Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆՔ ԽԱԽՏԵԼՈՒ»

Հոկտեմբեր 24,2007 00:00

\"\"Վստահեցնում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը

– Պարոն Ծառուկյան, սեպտեմբերի 21-ի իր ելույթում առաջին նախագահը հայտարարեց, որ օլիգարխներն այս իշխանությունների զոհերն են: Դուք, որպես գործարար, ձեզ համարո՞ւմ եք այս իշխանությունների զոհը:

– Գործարարը հանդիսանում է մեր պետության հենասյուներից մեկը, եւ, բնականաբար, ես ինձ ոչ մի իշխանության զոհ երբեւէ չեմ համարել ու չեմ համարում եւ ես չգիտեմ, թե այդ արտահայտությունը կոնկրետ ում է վերաբերում: Ինձ դա ուղղակի վերաբերվել չի կարող. ես սկսել եմ միջին եւ փոքր բիզնեսից, գնալով կայացել, հզորացել ենք, աշխատել ենք, եւ այսօր, իրոք, գործարարի անհրաժեշտությունը կա երկրի զարգացման, կայացման, բարգավաճման գործում: Իսկ գործարարների նպատակը մեկն է՝ որ երկիրը լինի ավելի կայուն, ավելի ամուր, ցնցումներ չլինեն, եւ մարդիկ առավել մեծ վստահությամբ իրենց հնարավորությունները ներդնեն մեր երկրի զարգացման ու բարգավաճման գործում: Մեզ պետք է կայուն եւ անցնցում Հայաստան, իսկ անկայունություն եւ ցնցումներ ուզում եւ հրահրում են նրանք, ովքեր ոչինչ չեն արել այս երկրի համար, սակայն ուզում են շատ բանի տեր դառնալ:

– Խոսակցություններ կան, որ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Իշխան Զաքարյանը զբաղեցնելու է Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը…

– Կրկին խորհուրդ կտամ քիչ լսել տարբեր կարգի խոսակցություններ: Երբ որ սահմանված կարգով հանրապետության նախագահը խորհրդարանին կներկայացնի Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածություն, այդ ժամանակ էլ բոլորդ կիմանաք տվյալ թեկնածուի անունը:

– Մամուլում որոշ վերլուծություններ արվեցին, թե հնարավոր է ԲՀԿ-ն ինչ-որ պահից չկատարի կոալիցիոն հուշագրի պահանջները եւ չպաշտպանի ՀՀԿ-ական թեկնածուի:

– Ուրեմն, մի բան իմացեք հստակ՝ Ծառուկյան Գագիկը իր կյանքում մարդ չի խաբել եւ ոչ էլ հզոր մարդը կարող է կեղծ լինել կամ երկու խաղ խաղալ: Ինչ որ մենք ասել ու արել ենք՝ այդ ամենը կատարվել է ժողովրդի աչքի առաջ, եւ մենք ոչ որեւէ բան ենք թաքցրել եւ ոչ էլ երկակի խաղ ենք խաղացել: Հանրապետականի հետ մենք կազմել ենք քաղաքական կոալիցիա, եւ հուշագրով ամրագրված բոլոր դրույթները մենք պահել-պահպանելու ենք։ Այնպես որ, թող որեւէ մեկը իզուր չփորձի ինչ-ինչ ջրեր պղտորել. Գագիկ Ծառուկյանը երբեք իր որեւէ խոսքը չի դրժել, եւ մեր պայմանավորվածությունները մենք տղամարդավարի պահելու ենք:

– Դուք ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակն այս պահին, որովհետեւ արդեն իսկ ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ իրավիճակ է փոխվում:

– Անկեղծ ասած, ես իրավիճակի առանձնակի փոփոխություն դեռ չեմ զգում: Ի վերջո, մենք 21-րդ դարում ենք ապրում, եւ ժողովրդավարության այս ժամանակաշրջանում յուրաքանչյուր քաղաքական ուժ իր գաղափարներով, իր թիմով, իր ծրագրերով կարող է առաջադրել նախագահի սեփական թեկնածու, իսկ ժողովուրդը կկատարի իր ընտրությունը: Մենք բացարձակապես նորմալ ենք վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին, եւ եթե նրանցից ոմանք որոշել են առաջադրել նախագահի սեփական թեկնածու, դա տվյալ քաղաքական ուժի իրավունքն է: Ինչ վերաբերում է մեզ, ես արդեն ասացի, որ մենք Հանրապետականի հետ հուշագիր ենք ստորագրել եւ գործելու ենք այդ հուշագրի շրջանակներում:

– Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ, արդյոք ձեզ հետ հանդիպելու պայմանավորվածություն կա՞, կամ եթե դիմեն ձեզ՝ հանդիպման համար, դուք ինչպիսի՞ վերաբերմունք կդրսեւորեք՝ կհանդիպե՞ք, թե՞ ոչ:

– Եթե դիմեն, ապա մենք որեւէ խնդիր չենք տեսնում չհանդիպելու համար։ Ցանկացած հանդիպում ցանկացած քաղաքական ուժի հետ, որի նպատակը առաջիկա նախագահական ընտրություններն է՛լ ավելի ազատ եւ արդար անցկացնելն է լինելու, մենք կողմ ենք նման կարգի քննարկումներին՝ ցանկացած ֆորմատով:

– Նախագահական ընտրություններից առաջ ձեր բարեգործական ակցիաները նորի՞ց են ակտիվանալու, որովհետեւ հիմա, կարծես, մի փոքր պասիվ եք:

– Իմ տպավորությամբ, դուք երեւի լավ տեղյակ չեք մեր գործունեությանը, որովհետեւ մենք ինչպես արել ենք բարեգործական ակցիաները, այդպես էլ շարունակելու ենք անել՝ անկախ նախընտրական կամ հետընտրական շրջաններից: Մենք ոչ թե 4-5 տարին մեկ՝ ընտրությունից ընտրություն ենք ժողովրդի աչքին երեւում, այլ աշխատում ենք ամեն օր, որովհետեւ մեր հիմնական ցանկությունն ու նպատակն այն է, որ կարողանանք օգտակար լինել մեր երկրի զարգացմանն ու ամրապնդմանը:

– Վերջին շրջանում մի շարք ապրանքատեսակների գները բարձրացել են, դա անձամբ ձեր բիզնեսի վրա ինչպե՞ս է ազդում, դրանից դուք շահո՞ւմ եք:

– Այս ժամանակահատվածում ամենադժվարը արտահանողի կարգավիճակն է. այսօր ես արտահանող եմ, դոլարով վաճառում՝ դրամով վերցնում եմ, սակայն մենք ամեն ինչ անում ենք, որ աշխատավարձերը կայուն պահենք, թեպետ գիտեք՝ դրամը արժեզրկվում է, իսկ ներդրողի համար այս ամենը միայն օգուտ է: Սակայն այս միտումը, որ նկատվում է, ոչ թե կոնկրետ ներհայաստանյան խնդիր է, այլ ողջ աշխարհում է նկատվում: Այնուամենայնիվ, գնաճը կանխելու համար որոշ միջոցառումներ, կարծում եմ, կձեռնարկվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել