Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միչուրինյան թեմաները՝ Սունդուկյանի խաղացանկում

Հոկտեմբեր 23,2007 00:00

\"\"Դրամատուրգ Նելլի Շահնազարյանն այն հարստացրեց «Իմ ծաղկած դեղձենիով»

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, պարզվում է, շատ են սիրում տարբեր բույսեր ու ծառեր: Դրա վկայությունն է թատրոնի միչուրինյան թեմաներով խաղացանկը՝ Չեխով «Բալի այգին», Պետրոսյան՝ «Ես մի ծառ եմ ծիրանի»… Օրերս էլ շարքը համալրվեց դրամատուրգ Նելլի Շահնազարյանի «Իմ ծաղկած դեղձենիով»: Մնում է սպասել, որ գուցե առաջիկայում խաղացանկում կհայտնվեն նաեւ Սարոյանի «Խաղողի այգին», Զորյանի «Խնձորի այգին» ու էլի նման գործեր: Պիեսների վերնագրերը, իհարկե, այնքան էլ կարեւոր չեն, մանավանդ, ինչպես նշում են թատերական գործիչներից ոմանք, գլխավորը՝ ազգային թատերգության հանդեպ վերաբերմունքն է, հայ գրողներին թատրոն բերելու մղումը, ինչը ոչ միշտ է արդարացված:

Շահնազարյանի «Իմ ծաղկած դեղձենին» նշանակալի էր նրանով, որ, ի վերջո, իրականացվել էր Սունդուկյանի եւ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնների համատեղ նախաձեռնությունը, ինչպես ներկայացումից առաջ նշեց բեմադրության հեղինակ եւ երկու թատրոնների գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը՝ «մայրաքաղաքից դուրս գտնվող թատրոնների եւ ակադեմիական թատրոնի միջեւ ստեղծագործական կապերն ամրապնդելու եւ արվեստն ապամայրաքաղաքականացնելու համար»: Գ. Սունդուկյանի անվան թատրոնում Նելլի Շահնազարյանի այս պիեսը շատ երկար էր փորձվել, ասում են՝ 5-6 տարի, հետեւաբար՝ դժվար ու երկար սպասված ծնունդ էր:

Որքան էլ բեմադրությունը համատեղ նախագիծ համարվեց, այնուամենայնիվ, միայն մեկ դերակատար էր հրավիրված Վանաձորից. ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը, որը մարմնավորեց Անդրեի կերպարը եւ կարողացավ ձուլվել ակադեմիականի դերասանախմբին ու շատ հարցերում անգամ սեփական ռիթմն ու գեղարվեստական որակները դարձնել թելադրող: Պիեսի վանաձորյան բեմադրության մեջ հանդես եկող Մայր թատրոնի դերասանուհի Ալլա Վարդանյանը (Արուսյակ) երեւանյան բեմադրության մեջ էլ է հանդես գալիս: Մյուս դերակատարներն էին ՀՀ վաստակավոր արտիստներ Կարեն Ջանիբեկյանը, Ջուլիետ Ստեփանյանը, դերասան Անդրանիկ Խաչատրյանը եւ ուրիշներ: Բեմադրության նկարչական ձեւավորման հեղինակն էլ ՀՀ վաստակավոր նկարիչ Գրիշա Սահակյանն էր:

«Շնորհակալ ենք Նելլի Շահնազարյանին՝ 60 տարեկան տղամարդկանց հիշելու եւ նրանց մասին պիես գրելու համար: Այո, սիրահարվելու համար գլխավորը տարիքը չէ: Նկատեցի՞ք՝ անգամ որդուն ամուսնացրած եւ օջախ հարս բերած տարեց տղամարդու մեջ ինչպիսի ազնիվ կիրք կար դեպի սիրած էակը…»,- «Առավոտին» ասաց գրականագետ Ավիկ Իսահակյանը:

Ի դեպ, վերջին տարիներին Մայր թատրոնի պրեմիերաներին երբեք այսչափ գրողներ եւ գրականագետներ չէինք հանդիպել, նրանցից շատերը, ինչպես նկատեցինք, հավանաբար, վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ էին գալիս թատրոն, ու այդ պատճառով էլ մի տեսակ սառն ու անհաղորդ էին, անգամ՝ շփոթված. չգիտեին՝ հավանե՞ն, թե՞ չհավանեն իրենց տեսածը, ի՞նչ չափանիշներով գնահատեն ներկայացումը: Ոմանք «Առավոտի» հետ իրենց տպավորությունները չկիսելն արդարացրին հետեւյալ կերպ. «Համբերեք, մի քանի ներկայացում էլ լինի, հետո սիրով կհայտնենք մեր կարծիքը»։ Մի թատերագետի էլ, չգիտես ինչու, «Իմ ծաղկած դեղձենին» հիշեցրել էր հանրահայտ «Հեղնար աղբյուրը»:

Պիեսում ընդգծված էր սիրո, մասնավորապես՝ կյանքի հասարակածը հատած մարդկանց սիրո խնդիրը: Տեղ-տեղ ներկայացումը գրավում էր բեմադրիչ Վահե Շահվերդյանի ռեժիսուրայի ինքնատիպ լուծումներով, իսկ դերասանական խաղում դեռ թերի շատ բան կար, ինչը ցանկացած պրեմիերայում անխուսափելի է:

Ցավոք, այսօրվա հանդիսատեսն այնքան է հեռացել թատրոնից, որ անգամ հանրաճանաչ դերասաններին է զլանում ծափահարել: Օրինակ՝ «Իմ ծաղկած դեղձենիի» դեպքում, եթե հանդիսատեսի կարգավիճակում չլիներ Մուրադ Ջանիբեկյանը, ապա ծափողջույններով այդպես էլ չէր «նշանավորվի» սիրված դերասան Կարեն Ջանիբեկյանի մուտքը բեմ: Այլ կերպ ընդունվեց դարձյալ սիրված դերասանուհի Ջուլիետ Ստեփանյանի մուտքը։ Հանդիսատեսին նա քաջ հայտնի է հեռուստագովազդներից եւ հումորային ծրագրերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել