Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դպրոցն «ընդդեմ» դպրոցի

Հոկտեմբեր 23,2007 00:00

\"\"Հովտամեջի դպրոցը դեռ չի գործում, Ծիածանում էլ աշակերտ չի մնացել

Տարիներ շարունակ Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղը դպրոց չի ունեցել, եւ աշակերտները հաճախել են հարեւան՝ Ծիածան գյուղի դպրոց: Այս տարի պետբյուջեի միջոցներով Հովտամեջում դպրոց է կառուցվել: Դեռեւս ուսումնական տարվա սկզբին խոսակցություններ էին շրջանառվում, թե դպրոցի կառուցման համար գյուղն ավելի շատ աշակերտների թիվ է ներկայացրել, քան իրականում է, եւ հնարավոր է այդ պատճառով դպրոցը չբացվի, եւ շենքն այլ նպատակների ծառայի: Ծիածանի դպրոցում էլ արդեն հույսները կտրել են եւ ուսուցիչներին դասաժամերը բաշխել՝ նկատի ունենալով նաեւ հովտամեջցի աշակերտներին: Ավելին, Հովտամեջի դպրոցը պաշտոնապես կբացվի հոկտեմբերի 30-ին: Փաստորեն, այս երկու ամիսները Ծիածանի ուսուցիչների համար լարված շրջան են, քանի որ դպրոցի բացվել-չբացվելով են պայմանավորված շատերի աշխատավարձերն ու աշխատատեղերը: Մեզ չհաջողվեց պարզաբանումներ ստանալ Ծիածանի միջնակարգ դպրոցի տնօրեն Վալերիկ Բաբայանից: Արմավիրի մարզպետարանի կրթության բաժնի պետ Գայանե Սայադյանն էլ «Առավոտի» հետ զրույցում հերքեց Հովտամեջի դպրոցի չբացվելու մասին լուրերը: Նա հայտնեց, որ պետբյուջեից դպրոցի կառուցման համար գումար է հատկացվել, որի մեջ ներառված չէր կահույքի հասանելիքը: Ըստ տիկ. Սայադյանի, միայն վերջերս է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը միջոցներ հայթայթել եւ դպրոցը կահավորել. «Դա է միակ պատճառը, որ դպրոցն ուշ է շահագործման հանձնվում: Երբ որեւէ դպրոց է կառուցվում, նախապես աշակերտների թիվ է ներկայացվում: Ասվել էր, որ 190 աշակերտ պիտի լինի, մինչդեռ հավաքվել է 170-ը: Սրա մեջ արտառոց ոչինչ չեմ տեսնում, մինչ դպրոցի շահագործումը՝ տարիներ են անցել, եւ բնական է, որ աշակերտների թիվը նվազել է»:

Պարզվում է, որ այդ նվազումից տուժել են միայն Ծիածանի ուսուցիչները: Աշակերտների թվաքանակի կրճատումից կախված՝ պակասել են նաեւ նրանց դրույքաչափերը եւ շատ հավանական է, որ մի օր էլ դպրոցի տնօրենը որոշի, թե կես դրույքաչափով չապահովված ուսուցչին պահելը նպատակահարմար չէ ու ազատվի նրանից: Ի դեպ, Գ. Սայադյանը խիստ հրահանգել է, որ ուսուցիչները համատեղության կարգով չաշխատեն: Սա չհերքեց նաեւ ինքը՝ վարչության պետը. «Եթե ուսուցիչներից ոմանք գոնե կես դրույքով աշխատանք ունեն, ապա կան մարդիկ, որ ընդհանրապես չունեն: Քիչ առաջ ինձ մոտ բարձրագույն կրթությամբ ֆիզիկայի մասնագետ էր եկել, որը երկու անչափահաս երեխաների մայր է, ասում էր, որ պատրաստ է Էջմիածնից հասնել Հովտամեջ: Նա երեք տարի այդ աշխատատեղին էր սպասում, ի՞նչ եք առաջարկում՝ չտեղավորե՞մ: Ինչ վերաբերում է դրույքաչափերի կրճատմանը, ապա այստեղ ի՞նչ կարող ենք անել, թող կրճատվեն, եթե դպրոցները թերծանրաբեռնված են: Ի վերջո, մենք միակը չենք հանրապետությունում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել