Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջավախքում հայերեն են կարդում

Հոկտեմբեր 20,2007 00:00

Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի բնակչությունը հայերեն ու Հայաստանի մասին հաղորդումներ ու հոդվածներ է նախընտրում:

Վրացիները համոզված են, որ իրենց Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի այլազգի բնակիչները քիչ են տեղեկատվություն ստանում, այդ պատճառով էլ չեն ինտեգրվում վրաց հասարակությանը: Այս տարածաշրջանում հիմնականում հայեր են ապրում, որոնք վրացերեն չգիտեն, եւ նրանցից քչերն են ցանկանում վրացիների հետ շփում ունենալ: Ուստի զարմանալի չէ, որ այս տարածաշրջանի ԶԼՄ-ները հայերեն են հեռարձակվում եւ տպագրվում: Ախալքալաքի «Ջավախք» հեռուստաընկերութան տնօրեն Ռադիկ Ավետիսյանը «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ իրենց աշխատանքն այնքան էլ բարդ եւ ծանրաբեռնված չէ. «Օրվա ընթացքում 2 անգամ 15-20 րոպեանոց լրատվություն ենք հաղորդում, հիմնականում Հայաստանի մասին, իսկ մնացած ժամանակ վերահեռարձակում ենք մի քանի հեղինակավոր հեռուստաընկերությունների հաղորդումներ»: Նա նշեց, որ հիմնականում վերահեռարձակում են ռուսական եւ հայկական հեռուստաալիքների հաղորդումները, իսկ վրացականի պահանջարկ չկա, քանի որ բնակչությունը վրացերեն չի հասկանում: Նույն հեռուստաընկերության լրատվական թողարկման հաղորդավար Հայկուշ Պողոսյանի ներկայացմամբ, իրեն վարձատրում են ամսական 80 լարի, որը մոտավորապես 18 հազար դրամ է կազմում. «Մեզ մոտ գովազդի մեկ րոպեն 40 լարի է, ցավոք, շատ գովազդներ չենք ունենում, այստեղ գովազդի դերը չեն գնահատում: Մեր գրասենյակում պատճենահանում էլ ենք անում եւ դրանով էլ գումար ենք վաստակում, մեկ էջը՝ 40 տետրի (մոտ 70 դրամ- Ա. Խ.)»: «Ջավախք» հեռուստատեսության անձնակազմը տեղավորված է երկսենյականոց մի կրպակի մեջ՝ մի սենյակում լրատվական հաղորդման տաղավարն է եւ մոնտաժման սարքերը, մյուսում՝ պատճենահանման սարքն ու հեռախոսը:

Ի տարբերություն «Ջավախքի», Նինոծմինդայի «Փարվանա» հեռուստաալիքը ավելի քիչ է օգտվում այլ հեռուստաալիքների հաղորդումներից: Ինչպես հավաստիացնում է հեռուստատեսության տնօրեն Կոնստանտին Վարդանյանը, իրենք նախապատրաստական դասընթացներ են անցկացրել տեղացի լրագրողների հետ եւ նոր միայն ընդունել աշխատանքի. «Մեր լրատվական հողորդման համար աշխատում են 22 հոգի, որոնցից յուրաքանչյուրին վճարում ենք 135 լարի: Բացի լրատվականից, ունենք նաեւ ժամանցային հաղորդում՝ «Դիսկ-շոու», որը մեծ պահանջարկ է վայելում տարածաշրջանում: Մենք բավականին դժվար ճանապարհ ենք անցել, մի քանի անգամ մեր աշխատանքները դադարեցվել են, հիմնականում ֆինանսական եւ էներգետիկ խափանումների պատճառով»:

Նինոծմինդայի շրջանային վարչության ղեկավար Սուրեն Մոսոյանն էլ մեզ հետ հանդիպման ժամանակ նշեց, որ տեղական հայալեզու «Արշալույս» թերթն իրենք են ֆինանսավորում. «Օգնում են նաեւ կենտրոնական իշխանությունները, քանի որ թերթն ինքնաբավ չէ, իսկ մեր հասարակությունը կարիք ունի նման պարբերականի»:

Փաստենք, որ Սամցխե-Ջավախեթիում ամենամեծ հեղինակությունը վայելում է «Հարավային դարպաս» պարբերականը, որը հրատարակվում է ե՛ւ վրացերեն, ե՛ւ հայերեն: Հայկական թողարկման խմբագրությունն Ախալքալաքում է, իսկ վրացականը՝ Ախալցխայում: Ինչպես նշեց երկլեզու թերթի գլխավոր խմբագիր Լելա Ինասարիձեն. «Մենք շատ սերտ կապեր ենք պահպանում հայ գործընկերների հետ: Չնայած մեր քաղաքներն այնքան էլ մոտ չեն, ամեն շաբաթ իրար այցելում ենք, որպեսզի աշխատակիցները հասկանան, որ մեկ միասնական թերթ ենք»: Նա պատմեց նաեւ, որ իրենք են զբաղվում թերթի առաքմամբ, ունեն 600 աշխատող, տպագրվում են շաբաթը մեկ անգամ, մեկ սյուն գովազդն էլ արժե $150:

Նինոծմինդայում գործում է սովետական ժամանակաշրջանին հարիր «բարձրախոսային» ռադիոընկերություն, որը հեռարձակվում էր միայն քաղաքի հրապարակում: Սա «Նոր» ռադիոընկերության տնօրեն Արարատ Թըթթյանը բացատրեց այսպես. «Մեզ հեռարձակման համար լիցենզիա չեն տրամադրում, ուստի այսպես ենք մեր եթերն ապահովում»: Նրանք հաղորդում են հիմնականում հայկական թերթերից վերցրած լրատվություն. «Հաճախ ենք օգտագործում «Առավոտի» էլեկտրոնային էջի լուրերը՝ որպես հավաստի աղբյուր: Լրատվությունից հետո էլ հայկական երաժշտություն ենք հնչեցնում»:

Մեր այցելությունն այս տարածաշրջան կազմակերպել էր Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել