Կույրերի միավորումն իր վարձակալներին վտարում է՝ տարածքը «SAS» ընկերությանը հատկացնելու նպատակով:
Անցած շաբաթ օրը, գիշերը ժամը 3-ի սահմաններում, երկու անհայտ անձինք Կոմիտասի 52 հասցեում գտնվող խանութի դիմացի 2 առողջ ծառերը կտրել են ու այդպես թողել գետնին ընկած: Խանութի աշխատակիցների պատմելով, այդ ամենին գիշերը ականատես է եղել հարեւան՝ մթերային խանութի պահակը, որն էլ, ըստ աշխատակիցների, երբ փորձել է խոչընդոտել ծառերը սղոցելուն, նրան սպառնացել են՝ չխառնվել, քանի որ իրենց ուղարկել է «SAS-ի Արտակը»: Պահակի ներկայացմամբ, ծառ կտրողները հայտարարել են, որ «SAS» սուպերմարքեթի տնօրեն Արտակ Սարգսյանը պատրաստվում է այդ հասցեում սուպերմարքեթ բացել: Կիրակի առավոտյան «Առավոտը» եղավ նշյալ հասցեում: Մեր այցելության պահին կտրատված ծառերը դեռեւս տարածքից չէին հեռացվել: Հարակից շենքի բնակիչների ահազանգով դեպքի վայր էին ժամանել նաեւ Արաբկիրի թաղապետարանի ներկայացուցիչներ, Արաբկիր համայնքի ոստիկանության մի խումբ աշխատակիցներ, որոնք հատված ծառերի վերաբերյալ արձանագրություն կազմեցին: Այժմ գործը քննության փուլում է: Երեկ «Առավոտի» հետ զրույցում «SAS» ընկերության նախագահ Արտակ Սարգսյանը կտրականապես հրաժարվեց, որ ինքը որեւէ մեկին ուղարկել է ծառ կտրելու: Նրա խոսքերով. «Ես որեւէ կապ չունեմ այդ ծառերը կտրելու հետ: Ավելին, նման արարքը խիստ դատապարտում եմ: Եթե այդ ամենի մեջ իմ անունն է շահարկվում, ես պատրաստ եմ, որպես գործարար, այդ տարածքում կտրված ծառերի փոխարեն նոր ծառեր տնկել»:
Ճիշտ է, Կոմիտաս 52 հասցեում գործող խանութի վարձակալները որեւէ ապացույց չունեին, սակայն մեզ հետ զրույցում նրանք համոզմունք հայտնեցին, որ ծառերը հատվել են Ա. Սարգսյանի հրահանգով, քանի որ վերջինս ծրագրել է իրենց խանութի տեղում սուպերմարքեթ բացել եւ տարածքն ընդլայնել: Նրանց ներկայացմամբ, մի քանի ամիս առաջ իրենց սեփականատեր կույրերի միավորումը առանց վարձակալներին՝ «Կարաշ» ՍՊԸ-ին զգուշացնելու վարձակալական պայմանագիրը խզել է՝ պատճառաբանելով, որ տարածքն ապօրինի են զբաղեցնում: Միավորումը նոր պայմանագիր է կնքել մեկ այլ՝ «Սենարբա» ընկերության հետ, որը պատկանում է «SAS» ընկերությանը: Վարձակալների խոսքերով. «Կույրերի միավորումն ասում է, որ մեր՝ իր հետ կնքած պայմանագիրն իրավական ուժ չունի, քանի որ նոտարում գրանցված չէ: Չնայած նրան, որ մենք տարիներ շարունակ դիմել ենք նրանց, որպեսզի մեր վարձակալական պայմանագրերը նոտարով վավերացվեն, անընդհատ ձգձգել են: Հիմա էլ ասում են, որ մենք անօրինակա՞ն ենք գործում: Եթե ապօրինի ենք տարածքը զբաղեցրել, ինչո՞ւ 7 տարի շարունակ միավորումը մեզ չէր վտարում տարածքից: Մենք 7 տարի շարունակ հարկ ենք վճարել, հենց այդ պայմանագրերի հիման վրա բանկերից վարկ ենք վերցրել, այդ ինչպե՞ս ենք անօրինական գործում: Ամեն տարի պայմանագիրը վերակնքել ենք, այս տարի էլ նրանց հետ անժամկետ պայմանագիր ենք կնքել»:
Վարձակալական պայմանագիրը վավեր ճանաչելու հայցով «Կարաշ» ընկերությունն ընդդեմ կույրերի միավորման դիմել է դատարան:
Եվ մինչ դատարանը կվճռի, թե ովքեր են տարածքի օրինական տերերը, կույրերի միավորման տնօրինությունը գործող խանութի էլեկտրաէներգիան եւ հեռախոսն անջատել է:
Երեկ մեզ հետ զրույցում կույրերի միավորման փոխնախագահ Թովմաս Մովսիսյանը հայտնեց, որ «Կարաշ» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագիրը իրավական ուժ չունի, քանի որ նոտարում գրանցված չէ: Իսկ ինչ վերաբերում է վարձակալների այն պնդումներին, թե տարիներ շարունակ հենց կույրերի միավորումն է հրաժարվել իրենց պայմանագրերը նոտարում գրանցել, Թ. Մովսիսյանն ասաց. «Նրանք տարածքը վարձակալել են կույրերի միավորմանը պատկանող «Ուղեկից» ՍՊԸ-ից, որն էլ լուծարվել է: Իսկ թե «Ուղեկիցի» տնօրենն ինչու չի գնացել նոտար՝ ես չեմ կարող ասել»:
Թ. Մովսիսյանը հերքեց նաեւ այն, որ իրենք տարածքը հատկացրել են «SAS» ընկերությանը: Մինչդեռ վարձակալները պնդում են, որ «Սենարբա» ընկերությունը նույնպես պատկանում է «SAS»-ին:
«Առավոտի» հետ զրույցում Արաբկիր համայնքի թաղապետ Հովհաննես Շահինյանը նույնպես խոստացավ մոտ օրերս այդ տարածքում նոր ծառեր տնկել. «Այն, ինչ կատարվել է, անբարոյական պատվեր է եղել, կարծում եմ՝ իրավապահները մինչեւ վերջ խորամուխ կլինեն: Ընդհանրապես կտրված ծառերը բարբարոսներն իրենց հետ տանում են: Սակայն այս դեպքում տարօրինակ է, որ թողել են փողոցում»: