Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տղամարդկանց հավանել են

Հոկտեմբեր 20,2007 00:00

\"\"«Տղամարդիկ» ֆիլմի հերոսները «հանգրվանել» են Սարյանի պուրակում

Օրերս Երեւանում՝ Սարյանի պուրակում բացվեց Էդմոնդ Քյոսայանի հանրահայտ «Տղամարդիկ» ֆիլմի հերոսների հուշարձանը, որի մտահղացումը պատկանում էր ռեժիսորի որդիներին՝ Դավիթին եւ Տիգրանին: Հուշարձանը արձանախումբ է, որ մարմնավորում է Մհեր Մկրտչյանին, Ազատ Շերենցին, Ավետիք Գեւորգյանին, Արմեն Այվազյանին: Հեղինակն էլ քանդակագործ Դավիթ Մինասյանն է: Մեկ շաբաթ է, ինչ Տղամարդիկ կանգնած են Սարյանի պուրակում, սակայն արդեն հասցրել են դուր գալ երեւանցիներին, մի բան, որ հազվադեպ է պատահում: «Մեր իսկական երեւանցիներն են, պետք է հպարտանանք նրանցով: Շատ տարիներ են անցել, բայց «Տղամարդիկ» ֆիլմը դեռ իմ աչքերի առաջ է»,- ասաց արձանների կողքով անցնող տիկին Իզաբելլան ու լցրեց աչքերը: Ի դեպ, արձանախումբը գրավել էր նաեւ օտարերկրացիներին: Վերջիններս անցորդներին խնդրում էին իրենց լուսանկարել Տղամարդկանց հետ, հարցուփորձ անում, թե ովքեր են: Ցավոք, օտար լեզվի տիրապետողներ չկային՝ նրանց ինչ-ինչ պարզաբանումներ տալու համար:

«Ճիշտն ասած, «Տղամարդիկ» ֆիլմը չեմ տեսել: Բայց ուսանողներով երբ լսեցինք, որ նոր հուշարձան է բացվել, որոշեցինք անպայման գալ-նայել»,- ասում է համալսարանական Լիլիթ Գեւորգյանը:

«Հուշարձանը ճիշտ տեղում է կանգնեցված: Արվեստի մարդիկ պիտի արվեստին հարիր տեղում հավերժացվեն»,- Վերնիսաժը նկատի ունենալով՝ նշեց Գեղարվեստի ակադեմիայի ուսանող Տիգրան Սարգսյանը: Այլ կարծիքի էր 55-ամյա պարոն Իսահակը. «Կարծում եմ՝ հուշարձանը չերեւացող տեղում է: Կցանկանայի, որ այն կանգնեցնեին, ասենք, Հանրապետության հրապարակին հարող տարածքում»:

Երբ հեռուստատեսությունից եկան նկարահանելու, արձանախմբի մոտ հավաքված տարեց տղամարդկանցից մեկը օպերատորին նկատողություն արեց. «Սուրբ տառերի վրայով մի քայլեք»: Ուզում էր ասել, որ չտրորեն նրանց անուն-ազգանունները: Օպերատորն էլ հակադարձեց, թե հոլիվուդյան աստղերի անունների վրայով էլ են մարդիկ անցնում, հետո՞ ինչ: «Կանաչ եւ մաքուր կենտրոնի» հավաքարարներից մեկն էլ մեզ հետ զրույցում դժգոհեց. «Ընդամենը մի քանի օր է անցել հուշարձանի բացումից, բայց երեւանցիներն արդեն հասցրել են շուրջբոլորը աղտոտել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել