Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԼԱՎԵՐԴԻՆ ԵՎ ՔՈԲՈՒԼԵԹԻՆ ԵՂԲԱՅՐԱՑԵԼ ԵՆ

Հոկտեմբեր 23,2007 00:00

\"\"Այդ բարեկամությունը հաստատվեց կիրակի օրը՝ «Վալլեքս գրուպի» կազմակերպած Ալավերդի քաղաքի տոնի շրջանակներում: \"\"

Այդ օրը Ալավերդին նշեց քաղաքի տոնը, ինչի կապակցությամբ քաղաքը բազմաթիվ հյուրեր էր ընդունել: Ալավերդին արդեն երրորդ քաղաքն է, որ եղբայրացել է վրացական քաղաքների հետ: Դեռեւս մայիսին Քոբուլեթին եւ Ալավերդին հուշագրով եղբայրացան: Սա էլ մեկ առիթ էր, որպեսզի վրացական պատվիրակությունն այցելի Ալավերդի: Մինչ այդ եղբայրացել են Վանաձորը եւ Բաթումը, Սպիտակը եւ Խելվաչաուրին: Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն կարեւորեց քաղաքների եղբայրացումը, քանի որ, նրա կարծիքով, նման միջոցառումներից է սկսվում ժողովուրդների բարեկամությունը. «Մեր երկրների հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, թե նախագահների, թե նախարարների եւ \"\"թե դեսպանների առումով: Սակայն պետք է, որ հասարակ մարդիկ էլ շփվեն, ժողովուրդները բարեկամություն անեն: Հենց նման հարաբերությունները, փոքր քաղաքների միջեւ բարեկամությունը շատ կարեւոր է, քանի որ փոքր քաղաքներում մարդիկ շատ լավ իրար ճանաչում են եւ հետո նման քաղաքների միջեւ շփումը հեշտ է լինում, սա շատ օգտակար է երկու պետությունների բարեկամանալու առումով: Մեր երկրների բարեկամությունը դարերի խորքն է գնում, պետք է այնպես անել, որ դարերից վերընթաց ապրի»: Քաղաքի տոնին հրավիրված էր նաեւ Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչյա Սիլվանյանը: Պարոն Սիլվանյանի կարծիքով, հայկական եւ վրացական քաղաքների եղբայրացումը հնարավորություն է ընձեռում տնտեսության, մշակույթի եւ այլ ոլորտներում բարեկամություն հաստատել. «Հայաստանն էլ, Վրաստանն էլ շահագրգռված են այս երկու ժողովուրդների միջեւ լավ հարաբերություններ ստեղծելուն: Վերջերս վրացական պատվիրակության այցելությունը Հայաստան՝ լուրջ քայլ էր եւ այն դրական հետք կթողնի երկրների պատմության վրա: Պակաս կարեւոր չէ նաեւ քաղաքների եղբայրացումը, ժողովուրդների բարեկամացումը: Նման երեւույթները հնարավորություն են տալիս տեսնել, թե ինչպիսի տնտեսական եւ այլ պոտենցիալ կարելի է օգտագործել ժողովուրդների եւ պետությունների հարաբերությունների բարելավման եւ զարգացման համար»:

Եղբայրացած քաղաքների միջեւ նախատեսվում է նաեւ կրթական օջախների բարեկամական համագործակցություն: Քոբուլեթիի շրջանային վարչության նախագահ Թենգիզ Զոիձեի հավաստմամբ, այս տարի ամռանը մի խումբ ալավերդցի երեխաներ իրենց հանգիստն անցկացրել են Քոբուլեթիում, իսկ այնտեղից ժամանած երեխաները օրերս են այցելել Ալավերդի. «Այսօրվա տոնը մեր ընդհանուր տոնն է, որովհետեւ մենք եղբայրացած քաղաքներ ենք: Ալավերդին հրաշալի քաղաք է, պղնձաձուլական գործարանն էլ հրաշալի էր: Ալավերդցիք ջերմ մարդիկ են, մենք շատ ջերմ ընդունելության արժանացանք»: Թ. Զոիձեի խոսքերով, համագործակցության հետագա ծրագրերի մասին Ալավերդու քաղաքապետի հետ կզրուցեն, սակայն, ինչպես նա նշեց, տնտեսության ոլորտում առայժմ ծրագրեր չկան: Նրա փոխանցմամբ՝ Քոբուլեթին կուրորտային քաղաք է, եւ տնտեսության ոլորտում անելիք այնքան էլ չկա, դրա համար էլ համագործակցությունը կլինի շինարարության ոլորտում: Պարոն Զոիձեի հավաստմամբ՝ Հայաստանից այս տարի մոտ 60 հազար զբոսաշրջիկ է այցելել Աջարիա:

Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգորի Վարդանյանի վստահմամբ, 15 տարուց ավելի է, ինչ գործում է հայկական համայնքը, որը ակտիվորեն մասնակցել է 3 քաղաքների եղբայրացման գործընթացներին: Նրա խոսքերով, նախատեսվում է համաձայնություն ձեռք բերել Բաթումի եւ Երեւանի պետական համալսարանների միջեւ. «Վաղուց անցել են այն ժամանակները, երբ կարծիք կար, թե Աջարիայում հայերը կոշկակարությամբ են զբաղվում: Այսօր հայերը ոչ միայն բիզնեսի, տուրիզմի ոլորտներում են աշխատում, այլեւ շատ կարեւոր պաշտոններ են զբաղեցնում»: Վրացական պատվիրակությունը Ալավերդու քաղաքապետարանի աշխատակիցների հետ այցելեցին «ACP» ընկերության Ալավերդու մետալուրգիական արտադրամաս եւ գործարանի պատմության թանգարան:

Ալավերդին հոկտեմբերի 20-ին նաեւ նշեց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու 6-ամյակը, որը կառուցվել է «Վալլեքս գրուպի» հովանավորությամբ: Քաղաքի տոնն ավարտվեց շքեղ հրավառությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել