Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 20,2007 00:00

\"\"Սիրողական բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 15-ին մեկնել է Չիկագո, որտեղ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 4-ն անցկացվելու է աշխարհի առաջնությունը:

Մարզիկները մոտ մեկ շաբաթ հավաք են անցկացնելու տեղում, իսկ այդ ժամանակը բավարար է նաեւ կլիմայափոխվելու համար (Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ 10 ժամային գոտու տարբերություն կա):

Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ մրցավայր է մեկնել ութ մարզիկ: Նրանք են. Հովհաննես Դանիելյան՝ 48 կգ, Դերենիկ Գիժլարյան՝ 51, Վաչագան Ավագյան՝ 54, Ազատ Հովհաննիսյան՝ 57, Հրաչիկ Ջավախյան՝ 60, Էդուարդ Համբարձումյան՝ 64, Անդրանիկ Հակոբյան՝ 75, Ցոլակ Անանիկյան՝ 81: Մեկնումից առաջ մեր թիմը որոշակի դժվարությունների է բախվել, որոնք հարթել հնարավոր է եղել մասամբ: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հավաքականի հիմնական կազմի երկու մարզիկների՝ 54 կգ քաշային Գաբրիել Տոլմաջյանին եւ Սամվել Մաթեւոսյանին՝ 69 կգ, մուտքի վիզա չի տվել: Եվ եթե Գաբրիելին փոխարինող գտնվել է (հանրապետության կրկնակի չեմպիոն Վաչագան Ավագյանը հարկադրված է եղել արագ կարգով անձնական քաշը մեկ աստիճան բարձրացնել), ապա 69 կգ քաշային կարգը այդպես էլ մնացել է թափուր:

Արդեն հայտնի է, որ աշխարհի այս առաջնությունը մասնակիցների թվով ռեկորդ է սահմանել: Բանն այն է, որ Չիկագոյում, մեդալներից զատ, խաղարկվելու են նաեւ եկող տարի Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր: Եվ պատահական չէ, որ 11 քաշային կարգերում ընդհանուր առմամբ ռինգ է մտնելու շուրջ 650 բռնցքամարտիկ՝ յուրաքանչյուր քաշային կարգում՝ միջին հաշվով 60 հոգի:

Այս գիշեր Չիկագո մեկնեցին նաեւ մեր պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը եւ Սուրեն Ղազարյանը, որը հրավիրված է որպես մրցավար: Երեկ «Առավոտը» հարցազրույց ունեցավ պարոն Գաբրիելյանի հետ:

– Ինչպե՞ս եք գնահատում մեր բռնցքամարտիկների պատրաստվածության աստիճանը:

– Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, ՀԱՕԿ-ի եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարությունը թիմին մինչեւ մրցավայր մեկնելը հանդիպման էր հրավիրել: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը եւ մարզիկները նշեցին, որ այդ երեք կազմակերպություններն էլ արել են ամեն բան՝ աշխարհի առաջնությանը լավագուն ձեւով նախապատրաստվելու համար: Ոչ մի բողոք, դժգոհություն չեղավ: Մնում է սպասել, թե իրենք՝ մարզիչներն ու բռնցքամարտիկնե՞րն ինչպես կպատասխանեն արվածին: Նրանց կատարած աշխատանքի արդյունքները կերեւան ռինգում:

– Չիկագոյում օլիմպիական ուղեգրեր նվաճելու հնարավորությունների մասին խոսք չեղա՞վ:

– Առանց դրա հնարավոր չէ: Պարոն Մեհրաբյանն աշխարհի առաջնությունում մինչեւ չորս վարկանիշի ակնկալիք ունի: Տա Աստված, որ նրա խոսքերն իրականանան: Բայց ես մի քիչ կասկածում եմ դրան: Իմ կարծիքով, հնարավոր է պայքարել լավագույն դեպքում մինչեւ երկու ուղեգրի համար: Հետագայում՝ 2008-ին, մենք ունենք վարկանիշային եւս երկու մրցաշար՝ Իտալիայում եւ Հունաստանում, որտեղ ուղեգիր տրվելու է ամեն մի քաշային կարգում առաջին երկու տեղերը գրավողներին: Այ, եթե դրանցից յուրաքանչյուրում էլ կարողանանք 1-2 վարկանիշ ձեռք բերել՝ մենք մեր առավելագույնն արած կլինենք:

Չիկագոյում շատ բան կախված է լինելու վիճակահանությունից եւ մրցավարությունից: Բռնցքամարտում, ինչպես գիտեք, գործում է մրցակցության օլիմպիական համակարգը: Առաջին իսկ պարտությունից հետո մարզիկը դուրս է մնում պայքարից: Դրա համար էլ անչափ կարեւոր է, թե մեկնարկում ովքե՞ր բաժին կհասնեն մերոնց եւ թե մրցավարները որքա՞ն անկողմնակալ կգտնվեն: Գաղտնիք չէ, որ մենամարտի ելքի վրա հաճախ ճակատագրական ազդեցություն են ունենում նաեւ անդրկուլիսային խաղերը:

– Կուբան, որ մարզաձեւի գերհզոր տերություններից է, հրաժարվել է աշխարհի առաջնությանը մասնակցելուց: Նրանց բացակայությունը թեկուզ հենց մերոնց համար չի՞ թեթեւացնի ուղեգրեր նվաճելու խնդիրը:

– Կուբացիների բացակայությունով աշխարհի առաջնությունը մարզական առումով շատ կտուժի: Բայց դա չի նշանակում, որ մյուս երկրների մարզիկներն են թույլ։ Այնպես որ, մեր տղաները ռինգում պետք է աշխատեն։

– Աշխարհի առաջնություններին զուգահեռ՝ տվյալ մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների համաժողովներ են լինում: Տեղյակ չե՞ք, թե համաժողովում ինչ հարցեր են քննարկվելու:

– Օրակարգային հարցերին տեղյակ եմ: Բայց դրանց մեջ կարեւորում եմ հատկապես երկուսը, որոնք կապվում են կանոնադրական փոփոխությունների հետ: Առաջինը՝ մրցավարությունում միավորները համակարգիչների օգնությամբ գրանցելն ու հաշվելը վերացնելն է, որը բազմաթիվ ազգային ֆեդերացիաների ու մարզիկների համար իսկական գլխացավանք է, իսկ ոմանց համար՝ ուզածն անելու հրաշալի միջոց: Մյուսը՝ երկու րոպեից բաղկացած չորս ռաունդանոց մենամարտից երեք րոպեանոց երեք ռաունդին վերադառնալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել