Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2008-Ը ԿԴԻՄԱՎՈՐԵՆՔ ԱՌԱՎԵԼ ԳԵՂԵՑԻԿ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՎ

Հոկտեմբեր 23,2007 00:00

\"\"Քաղաքապետ Երվանդ Զախարյանն ամեն գիշեր լինում է շինհրապարակներում

Որ տարեվերջին Երեւանը մեզ կներկայանա նոր տեսքով եւ հետիոտն ու տրանսպորտային միջոցների տեղաշարժման համար առավել հարմարեցված ճանապարհներով՝ այսօր արդեն կասկած չկա: Դրանում, թերեւս, ավելորդ անգամ համոզվեցինք Երեւանի քաղաքապետարանի ծրագրերով իրականացվող շինարարական օբյեկտներում գիշերային շրջայցի արդյունքում: Ի հեճուկս երբեմն հնչող թերահավատության, Երեւանի քաղաքապետի քաղաքաշինության գծով տեղակալ Կարեն Դավթյանը եւ ԾԻԳ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանը շրջայցից հետո վստահորեն հայտարարեցին, որ բոլոր ժամկետներն իրատեսական են եւ աշխատանքները կավարտվեն ըստ նախապես սահմանված գրաֆիկի: Այն է՝ տարեվերջին: Կպահպանվեն նաեւ, այսպես կոչված, փուլային ժամկետները: Այսինքն, արդեն նոյեմբերի կեսերին շահագործման կհանձնվեն կառուցվող տրանսպորտային հանգույցների բանուկ՝ վերգետնյա հատվածները. «Ամենադժվարն արդեն անցել ենք, դա կոմունիկացիաների տեղափոխումն էր: Այսօր բոլոր օբյեկտներում կոմունիկացիաները տեղափոխված են եւ զուգահեռ կատարվում են բետոնացման աշխատանքներ»,- ասում է պարոն Դավթյանը: Ի դեպ, բարդություններ են առաջացել այն առումով, որ ոչ բոլոր կոմունիկացիաներն են քարտեզագրված եղել եւ ներառվել նախագծերում: Քանդման արդյունքում բացահայտվել են անօրինական միացումներ, որոնք օրինականացնելը լրացուցիչ ժամանակ եւ ջանքեր է պահանջել: Ստորգետնյա հատվածներում հարդարման աշխատանքները կշարունակվեն մինչեւ տարեվերջ: Բացառություն կկազմի «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող ամենամեծ տրանսպորտային հանգույցի շինարարությունը, որի վերգետնյա հատվածը շահագործման կհանձնվի տարեվերջին, իսկ մնացյալ աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարի:

Նշենք, որ քաղաքապետի հանձնարարականով շինարարներն աշխատում են երեք հերթով: Հարցին՝ արդյո՞ք ժամկետների մեջ կտեղավորվեք, շինարարները հումորով էին պատասխանում. «Քաղաքապետը չի թողնի, որ չտեղավորվենք»: Պարզվում է՝ Երվանդ Զախարյանն ամեն գիշեր այցելում է շինհրապարակներ եւ շինարարներն ամեն անգամ քաղաքապետին ցույց տալու նոր բան պետք է ունենան:

Միանգամայն նոր տեսքով երեւանցիներին կներկայանա նաեւ Ազատության պողոտան: Մեր այցելության ժամանակ վերջնական հարդարման աշխատանքներ էին կատարվում պողոտայի՝ «Հաղթանակ» զբոսայգուն հարող տարածքում: Քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանից տեղեկացանք, որ պողոտայի ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են նոր ձեռք բերած գերժամանակակից տեխնիկայով, որոնց առավելությունները բազմաթիվ են, ինչն էլ նպաստում է աշխատանքների արագ եւ որակով իրականացմանը: Ասենք, ասֆալտ փռող մեքենան ասֆալտը փռում է 9 մետր լայնությամբ եւ այնքան մեծ խտությամբ, որ հարթեցնող մեքենայի անցնելուց հետո լրացուցիչ հետքեր չեն առաջանում: Դա հնարավորություն կտա կրկնակի երկարացնել ճանապարհի կյանքը: Ինչպես հայտնի է՝ ձմռան ընթացքում ներծծվող ջրային զանգվածը արագ շարքից դուրս է բերում ցանկացած ասֆալտապատ տարածք: Այս դեպքում ապահովելով մեծ խտություն, այդ խնդիրը լավագույն լուծում է ստանում: Այս տարվա ծրագրով նախատեսված է նաեւ Բաբայան եւ Պարույր Սեւակի փողոցների ասֆալտապատում: Վերջինում բազալտե եզրաքարերը 90 տոկոսով արդեն շարված են եւ ընթանում են մնացյալ նախապատրաստական աշխատանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել