Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳԱԼԱ»-ԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆԵՂԵԼ

Հոկտեմբեր 23,2007 00:00

Պատճառը, ըստ Գյումրիի անկախ հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանի, հանրապետության առաջին նախագահ

Լեւոն Տեր-Պետրոսյանին ու «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին եթեր տրամադրելն է:

«Գալա»-ին «կարգի հրավիրելու» պարտականությունը միանգամից դրվել է մի շարք կառույցների վրա՝ ազգային անվտանգության, հարկային տեսչության, ռադիոհեռուստատեսային հանձնաժողովի, անգամ մարզպետարանի չինովնիկների: Մի խոսքով, ինչպես կատակում են հեռուստաընկերության աշխատակիցները, բացի Ջրմուղից ու Սանէպիդից, անկախ հեռուստաալիքին բոլորը խելք-խրատ տվող են դարձել: Մայրաքաղաքի չինովնիկները վերջին մի քանի օրվա ընթացքում այնքան են այցելել ու հեռախոսազանգերով զզվեցրել անկախ հեռուստաալիքի տնօրինությանը, որ «Գալա»-ի հիմնադիր Վահան Խաչատրյանը երեկ որոշել էր միանգամից պատասխանել բոլորին՝ հանդես գալով հետեւյալ հայտարարությամբ. «Հարգելի համաքաղաքացիներ, յուրաքանչյուր հեռուստաընկերության սեփականատեր նախ եւ առաջ պետք է գիտակցի, որ հեռուստատեսությունը ոչ թե անհատի, այլ առաջին հերթին հանրության սեփականությունն է: ԶԼՄ-ն կոչված է օբյեկտիվ ու բազմակողմանի ներկայացնելու հասարակական բոլոր գործընթացները: Այն հասարակությանը հավասարաչափ պետք է ներկայացնի քաղաքական գործընթացների ողջ սպեկտորը՝ եզրակացություն անելու իրավունքը թողնելով ժողովրդին: Գյումրիի անկախ լրատվական ալիքը ստեղծվել եւ ձեւավորվել է հենց այդ սկզբունքների հիմքի վրա եւ իր երկամյա գործունեության ընթացքում մնացել է այդ սկզբունքներին հավատարիմ: Ուզում եմ շեշտել, որ «Գալա» հեռուստաընկերության դիրքորոշումը այսուհետ չի փոխվելու, եւ ես, որպես սեփականատեր, թույլ չեմ տա միջամտության որեւէ փորձ որեւէ կառույցի կամ անհատի կողմից»:

«Առավոտը» հեռուստատեսության սեփականատիրոջից հետաքրքրվեց, թե կոնկրետ ովքե՞ր են իրեն անհանգստացրել. «Դա ինձ համար ցանկալի թեմա չէ, ես չէի ուզենա խորանալ՝ անուններ թվարկելով, միայն կարող եմ ասել, որ փոքր մարդիկ են, որոնք պետք է անեն այն, ինչ հանձնարարված է անել: Իրենք մեղավոր են նրանով, որ այդ պաշտոններն են զբաղեցնում: Օրինակ, ես երբեք նման պայմաններում չէի աշխատի ու չէի հայտնվի այնպիսի կարգավիճակում, որ ստիպված լինեի ինչ-որ մեկին ինչ-որ բան խնդրել, մարդկայնորեն ես իրենց հասկանում եմ՝ թույլ կամքի տեր մարդիկ են, ովքեր մտել են ինչ-որ սիստեմի մեջ ու պարտավոր են դրան ծառայել»: «Գալա»-ի հիմնադրի վստահեցմամբ՝ իր վրա ճնշումներ չեն եղել, իրեն պարզապես խնդրել են անցանկալի անձանց եթեր չհեռարձակել, ինքն էլ խնդրանքը մերժել է՝ այսպիսով սահմանափակելով տհաճ թեմայի շուրջ զրույցները: «Մեր հեռուստաընկերության անվան մեջ անգամ կա անկախ բառը, երկու տարի շարունակ մենք այդ սկզբունքով ենք շարժվել առաջ: Այսուհետ եւս ասելիք ունեցող ցանկացած քաղաքական գործչի եթերաժամ է տրամադրվելու: Ես ինքս իմ լրագրողներին ազատ եմ թողնում, ինձ թույլ չեմ տալիս հրահանգ տալ նրանց՝ այսպես կամ այնպես նյութը սարքել, նախ այն պատճառով, որ ես պրոֆեսիոնալ չեմ, լրագրող չեմ, բացի այդ՝ ես կուզենայի, որ լրագրողները էս փոքրիկ կոլեկտիվի մեջ լինեն ազատ ու անկախ: Իրենք հենց էդ են տեսել ու էդ են սովորել ու այլ կարգի հրահանգ կամ խնդրանք մինչեւ օրս ինձանից՝ սեփականատիրոջից չեն ստացել: Ես իմ ամբողջ կյանքում ուրիշից ոչ մի բան չեմ խնդրել եւ մյուսների՝ ինձ ուղղված խնդրանքն էլ չեմ ընդունել»,- վստահեցնում է Վահան Խաչատրյանը:

Իսկ մի՞թե վերջինս չի վախենում «Ա1+»-ի բախտին արժանանալուց: «Չեմ վախենում, չունեմ որեւիցե խնդիր կորցնելու հեռուստատեսությունը կամ այս քաղաքում ունեցած իմ մյուս սեփականությունները, որովհետեւ ցանկացած երկրում, ցանկացած տեղ ես կարող եմ ստեղծել նյութական արժեքներ, ես ունեմ այդքան բագաժ, մտավոր կարողություն ու վստահ եմ, որ օտար տեղերում անհամեմատ ավելի շատ կստեղծեմ, քան այստեղ: Բայց քանի որ սա իմ հայրենիքն է, իմ ժողովուրդն է, իմ պետությունն է, ես աշխատում եմ ամեն ինչ անել, որպեսզի իմ ժողովուրդը օգտվի իմ ստեղծածից, էսօր իմ երկիրն ավելի շատ ունի իմ կարիքը, քան ես՝ երկրի»,- ասում է գործարար Վահան Խաչատրյանը՝ փաստելով, որ հեռուստատեսության «խաթր» մայրաքաղաքի հարկային տեսչությունից անգամ փորձել են կանգնել իրեն պատկանող օբյեկտի գլխին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել