Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ»

Հոկտեմբեր 23,2007 00:00

\"\"Ակնհայտորեն ակնարկելով Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ասում է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

– «Ժառանգություն» խմբակցությունը ԱԺ նիստում «դեմ» քվեարկեց «ԼՂՀ-ն ճանաչելու մասին» Ձեր նախաձեռնությունը 90 օրով հետաձգելուն: Սակայն ինչո՞ւ «Ժառանգության» անդամները չընդդիմացան, երբ Ձեր բացակայության պատճառով հոկտեմբերի 19-ին հետաձգման որոշում կայացրեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:

– Ստեփան Սաֆարյանը ներկա է եղել այդ նիստին եւ իր պատրաստակամությունը հայտնել ներկայացնելու նախագիծը: Պարզապես նաեւ խնդրել է հանձնաժողովի անդամներին կարծիք հայտնել, թե իմ բացակայության պայմաններում ինչպե՞ս են իրենք ցանկանում առաջնորդվել: Այս հարցը հանձնաժողովում պետք է լսվեր սեպտեմբերի 28-ին՝ օրինագիծը ներկայացնելուց հետո 30-օրյա ժամկետում: Սակայն ԱԺ կանոնակարգի խախտումով՝ սեպտեմբերի 28-ին չքննարկվեց: Ես այդ օրն ԱԺ-ում էի եւ պատրաստ էի ներկայացնել նախագիծը: Վերջին րոպեին որոշվեց հոկտեմբերի 19-ին քննարկել: Եվ հանձնաժողովի նիստում այն նույն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք անմիջապես շտապեցին քննադատել ու դատապարտել այս օրինագիծը՝ հարմար նկատեցին հետաձգել: Ես հարգում եմ իրենց խնդրանքը, եթե հետաձգումը պետք է, որ իրենց իսկ արտահայտած տեսակետները վերանայեն, լսումներ կազմակերպեն, ավելի խորը վերլուծեն Հայաստանի եւ ԼՂՀ-ի համար այս շատ կարեւոր հարցը: Եվ Ստեփան Սաֆարյանը հանձնաժողովում դրա համար չընդդիմացավ: Պարզապես ճիշտ չէ այս 90 օրվա հետաձգումը պատճառաբանելը իմ բացակայությամբ: Կարծում եմ, որ ավելի ճիշտ կլիներ ընդունել հանձնաժողովի նախագահի առաջարկը՝ 30 օրով հետաձգել, որ կարողանայի ինքս ներկայացնել այս օրինագիծը: Բայց քանի որ մեծամասնությունը որոշեց մինչեւ 90 օրով հետաձգել՝ ես դեմ եմ դրան ու կարծում եմ, թե այս օրինագիծն ավելի շուտափույթ քննարկում է ենթադրում:

– Եռամսյա ժամկետը համընկնում է այն շրջանին, որից հետո սկսվելու է նախագահական ընտրությունների քարոզարշավը, եւ ակնհայտորեն՝ ԱԺ-ն առժամանակ կդադարեցնի աշխատանքը: Վստա՞հ եք, որ իրոք կանցկացվեն խորհրդարանական լսումներ այս խնդրի վերաբերյալ:

– Ո՛չ, համոզված չեմ: Եվ եթե մենք տեսնենք, որ 90 օրով հետաձգումը սոսկ արհեստական, մարտավարական, ներքաղաքական նպատակներ հետապնդող որոշում էր՝ կպնդենք, որ հանձնաժողովում ավելի շուտ քննվի այս հարցը: Բայց մենք չենք շտապում՝ ներկայացրել ենք այս օրինագիծը, զերծ մնացել բազմաթիվ դատապարտող խոսքերի, քննադատությունների պատասխաններից: Կրկնում եմ՝ եթե իրոք անկեղծ է, որ մեծամասնությունը, նաեւ՝ կառավարությունն ուզում են վերանայել իրենց մոտեցումները ու խնդիրը «թայմինգի», այսինքն՝ ժամանակի ընտրության մեջ են դնում միայն՝ դա մեզ համար ընդունելի է: Եվ եթե այստեղ գործում է մանր նախանձը, խանդը՝ արդեն հայտնել եմ ԱԺ նախագահին, որ պատրաստ եմ հանել իմ անունն այդ օրինագծից, եթե այն ուզում է որդեգրել մեր մեծամասնությունը:

Այն, ինչ կարդացել, լսել եմ ուրիշներից օրինագծի նախաձեռնումին հաջորդող օրերի ընթացքում՝ ցույց է տալիս, որ մենք ունենք քաղաքագիտական եւ իրավագիտական մեծ տագնապ: Եվ իրենց ազգայնական կամ ազատական համարող շրջանակները՝ բոլո՛րն էլ, բացի քննադատությունից ու, իմ կարծիքով, չմտածված բառակապակցություններից՝ որեւէ այլընտրանք չեն ներկայացնում: Այո՛, մենք ուզում ենք, որ շարունակվի բանակցային գործընթացը: Բայց կարծում եմ, որ ԱԺ-ն միաժամանակ իրավունք ունի արտահայտել իր տեսակետն ու դիրքորոշումը: Եվ այս նախաձեռնությունը կարգավորում է Հայաստանի եւ ԼՂՀ-ի հարաբերությունները: Հերիք է, որ մենք ապրենք դե-ֆակտո իրավիճակներում: Վերջապես դե-յուրե պիտի դարձնենք մեր հարաբերությունները:

– Ձեզ համար բացատրություն ունի՞, թե ինչպես է ստացվում, որ երբ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան հարցումներ է անցկացնում «Գելափի» համակարգմամբ՝ ստացվում է, որ 66%-ը դրական է վերաբերվում «Ժառանգության» գործունեությանը, եւ 19%-ն էլ Ձեր անունն է տալիս հարցին ի պատասխան, թե ո՞ր թեկնածուի օգտին կքվեարկեր, եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի: Իսկ երբ նույն ասոցիացիան հարցում է անցկացնում առանց «Գելափի»՝ ստացվում է, որ «Ժառանգությանը» համակրում է միայն 7,1%-ը, իսկ Ձեր օգտին քվեարկելու էլ պատրաստ է 12,3%-ը:

– Նախ, բոլորս գիտենք, որ Հայաստանում հանրային հարցումները եւ քաղաքական իրականությունը շատ անգամ տարբեր հասկացություններ են: «Գելափի» համակարգած հարցումը ցույց է տալիս, որ «Ժառանգությունը» եւ ես կարողացել ենք՝ հաղթահարելով տեղեկատվական շրջափակումը եւ տարատեսակ ճնշումները, գրավել մեր տեղը հասարակության վստահության սանդղակում: Դրանից հետո թե ինչու են փոխվում մոտեցումները՝ կարծում եմ, այստեղ կարող է քաղաքական հարց դրված լինի, միգուցե սեփական սայթաքումը սրբագրելու գայթակղություն լինի: Եվ վերջապես՝ նաեւ մեթոդաբանական խնդիր կա, քանի որ մենք միշտ չէ, որ մատույց ունենք հատկապես էլեկտրոնային ԶԼՄ-ներին: Կարծում եմ, որ մեր հանրային վարկանիշը նույնն է, ինչ նախընտրական շրջանում կամ «Գելափի» վերջին հարցման ժամանակ: Բայց միաժամանակ՝ վերջին ընտրությունը, այսինքն՝ մեր մեծամասնական փորձը 15-րդ ընտրատարածքում, ցույց տվեց, թե միշտ չէ, որ հանրային հարցման վարկանիշը կարելի է անմիջապես «թարգմանել» ընտրական արդյունքի:

– Ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն առայժմ չի հանդիպել Ձեզ հետ, այլ նաեւ՝ ՀՅԴ-ն, որն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել Արտաշես Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի հետ: «Ժառանգությունը» չկա եւ ոչ մի ձեւաչափում: Մի տեսակ մեկուսացա՞ծ չէ կուսակցությունը, ինչո՞ւ է հայտնվել ե՛ւ յուրայինների, ե՛ւ օտարների մեջ օտարի կարգավիճակում:

– Կյանքում ու քաղաքականության մեջ պատահում է, որ ճշմարտությունը մենավոր է: Ճշմարտությունն իր մեկնարկային պայմաններում ենթադրում է սկզբունքայնություն: Եվ գիտեք, թե ինչ տեսակի քաղաքական իրավիճակում ենք գտնվում: Ակնհայտ է, որ «Ժառանգությունն» ընդդիմադիր այլընտրանքներում առաջատարներից մեկն է: Եվ նրանք, ովքեր փորձում են չարախնդալ, մեկուսացնել, ձեւաչափերից բացառել մեզ՝ փաստորեն աչք են փակում այդ այլընտրանքի վրա: Բայց մենք միակ այլընտրանքը չենք: Եվ կարծում եմ, որ ցանկացած պետական գործիչ, նախագահ կամ ընդդիմադիր առաջնորդ, երբ ասում է, թե մենք այլընտրանք չունենք՝ փաստորեն խոստովանում է, որ տապալել են պետական իրենց պարտքը: Յուրաքանչյո՛ւրս պետք է ունենա այլընտրանք: «Ժառանգությունը» պատրաստ է այս անգամ ե՛ւ թեկնածու առաջադրել, ե՛ւ պաշտպանել, ե՛ւ հաջողության ձգտել, բայց դա կյանքի նպատակ չէ: Ու մենք դեռ դիտարկում ենք այդ հնարավորությունը, որ էլի փորձենք մասնակցել ժողովրդավարական ուժերի ավելի լայն համախմբմամբ, որը, սակայն, նախապաշարում չունի կամ ուղղորդված չէ, եւ որն առաջնորդվում է ոչ միայն արժեքներով, այլ հաղթանակ տանելու ճիշտ բանաձեւը գտնելու հրամայականով:

– «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանն «Առավոտին» ասել էր, թե «այսօրվա իշխանություններն իրավահաջորդն են Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ամեն առումով: Նրանց միջեւ որեւէ տարբերություն չկա»: Սա համահո՞ւնչ է Ձեր դիրքորոշմանը:

– Կարծում եմ՝ թեեւ կան որակական տարբերություններ, սակայն չի կարելի մերժել այն, որ այսօրվա արատները, որոնք խորացել ու ընդարձակվել են՝ ունեցել են իրենց ակունքը Հայաստանի անկախության առաջին տասնամյակի ընթացքում: Եվ այդ տեսակետից եղել է որոշակի պատասխանատվության փոխանցում, կա շարունակականություն՝ արժեքների, թերի պահվածքի, թույլ տված սխալների եւ արատների: Կարծում եմ, որ եթե ընդդիմադիր ցանկացած թեկնածու պիտի լուրջ հայտ ներկայացնի առաջիկա ընտրություններում՝ պիտի կարողանա ոչ միայն ներկայացնել այսօրվա իրավիճակի վերլուծականը եւ դեղատոմս առաջարկել, այլ նաեւ դեմ-հանդիման գալ անցյալի սխալներին ու արատներին: Եվ կարծում եմ, որ նաեւ ներողություն խնդրելու անհրաժեշտություն կա՝ ժողովուրդը սպասում է դրան: Հաջողելու համար յուրաքանչյուրը պիտի կարողանա բաց երեսով ընդունելով անցյալի ժառանգությունը, սխալները՝ առաջարկել նոր այլընտրանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել