Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարզական խճանկար

Հոկտեմբեր 23,2007 00:00

Վիկը կատարեց խոստումը

\"\"Վախթանգ (Վիկ) Դարչինյանը շաբաթ օրը Սիդնեյում վստահ հաղթանակով նշեց իր նորամուտը առաջին թեթեւագույն քաշային կարգ: Ֆիլիպինցի Ֆեդերիկո Կատուբայի հետ IBO-ի չեմպիոնի թափուր տեղի համար մենամարտում Վիկը 12-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկեց մրցակցին: Ամբողջ մենամարտն անցավ Վիկի բացահայտ առավելությամբ: Կատուբայը երկու անգամ՝ 7-րդ եւ 11-րդ ռաունդներում հայտնվեց նոկդաունի մեջ: Իսկ եզրափակիչ ռաունդի 57-րդ վայրկյանին ռինգի մրցավար Գերի Դինը, տեսնելով, որ ֆիլիպինցին այլեւս անկարող է դիմակայել Վիկի գրոհներին, մարտը դադարեցնելու որոշում կայացրեց՝ արձանագրելով տեխնիկական նոկաուտ: Այդ պահին կողային մրցավարները միավորների բացահայտ առավելություն (110:98, 110:97, 110:97) էին գրանցել մեր հայրենակցի օգտին:

Մարտից հետո Դարչինյանը լրատվամիջոցներին հայտարարել է. «Դժվար մենամարտ էր: Մրցակիցս ուժեղ էր եւ դա լավ է, քանի որ ես հիմա կարողանում եմ սովորել սեփական սխալներիս վրա: Բնականաբար, ուրախ եմ հաղթանակիս համար եւ ցանկանում եմ վերադարձնել չեմպիոնական տիտղոսս: Սակայն Դոների հետ ռեւանշ մրցամարտը դեռ հեռու է իրականությունից: Այդ հարցի լուծումն իմ մենեջերի խնդիրն է»:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Վախթանգն իր հաջորդ մենամարտն անցկացնելու է դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում՝ բռնցքամարտի մեծ շոուի շրջանակներում եւ ցանկանում է հանդիպել այդ քաշային կարգում ռուսաստանցի նորընծա չեմպիոն Դմիտրի Կիրիլովի հետ: Նույն օրը ռինգ է մտնելու նաեւ Նոնիտո Դոները, որը պարտադիր հավակնորդ, մեքսիկացի Լուս Մալդոնադոյի հետ մարտում պաշտպանելու է իր չեմպիոնական տիղոսը՝ թեթեւագույն քաշային կարգում:

Ուժայինը՝ ուժային մարզաձեւում

Հոկտեմբերի 22-ին Չիկագոյում, որտեղ այսօր մեկնարկում է սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, բացվեց սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (ԱԻԲԱ) արտահերթ համաժողովը, որին պետք է մասնակցեր նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ, մարզաձեւի եվրոպական ասոցիացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Ռուսաստանի առաջարկությամբ օրակարգային հարցերի շրջանակ պետք է ընդգրկվեր նաեւ ԱԻԲԱ-ի նախկին փոխնախագահի պաշտոնից՝ մարզաձեւի Ռուսաստանի ֆեդերացիայի (ՌԲՖ) նախկին նախագահ Էդուարդ Խուսաինովի ետկանչումը եւ նրա փոխարեն այդ պաշտոնում ՌԲՖ-ի նորընտիր նախագահ, բանակի գեներալ, Ռուսաստանի պաշտպանության դաշնային ծառայության տնօրեն Եվգենի Մուրովի թեկնածության առաջադրումը եւ ընտրությունը:

Հոկտեմբերի 11-14-ը ԱԻԲԱ-ի նախագահ, կորեացի Չինգ Կուո Վուն, որի եւ ՌԲՖ-ի նախկին նախագահ Է. Խուսաինովի միջեւ Լոզանում դատական գործ կա, Մոսկվայում գտնվելու ժամանակ Ռուսաստանի մարզական ղեկավարությանը ներկայացրել է Խուսաինովին ԱԻԲԱ-ի փոխնախագահի պաշտոնից ազատելու եւ աշխարհի 2007 թվականի առաջնությունը Մոսկվայից տեղափոխելու պատճառները: Եվգենի Մուրովն իր հերթին ստորագրել է ԱԻԲԱ-ին հասցեագրված նամակի տակ, որով պաշտոնապես հաստատել է, որ հունիսի 27-ից պարոն Խուսաինովը ՌԲՖ-ում որեւէ պաշտոն չի զբաղեցնում եւ ետ է կանչվում ԱԻԲԱ-ի փոխնախագահի ու այդ կազմակերպության եվրոպական բյուրոյի (ԵԱԲԱ) ղեկավարի պաշտոններից:

Ոչ-ոքի՝ դաշտի տերերի հետ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում (7-րդ խումբ) Լիտվայում ոչ-ոքի՝ 2:2 է խաղացել տեղի իր հասակակիցների հետ, իսկ Լեհաստանը 5:0 հաշվով առավելության է հասել Սան Մարինոյի նկատմամբ: Խմբից հաջորդ փուլ անցնելու է երկու թիմ: Դրա համար Արմեն Գյուլբուդաղյանցի սաների համար վճռորոշ է լինելու հոկտեմբերի 25-ին Լեհաստանի հետ կայանալիք խաղը: Իսկ երեկ մեր թիմի մրցակիցը Սան Մարինոն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել