Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՆԵՐԻ ԱՃԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ՞

Հոկտեմբեր 23,2007 00:00

ՀՀԿ խմբակցության անդամ, գործարար-պատգամավոր Մանվել Բադեյանը վստահ է, որ իշխանություններին շատ ավելի ձեռնտու է, որ գները ցածր լինեն եւ ոչ թե հակառակը:

– Գները անբնականորեն բարձրանում են, եւ դրա համար կարծես որեւէ մեկը պատասխանատվության կամ խիստ պատժի չի արժանանում: Դա քաղաքականություն չէ՞:

– Ինքս չգիտեմ կոնկրետ այս գների բարձրացման պատճառները, բայց առհասարակ տնտեսագիտության մեջ գների բարձրացումը հնարավոր է երկու դեպքում: Մեկը, երբ համաշխարհային շուկայում աճում է այս կամ այն ապրանքի գինը, հետեւաբար, մեր ներքին շուկայում եւս նմանատիպ գործընթացներ են տեղի ունենում, կամ՝ երբ մեր ներքին շուկայում մրցակցությունը բավականին ցածր է լինում, այսինքն՝ ի հայտ են գալիս մեկ կամ մի քանի գործարարներ, որոնք կարող են թելադրել մոնոպոլ գներ: Դրա դեմ պայքարելու համար մենք ստեղծել ենք հակամենաշնորհային հանձնաժողով, որը պետք է անընդհատ մոնիտորինգ իրականացնի եւ շուկայում գերակշիռ չափ ունեցող գործարարներին հսկի՝ ժամանակ առ ժամանակ կիրառելով համապատասխան սանկցիաներ: Եվ եթե գների բարձրացումը կապված չէ համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացների հետ, ապա մեր հակամենաշնորհային հանձնաժողովը պետք է արձագանքի այդ բարձրացմանը: Մենաշնորհը զսպելու մեխանիզմներ կան, եւ դա ամրագրված է օրենքով: Եվ այդ մեխանիզմները ոչ միայն տուգանքներն են, կարող են լինել նաեւ գների սահմանում, տարիֆների սահմանում եւ այլն: Բայց, կրկնում եմ, խնդիրը պահանջում է ուսումնասիրություն: Հացի մասին կոնկրետ գիտեմ՝ ողջ աշխարհում են բարձրացել եւ նույնիսկ որոշ երկրներում, օրինակ՝ Բուլղարիայում, հացի գինը վերջին մեկ ամսվա ընթացքում կրկնապատկվել է, Ռուսաստանում հացը թանկացել է 30 տոկոսով: Սրանք բացատրելի թանկացումներ են: Մնացած ապրանքների մասին ուղղակի տեղեկություն չունեմ:

– Դուք գների բարձրացման մեջ քաղաքականություն չեք տեսնում, բայց, վստահ եղեք, որ շարքային քաղաքացիները հաստատ տեսնում են քաղաքականության եւ գների բարձրացման միջեւ ամենաուղղակի կապ:

– Եթե ինչ-որ կապ կա, ապա, ընդհակառակը, քանի որ ընտրության նախաշեմին իշխանական քաղաքական ուժերը ձգտում են գները իջեցնել, ոչ թե բարձրացնել, որ ժողովուրդը ավելի լավ տրամադրվի: Գների բարձրացումը հակառակ էֆեկտի է բերում՝ դժգոհությունները մեծանում են: Այնպես որ, եթե իշխանությունը այս պարագայում ինչ-որ մի բան արել է, ապա վստահ եղեք՝ անպայման գները զսպելու ուղղությամբ է արել եւ պիտի անի անպայման: Բայց մեղադրել իշխանություններին, որ նրանք են դրդել գների բարձրացմանը, դա ուղղակի աբսուրդ է, նման բան չի կարող լինել, քանի որ դա առաջին հերթին իշխանություններին ձեռնտու չէ:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը գների բարձրացման հետ կապված իր գնահատականներում երեկ նկատեց, որ «Գների խնդիրը Ազգային ժողովի խնդիրը չէ: ԱԺ-ն ստեղծել է պետական մարմին, որը պիտի զբաղվի այդ խնդիրներով»: Ասաց նաեւ, որ որեւէ քաղաքական ուժ, որեւէ պատգամավոր կամ համապատասխան հանձնաժողովը երբեք չեն դիմել ԱԺ-ին՝ այդ հարցերին առնչվող օրենքները բարելավելու հարցով: «Առավոտը» նկատեց, որ նույն այդ մարմինը ուղղակի բավարարվել է չնչին տուգանքով, երբ կարող էր համապատասխան քայլեր ձեռնարկել որոշակի ապրանքատեսակների նկատմամբ մենաշնորհը վերացնելու ուղղությամբ, բայց չի արել, իսկ գները բարձրանում են, քանի որ մենաշնորհային արտոնություններ ունեցողներն են առավել ազատ գործում: Ի պատասխան այս հարցի, Տիգրան Թորոսյանը նախ առաջարկեց պարզել՝ գները խանութնե՞րն են բարձրացնում, թե՞ ներմուծողները: Իսկ հանձնաժողովը, ըստ ԱԺ նախագահի, ունի բոլոր լիազորությունները «նման ձեւով գործելու համար»: Երեւի նկատի ունի մենաշնորհը վերացնելը: Մենաշնորհ վերացնելը իշխանության ձեռքում չէ՞:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել