Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լուսավոր հեռանկար»՝ ըստ Ահմադինեջադի

Հոկտեմբեր 23,2007 00:00

Երեկ Հայաստանի եւ Իրանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Մահմուդ Ահմադինեջադը Երեւանում համատեղ հայտարարություն են ստորագրել:

Հայկական եւ իրանական կողմերը ստորագրել են նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հուշագրեր: Բանակցություններից հետո երկու նախագահները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով, որի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նշեց, թե տարեսկզբից սկսած արդեն երկրորդ անգամն է հանդիպում իրանցի իր գործընկերոջը: Նրա խոսքերով, Իրանի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցը վկայում է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի մասին: «Իրանը մեզ համար կարեւոր գործընկեր է, մենք ունենք հարաբերությունների բավականին հագեցած օրակարգ»,- հայտարարեց ՀՀ նախագահը: Նրա խոսքերով, կայացած բանակցությունների ընթացքում կողմերը հաստատել են համատեղ իրագործվող խոշոր նախագծերի հանդեպ իրենց դրական վերաբերմունքը: Խոսքը, մասնավորապես, էներգետիկ ոլորտի մասին է՝ գազատարի կառուցում եւ նավթավերամշակող գործարանի շինարարություն: Քոչարյանը տեղեկացրեց, որ իրենց հանդիպումների ընթացքում քննարկվել է ապագայում երկու երկրները միացնող երկաթուղու կառուցման հեռանկարը: ՀՀ նախագահը նշեց նաեւ, որ իրանցի իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը: Քոչարյանի խոսքերով, «բաց եւ անկեղծ զրույցի» ընթացքում շոշափվել են նաեւ տարածաշրջանային այլ խնդիրներ:

Իր հերթին, Իրանի նախագահ Ահմադինեջադը հայտարարեց, որ հայ-իրանական բազմադարյա հարաբերությունները ՀՀ-ի՝ անկախություն ձեռք բերելուց հետո անընդհատ զարգանում են: Նա նշեց, որ կողմերը, բազմաթիվ այլ հարցերի թվում՝ հատուկ ուշադրություն են հատկացնում տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործմանը: ԻԻՀ ղեկավարի խոսքերով, «կան հնարավորություններ՝ երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու համար, ինչի հավաստումը Երեւանում կայացած շատ լավ բանակցություններն էին»:

Ահմադինեջադի բնութագրմամբ՝ «հայ-իրանական հարաբերությունների հեռանկարը շատ կառուցողական եւ լուսավոր է»: Այդ հարաբերությունների զարգացումը, բանախոսի մեկնաբանությամբ, բխում է ինչպես երկու երկրների ժողովուրդների, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության շահերից: Իրանի նախագահը վստահություն հայտնեց, որ մոտ ապագայում ՀՀ-ի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալներն արագորեն մեծանալու են: «Անկախ եւ զարգացած Հայաստանը ապրում է ի շահ տարածաշրջանի եւ տարածաշրջանային անվտանգության», հայտարարեց Ահմադինեջադը, հավելելով, թե Իրանը հանդես է գալիս տարածաշրջանի բոլոր երկրների բարեկամական եւ խաղաղ համագոյակցության օգտին: «Չկա որեւէ խնդիր, որը հնարավոր չլինի արդարացիորեն լուծել բանակցությունների միջոցով»,- հայտարարեց ԻԻՀ ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել