Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ Է»

Հոկտեմբեր 20,2007 00:00

\"\"Հայտարարում է ճանաչված բալետմայստեր եւ բեմադրիչ Մարկ Մնացականյանը

«Առավոտը» տեղեկացրել էր Ազգային օպերայի եւ բալետի թատրոնում հոկտեմբերի 6-ին բալետմայստեր, բեմադրիչ, Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի պրոֆեսոր, ՌԴ եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարկ Մնացականյանին՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով պարգեւատրելու մասին:

Արվեստագետը դեռ հայրենիքում է: Երեկ հանդիպեցինք նրա հետ՝ զրուցելու այսօրվա հայկական բալետային արվեստի շուրջ, նաեւ պարզաբանումներ ստանալու՝ արդյոք ճի՞շտ են լուրերն այն մասին, թե պարոն Մնացականյանը դժգոհ է մնացել իր հոբելյանական երեկոյից: Մեր զրուցակցի խոսքերով՝ կազմակերպչական աշխատանք՝ որպես այդպիսին, ինքը չի տեսել: «Երեկոյի սկզբում ՀՀ մշակույթի փոխնախարարը ինձ հանձնեց ոսկե մեդալ, ապա խոսք ասաց իմ կողմից շատ հարգելի Վիլեն Գալստյանը: Հետո ներկայացվեց դեռեւս 1960թ. իմ բեմադրած՝ Ադանի «Ժիզել» բալետի երկրորդ գործողությունը, ահա՝ իսպանական ժողովրդական երաժշտության հիման վրա 1972-ին դարձյալ իմ բեմադրած «Լորկիանան»: Այո, վիրավորված եմ: Գիտե՞ք ինչու: Օրենքով հոբելյանական միջոցառումներն էլ պիտի բեմադրվեն… Նախքան երեկոն, օպերային թատրոնի բալետային խմբի ղեկավար Հովհաննես Դիվանյանը ինձ զգուշացրել էր, որ երբ «Լորկիանան» ավարտվի՝ բարձրանամ բեմ, քանի որ ինձ անակնկալ է սպասվում, ինչն այդպես էլ չտեսա: Օպերային թատրոնի եւ պարարվեստի ուսումնարանի կողմից էլ մեկ ծաղիկ անգամ չստացա: Իսկ որ ամենակարեւորն է՝ հաջորդ օրը տեղեկացա, որ միջոցառումը լուսաբանելու եկած TV-ների աշխատակիցներին ներս չեն թողել, պատճառաբանելով, թե այսօր հերթական ներկայացում է, այլ ոչ թե հոբելյանական երեկո: Չեմ ուզում որեւէ որակում տալ, բայց համոզված եմ՝ իմ տեղում հայտնված ցանկացած արվեստագետ կմտածեր, որ դա դիվերսիա է իր դեմ»:

«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ բեմադրիչ-բալետմայստերը Խորհրդային Միության փլուզումից հետո հայրենիքում չի արել ոչ մի բեմադրություն, պարոն Մնացականյանն ասաց. «Հասկանալի պատճառներով 90-ականներին Հայաստանում բեմադրություն անել հնարավոր չէր, բայց ես հանգիստ նստած չէի: Ռուսաստանում ու Արեւմուտքում կատարած բեմադրություններին զուգահեռ, անընդհատ մտածում էի բալետային լեզվով բեմ հանել Նարեկացուն: Տարիների պրպտումներից հետո կանգ առա Ավետ Տերտերյանի 2-րդ սիմֆոնիայի վրա, որի երաժշտության ներքո հիանալի կներկայացվեր Նարեկացին: Այդ առաջարկությամբ 2004-ին դիմեցի մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանին, որի մոտ, երկար քաշքշուկից հետո, բախտ վիճակվեց մտնել՝ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի բարեխոսելուց հետո: Արդյունքում՝ «Մատյան ողբերգության» բալետի բեմադրության համար նախարարությունը թատրոն փոխանցեց 6000 դոլարին համարժեք դրամ: Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը դժգոհեց, ասելով՝ գումարը չի բավարարի, դուք էլ պետք է փող ճարեք: Հետոն, կարծում եմ՝ պարզ է. ես փող չճարեցի, բեմադրությունն էլ չկայացավ»:

Անդրադառնալով այսօրվա հայկական բալետային արվեստին, պրն Մնացականյանն ասաց. «Չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում հայկական բալետի հետ: Գիտե՞ք, որ խորհրդային տարիներին բալետի հայ արտիստները Մոսկվայի Մեծ թատրոնից հետո իրենց վարձատրությամբ երկրորդն էին, գիտե՞ք, որ խաղացանկը հարուստ էր ոչ միայն համաշխարհային, այլեւ հայ կոմպոզիտորների բալետներով… Իսկ այսօր պարզվում է, որ վերջին տարիներին ընդամենը մեկ «Կարմեն» է բեմադրվել: Միանշանակ հայտարարում եմ. հայկական օպերայի եւ բալետի թատրոնի ներկա դժբախտության պատճառը Գեղամ Գրիգորյանն է: Այս առիթով կարող եմ տալ բացատրություններ, եթե, իհարկե, ինձ ուզենան լսել պատկան մարմինները»:

Վերը շարադրված «Մատյան ողբերգության» ներկայացման համար նախատեսված գումարի ճակատագրին տեղեկանալու համար դիմեցինք օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանին: «Մարկ Մնացականյանը խոստացել էր Նարեկացու համար հայթայթել 20.000 դոլար: Իսկ նախարարության տրամադրած 1,5 մլն դրամը չէր ապահովի բարձրակարգ բեմադրություն: Այո, դրամ փոխանցվել է թատրոն, հիմա չեմ էլ հիշում, վերադարձրե՞լ ենք այն, թե՞ օգտագործել թատրոնի կարիքների համար»,- ասաց պրն Հովհաննիսյանը:

Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանն էլ հայտնեց. «Մարկ Մնացականյանի կողմից «Մատյան ողբերգության» բալետի բեմադրությունն իրականացնելու համար նախարարությունը ոչ թե ֆինանսավորել է, այլ աջակցել 1,5 մլն դրամով եւ այդ գումարը փոխանցվել է օպերային թատրոն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել