Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27-ի» մասի՞ն

Հոկտեմբեր 23,2007 00:00

Երեկ տեղի է ունեցել Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հերթական հավաքը

Երեկ տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարների ու անհատների հավաքը: Հանդիպմանը մասնակցում էին այն բոլոր կազմակերպությունները, որոնք մեկ շաբաթ առաջ հավաքվել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Առաջին նախագահն այդ կազմակերպչական բնույթի հավաքին ներկա չէր: Մասնավորաբար, քննարկվել են 26-ին կայանալիք հանրահավաքին այդ ուժերի մասնակցությանը եւ այլ հարցերին առնչվող մանրամասներ: Հայաստանի սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանից տեղեկացանք, որ 26-ի հանրահավաքը նվիրված է լինելու 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ողբերգական դեպքերին. «Մինչ այսօր յուրաքանչյուրս ապրում ենք այդ ողբերգական դեպքերը, եւ կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է ապրել իրավական երկրում, իր եւ իր զավակների ապագան ապահով տեսնել, պարտավոր է մասնակցել այդ հանրահավաքին»: Սա Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային երկրորդ ելույթն է լինելու տասնամյա լռությունից հետո, եւ շատերը այդ օրն ակնկալում են նրանից ծրագրային ելույթ լսել: Արդյոք այդպիսին չի՞ լինելու ելույթը՝ հետաքրքրվեց «Առավոտը»: «Այդ մանրամասները կիմանաք ամսի 26-ին»,- հակադարձեց տիկինը՝ հավելելով, որ, իր կարծիքով, այդքան էլ հարմար չի լինի այդ օրը ներկայացնել երկրի զարգացման հեռանկարի սեփական պատկերացումները՝ «առիթներ դեռ շատ կլինեն»:

Անկախ իշխանությունների կողմից արդեն իսկ ձեռք առնվող ջանքերի՝ մեր զրուցակիցը համոզված է, որ հանրահավաքը բազմամարդ է լինելու. «Արդեն իսկ սադրանքներ են արվում, բայց ժողովուրդը պետք է անսասան լինի, չտրվի դրանց: Ես վստահ եմ, որ մեր իրավապահներն էլ բարձր մակարդակով կկատարեն իրենց պարտքը. նրանք ժամանակին ցույց են տվել, որ չեն կարող վնասել սեփական ժողովրդին, այդ օրն էլ նույն տրամաբանությամբ կառաջնորդվեն»:

Ի դեպ, ամսվա վերջում ՍԴՀԿ ատենապետն այցելելու է Միացյալ Նահանգներ: «Առավոտը» հետաքրքրվեց այցի նպատակի եւ մանրամասների վերաբերյալ: Այն կապված է կուսակցական խնդիրների հետ՝ ԱՄՆ-ի արեւմտյան թեւը կազմակերպում է կուսակցության 120-ամյակին նվիրված միջոցառում, որի հիմնական բանախոսը լինելու է տիկին Սարգսյանը: Բացի այդ՝ «Ես ցանկանում եմ օգտվել առիթից եւ ներկայանալ հնչակյան սփյուռքին, ովքեր միանշանակ Տեր-Պետրոսյանի համակիրներն են եւ ողջունում են նրան պաշտպանելու մեր դիրքորոշումը՝ պատասխանել նրանց մոտ կուտակված բազում եւ օբյեկտիվ հարցերին: Դեկտեմբեր ամսին հավանաբար կլինեմ Սիրիայում եւ Լիբանանում ու նույն աշխատանքը տանելու եմ նաեւ այնտեղ: Մարդիկ պիտի հասկանան, թե ինչքան կարեւոր է այսօր երկիրն ազատել ղարաբաղյան կլանից, ինչը կապ չունի ղարաբաղցի ժողովրդի հետ»:

Տիկին Սարգսյանին հիշեցրինք, որ ոչ վաղ անցյալում կուսակցությունը բազմիցս է հայտարարել, թե նախագահական ընտրություններին մասնակցելու է սեփական թեկնածուով: «Ես չեմ բացառում, որ նման որոշում մենք դեռ կկայացնենք: Բայց նպատակը կլինի մեկը՝ օգտվելով հեռուստաեթերից՝ օգնել Տեր-Պետրոսյանին»,- խաղաքարտերը բացեց տիկին Սարգսյանը՝ վստահ լինելով, որ շատերը կհետեւեն իր օրինակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել