝ ականջիս հատվածում: Նաեւ արցունքաբեր գազ փչեցին աչքերիս: Ես փորձում էի պաշտպանվել՝ պայուսակովս, կրունկներովս: Ուզում էին ինձ քաշել, նստեցնել ոստիկանության մեքենան, այդ պահին մոտեցավ Շողերը, ու էլ չեմ հիշում, թե ինչ եղավ: Միայն գերնյարդայնացած վիճակում գոռում էի: Մի քիչ բարձր տեղ էի կանգնած, որտեղից ինձ ուժեղ հրեցին՝ մի կերպ չընկա: Այդ պատճառով ոտքս ոլորվել է, եւ հիմա շտապօգնություն է եկել: Բժիշկներն առաջարկում են իրենց հետ գնալ, որ ոտքս եւ ականջիս թաղանթը ստուգեն, բայց ես երեւի առավոտյան գնամ, քանի որ հիմա ահավոր ճնշված ու վատ եմ զգում»:

Իսկ Մանուկ Սուքիասյանն ասաց. «Գոհարն ու Շողերը խոչընդոտեցին, որ ինձ եւս կարմիր բերետավորները քարշ չտան «գազելի» մեջ»:

Ոստիկանությունը ձերբակալեց մասնավորապես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին, «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանին, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանին եւ նրա որդուն՝ Տիգրանին, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին, «Այլընտրանք» նախաձեռնության անդամ Դավիթ Մաթեւոսյանին եւ նրա որդուն:

Խոչընդոտներ պաշտպանների առջեւ

Ժամը 19-ից արդեն Կենտրոն համայնքի ոստիկանության առջեւ, ուր տարվել էին ձերբակալվածները, սկսեցին հավաքվել մարդիկ՝ շուրջ 100 հոգի: «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանն առաջիններից մեկն էր մտել ոստիկանության հերթապահ բաժին՝ փորձելով պարզել, թե ինչ գործողություններ են արել ձերբակալված անձանց նկատմամբ: «Ճշտումներ չեղան, քանի որ լիազորված մարմին չկար,- պատմեց պրն Տեր-Եսայանը:- Հնարավոր չեղավ ճշտել, թե ինչ հիմքով են բերման ենթարկել քաղաքացիներին եւ հատկապես՝ քանի մարդու: Ձեւակերպում չկարողացան տալ, քանի որ չունեին իրավասություն հայտարարություն անելու, ու հիմքերն էլ նրանց մոտ բացակայում էին: Նրանք ինձ խորհուրդ տվեցին կապվել ոստիկանության լրատվության վարչության հետ՝ տեղեկատվություն ստանալու համար: Ես այդպես էլ վարվեցի, բայց այդ ծառայությունն էլ չկարողացավ տեղեկատվություն տալ»:

Ժամը 21-ի սահմաններում այստեղ եկավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, որը երկար բանակցություններ էր վարում ոստիկանների հետ՝ ներս մտնելու համար: Վաշտի հրամանատար, մայոր Վարդան Գեւորգյանն ասում էր, թե բաժնի ղեկավարը զբաղված է եւ չի կարող նրան ընդունել: «Սահմանադրական կարգը պահանջում է, որ պատգամավորին թույլ տան անհապաղ ներս մտնել: Դուք արգելում եք պատգամավորի ազատ մուտքը պետական մարմին: Դուք հիմա պատգամավորի հանդեպ գործում եք ոչ օրինաչափ»,- բազմիցս նախազգուշացրեց Լարիսա Ալավերդյանը: Սակայն Վարդան Գեւորգյանը շարունակում էր պնդել. «Ոչ, չի կարելի: Եթե ես ինչ-որ օրենք եմ խախտում՝ կարաք բողոքեք վերադասին՝ ինձ պատժի»: «Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք այն վիճակը, որի մեջ եք գցում երկիրը»,- հետաքրքրվեց տիկին Ալավերդյանը: «Մենք երկիրը լավ վիճակի մեջ ենք գցում»,- պատասխանեց վաշտի հրամանատարը: Պատգամավորը զգուշացրեց, թե զոռով կմտնի ոստիկանություն, եւ ստիպված կլինեն իր նկատմամբ էլ ուժ կիրառել: Ոստիկանների հետ բանակցությունների 3-րդ շրջափուլից հետո Լարիսա Ալավերդյանն այնուամենայնիվ ներս մտավ: Ոստիկանության բաժանմունք մտան նաեւ այլ պատգամավորներ՝ Խաչատուր Սուքիասյանը, Զարուհի Փոստանջյանը եւ այլք: Զարուհի Փոստանջյանը դուրս գալուց հետո պատմեց մեզ. «Հստակ թիվ չեմ կարող ասել, թե քանի կալանված մարդ կա, բայց 10-ից ավելին են: Իհարկե, կալանման որոշում չկա, ինչպես նաեւ՝ որեւէ գրավոր փաստաթուղթ, թե ինչ հիմքով են նրանք պահվում ոստիկանությունում: Նրանք տարբեր սենյակներում են: Սենյակ կա՝ 2 հոգի են նստած կամ կանգնած, եւ նույնիսկ աթոռ չեն տրամադրել: 3-ի մոտ կան մարմնական վնասվածքներ, որոնք արտահայտված են դեմքերի վրա: Վնասվածք ստացածներից մեկը մի երիտասարդ է՝ Բաբաջանյան, մյուսը՝ Տիգրան Մակեյանը, 3-րդի անունը չեմ հիշում»: Զարուհի Փոստանջյանը նաեւ ասաց, որ բոլորին ենթարկել են փորձաքննության՝ պարզելու, թե արդյոք կա՞ հարբածություն: «Այստեղ 2 փաստաբան է կանգնած, որոնք ցանկություն ունեն մուտք գործել ոստիկանության շենք, սակայն աշխատակիցները նրանց թույլ չեն տալիս՝ ասում են, թե պիտի զեկուցեն պետին»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Մասնավորապես Միքայել Հայրապետյանի փաստաբան Արտեմ Ալեքսանյանին թույլ չեն տվել մտնել իր պաշտպանյալի մոտ: Եվ ինչպես «Ա1+»-ին հեռախոսով հայտնել էր Միքայել Հայրապետյանը՝ ինքը, նաեւ Դավիթ Մաթեւոսյանը հրաժարվել էին բացատրություն տալուց:

21:45 ոստիկանություն եկավ նաեւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ իր աշխատակազմի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչների հետ:

Ցույց ոստիկանության դիմաց

Ոստիկանության դիմաց հավաքվածները ժամանակ առ ժամանակ վանկարկում էին՝ «Ազատություն», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Մերձակա շենքի բնակիչները, որոնք դուրս էին եկել պատշգամբ, գոռում էին՝ «Միանում ենք»: Ինչ-որ մի կին էլ սեփական պահանջը գոռաց, բողոքելով, որ շաքարավազը թանկացրել՝ դարձրել են 300 դրամ:

Մինչ այդ ոստիկանության շենքը հսկում էին տասնյակի չափ համազգեստավորներ: Սակայն շենքի մատույցներում շատ արագ հայտնվեց բեռնատար, որոնց մեջ զինվորներ էին: ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն այս կապակցությամբ հայտարարեց. «Մենք պահանջում ենք որեւէ բացատրություն մեր ընկերների կարգավիճակի մասին: Իշխանությունները որեւէ պատասխան չեն տալիս: Փոխարենը ներքին զորքերի ինչ-որ ստորաբաժանում է այստեղ հայտնվել: Մենք խաղաղ հավաքված ենք այստեղ եւ սպասելու ենք՝ մինչեւ պարզվի այս ամենը եւ դրանից հետո կհեռանանք: Ցանկացած սադրանք, որ այստեղ կլինի՝ պատասխանատվությունն ընկնելու է իշխանությունների վրա»:

Գիշերվա ժամը 1-ին Բաբկեն Արարքցյանը բարձրախոսով հայտնեց, թե զուտ արարողակարգային հարցեր են մնացել եւ շուտով ձերբակալվածներն ազատ կարձակվեն: Այս մասին հայտնել էին ոստիկանները: Սակայն նա ներկաներին կոչ արեց չցրվել, քանի որ այնքան էլ չի վստահում իրավապահների խոսքին:

Հ. Գ. Ոստիկանության բաժանմունքից դուրս գալուց հետո Լարիսա Ալավերդյանը եւ Արմեն Հարությունյանը, ըստ «ՆՏ»-ի, հայտարարել են, թե կատարվել է մարդու իրավունքների խախտում, քանի որ ոստիկանությունը վերոհիշյալ անձանց ձերբակալելու համար բավարար հիմքեր չի ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել