Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աբովյանցիներն ու երեւանցիները «փորձարկվեցին»

Հոկտեմբեր 20,2007 00:00

\"\"Մաթեմատիկայի միասնական քննության թեստերը ԳԹԿ-ի աշխատակիցներից, ուսուցիչներից հետո հասան աշակերտներին:

Երեւանի եւ Կոտայքի մարզի հինգ հարյուր 11-րդ դասարանցի երեկ մասնակցեց մաթեմատիկայի միասնական թեստերի փորձարկմանը: ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Մանուկ Մկրտչյանը շրջայց կատարեց այն դպրոցներում, որտեղ փորձարկում էր անցկացվում: Նախ այցելեց Երեւանի թիվ 62, այնուհետեւ Մ. Խորենացու անվան թիվ 143 միջնակարգ դպրոցներ: «Փորձարկմանը մասնակցում է 50 աշակերտ: Մեր մաթեմատիկայի մասնագետներն էլ են մի քանի օր առաջ մասնակցել այսպիսի փորձարկման: Նրանց հավաստմամբ, թեստերում բավականին բարդ առաջադրանքներ էլ են եղել»,- «Առավոտին» տեղեկացրեց թիվ 143 դպրոցի տնօրեն Գարեգին Կոստանյանը: Մանուկ Մկրտչյանն էլ մեզ ներկայացրեց, որ մաթեմատիկայի թեստերի մշակման աշխատակազմը բախվել է թեստերի բարդության աստիճանի որոշման, քննության տեւողության եւ այլ խնդիրների. «Հանձնախումբն առաջարկում է մաթեմատիկայի քննության տեւողությունը դարձնել 3 ժամ՝ պնդելով, որ 4-րդն ավելորդ է: Ես այդպես չեմ կարծում: Այս թեստերը նոր բնույթի են, եւ իրավիճակն այլ է լինելու: Հաշվի պիտի առնել նաեւ այն փաստը, որ շատ աշակերտներ միավոր են կորցնում արտագրության ժամանակ, վերջում էլ մաքրագրելու ժամանակ չի մնում: Այդ հարցը այժմ հեշտացվել է, եւ աշակերտները պարզապես պետք է պատասխանների ձեւաթուղթը լրացնեն, մենք էլ 3.5 ժամի վրա ենք կանգնել»:

Մաթեմատիկայի թեստերը (Ա եւ Բ տարբերակները միասին) գնահատվելու են 80 միավորանոց համակարգով՝ 50-ը՝ ավարտական, 30-ը՝ բուհական «մասով»: «Ցանկացած հարց «զրո» կամ «մեկ» միավորով է գնահատվելու: Առաջադրանքներն էլ 3 տեսակի են. մի խումբն այնպիսին է, երբ պիտի 4 տարբերակներից մեկն ընտրեն, մյուսի համար առավելագույնը 4 միավոր է տրվելու, որը կուտակվելու է ենթահարցերի միավորներից: 3-րդ խմբի առաջադրանքներն ավելի նուրբ տեսական հարցեր ստուգելու համար են: Վերջիններից մինչեւ 6 միավոր հավաքելու հնարավորություն կա: Այստեղ երեխան ենթահարցերին կարող է պատասխանել «ճիշտ է», «սխալ է» եւ «չգիտեմ»: Ի դեպ, եթե «չգիտեմ» է պատասխանում, միավոր չի կորցնում»,- նշեց Մ. Մկրտչյանը: Տնօրենի պաշտոնակատարից հետաքրքրվեցինք, թե այս անգամվա միասնական քննությունների թեստերն է՞լ են Անգլիայում տպագրվելու: «Չգիտեմ, թե նախարարն ինչ որոշում կկայացնի, դա մեր կենտրոնի լիազորություններից դուրս է: Մյուս կողմից, կարծում եմ, որ դա մեր արժանապատվությանը հարիր չէ. Հայաստանում տպարան չկա՞, որ վստահենք եւ Անգլիա չհասնենք: Դա ազգային ամոթ եմ համարում»,- ասաց նա:

ԳԹԿ քննական առաջադրանքների մշակման եւ մեթոդական օժանդակության բաժնի վարիչ Գուրգեն Խաչատրյանն էլ ներկայացրեց թեստերի բովանդակությունը. «Այս տարվա թեստում ընդգրկել ենք վեկտորների եւ կոմբինատորիկա բաժինները: Նախկինում էլ էին դրանք ծրագրային համարվում, սակայն «Դիմորդի» լույս տեսնելուց հետո պարզվում էր, որ այդ բաժիններից խնդիրներ չկան: Եվ քանի որ դրանք առաջին տարին են ընդգրկվում, որոշել ենք պարզերից սկսել»: Գ. Խաչատրյանը մեզ նաեւ ներկայացրեց ուսուցիչների փորձարկման արդյունքները. «Նրանք 80-միավորից միջինը 62.3 են հավաքել, 77 միավոր վաստակող էլ է եղել: Դրականի սահմանը չհաղթահարողներ էլ են եղել, բայց փորձարկումն անանուն էր, չէինք ուզում որեւէ մեկի նեղացնել»:

Երեկ այցելեցինք նաեւ Աբովյան քաղաքի թիվ 2 եւ թիվ 10 դպրոցներ: Վերջինիս տնօրեն Վարդան Պետրոսյանը նկատեց. «Դպրոցական ծրագրերը ծանրաբեռնված են: Թեստերն ինչքան էլ պարզեցնենք, երեխաներն ի վիճակի չեն դրանք հաղթահարել»: Իսկ աշակերտներն այսպիսի կարծիքներ ունեին: «Չեմ կարող ասել, որ շատ հեշտ էր թեստը, բայց Ա մակարդակը հաղթահարեցի»,- ասաց Արմինե Թորյանը: «Բ տարբերակում բարդություններ կային, հատկապես երկրաչափական խնդիրներն էին դժվար»,- կարծում է Նարեկ Խաչատրյանը: «Այդքան էլ բարդ չէր: Բայց քանի որ անցյալ տարի սինուս-կոսինուսներին վերաբերող դասերը լավ չէինք յուրացրել, դրանք չկարողացա գրել»,- հայտնեց Վարդուհի Քարամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել