Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ՝ ՌՈՄԱՆՏԻԿ ԵՎ «ՊԼԱԿԱՏԱՅԻՆ»

Հոկտեմբեր 20,2007 00:00

\"\"Նաեւ՝ փոխնախարարական ու «բազեական» լուսանկարներով համեմված

Վերջերս կայացավ Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի շնորհանդեսը, Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանն էլ հայտարարեց, որ Հայաստանի երիտասարդությունը ԱՊՀ երկրների շարքում առաջինն է, որ ունի ազգային զեկույց: Վերջինիս պատրաստման համար տեղեկատվական հենք են հանդիսացել վիճակագրական, գիտական հրապարակումները, տարբեր թեմաներով սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Առաջինը, որ աչքի է ընկնում 205 էջանոց զեկույցում՝ «բազեական» ջահելների լուսանկարներն են՝ համապատասխան տարբերանշանով համազգեստներով, կարծես Հայաստանի երիտասարդությունը միայն «բազեներից» է բաղկացած: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար հավելենք, որ փոխնախարարի մեծ լուսանկարն էլ է «զարդարում» զեկույցը:

Գրքույկում նշված է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված երիտասարդական կազմակերպությունները երիտասարդության փոքր մասն էին ընդգրկում եւ միմյանց մասին տեղեկություն չունեին, իսկ «1990-ականներից աշխուժացել է երիտասարդական հ/կ-ների դերը ՀՀ քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարական պետության կայացման գործում»: Ասվում է նաեւ, որ ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված շուրջ 3000 կազմակերպությունների կեսը զբաղված է երիտասարդական խնդիրներով: Այլ հարց է, որ իրականում դրանք չեն լուծվում, եւ կազմակերպությունների մեծ մասի նպատակը հիմնականում գրանտներ «կպցնելն» է:

Զեկույցում նշված է, որ 2005-ից գործում է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության էլեկտրոնային վեբ-կայքը՝ www.youthpolicy.am: Այցելելով՝ կարդում ես պոպուլիզմախեղդ եւ դեկլարատիվ բնույթի հետեւյալ միտքը. «ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությունը կոչված է ստեղծելու ազգային եւ համամարդկային արժեքներին հաղորդակից, հայրենիքի եւ ժողովրդի նկատմամբ պատասխանատվության խոր գիտակցում ունեցող երիտասարդ սերնդի համակողմանի զարգացման, ինքնահաստատման եւ ինքնադրսեւորման իրավական, տնտեսական եւ կազմակերպական պայմաններ ու երաշխիքներ»: Զեկույցում գրված է, որ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության կողմից 2005թ. հրապարակված վիճակագրական տարեգրքի տվյալների, 16-30 տարեկան բնակչության թվաքանակը կազմել է 821600 մարդ, որն ընդհանուր բնակչության 25,6%-ն է: Ընդհանրապես, զեկույցում եղած թվային տվյալները հնացած են մի 4 տարով: Օրինակ, զբաղվածության պետական ծառայության 2003թ. տարեվերջի պաշտոնական տվյալներն են մեջ բերվում, ըստ որոնց՝ գրանցված է 33,9 հազար երիտասարդ գործազուրկ: Զեկույցի շրջանակներում իրականացված հարցումների արդյունքներով էլ պարզվել է, որ երիտասարդների շուրջ 22%-ը չունի աշխատանք: 13,2%-ը չաշխատելու պատճառ է նշել աշխատատեղի, 3,6%-ը՝ «մասնագիտական» աշխատանքի բացակայությունը, 1,1%-ը՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու խոչընդոտները: Երիտասարդ գործազուրկ կանայք կրկնակի շատ են տղամարդկանցից: Երիտասարդության ազգային զեկույցը տեղեկացնում է, որ Հայաստանից մեկնած երիտասարդների 19,3%-ը երկրից հեռանալու պատճառ է համարում պարզապես աշխատանք գտնելը, 17,2%-ը՝ կրթությունը, 16,6-%-ը՝ ընտանիքի մյուս անդամներին միանալը, 0,7%-ը՝ սոցիալ-տնտեսական անկայուն վիճակը, 5,6%-ը՝ քաղաքական անկայուն վիճակը եւ այլն: Ըստ նույն աղբյուրի, երիտասարդների 76,8%-ը ցանկություն է հայտնել հնարավորության դեպքում հեռանալ Հայաստանից, եւ սա այն դեպքում, երբ www.youthpolicy. am-ում լիքը խոստումներ կան նրանց պայծառ ապագայի վերաբերյալ:

Երիտասարդների շրջանում հարցումներ են անցկացվել իրավական առումով պաշտպանված լինելու թեմայով: 43,2%-ը հայտնել է, որ այս երկրում պաշտպանված չէ 13,5%-ը՝ մասամբ, 22,4%-ը՝ իրավական առումով լիովին պաշտպանված է համարում: 20,9%-ը դժվարացել է պատասխանել:

500 երիտասարդների շրջանում անցկացված հետազոտություններից պարզվել է, որ ընդամենը 28,2%-ը ունի ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ: Սեռավարակների, ՄԻԱՎՁԻԱՀ-ի վերաբերյալ երիտասարդների 14,2%-ի համար տեղեկատվության աղբյուրը ընտանիքն է, 39,8%-ի համար՝ ընկերները, մյուսների համար՝ ԶԼՄ-ները: Պարզվում է, երիտասարդների 15%-ը ամաչում է պահպանակ գնել, 4%-ը դժվարացել է օգտագործել, 60%-ի կարծիքով այն նվազեցնում է հաճույքը, 6,7%-ը ամաչում է զուգընկերոջը խնդրել այն օգտագործել, 15%-ը վստահում է զուգընկերներին, 4%-ը չգիտի պահպանակի օգտագործման արդյունավետության մասին:

Այս եւ բազմաթիվ այլ տվյալների հիման վրա զեկույցը կազմողները ընդհանրացումներ են արել, որ, օրինակ, անհրաժեշտ է. «երիտասարդների մոտ վաղվա օրվա նկատմամբ խաթարված վստահության վերականգնում եւ բարոյական ճգնաժամի աստիճանական հաղթահարում» կամ «կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված արդյունավետ քաղաքականության իրականացում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել