Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյուղական մշակույթը՝ բլոտով ու նարդիով

Հոկտեմբեր 20,2007 00:00

Ըստ մարզպետարանների, այս վիճակի պատճառը գյուղապետերի անտարբերությունն է ու ֆինանսական միջոցների սղությունը:

«Առավոտը» բազմիցս գրել է, որ մշակութային կյանքով շատ թե քիչ ապրում են միայն երեւանցիները, իսկ գյուղերում այն իսպառ բացակայում է: Օրինակ, Գեղարքունիքի մարզի Նորաշենի գյուղապետ Գառնիկ Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց գյուղն ունի գրադարան, մշակույթի տուն, բայց վերջինս հիմնականում որպես խաղասենյակ է ծառայում: Նորաշենցիները երգի, պարի, թատերական ու սպորտային խմբակներ չունեն, որոնց ելույթներով կհիանային, ուստի իրենց օրը ստիպված անցկացնում են մշակույթի տանը թենիս, բիլիարդ ու բլոտ խաղալով: «Մշակութային կյանքը ո՞րն է, փոքր գյուղ է, 500 բնակիչ ունի, օպերա, թատրոն չունենք, մարդիկ ստիպված խաղալով են իրենց օրն անցկացնում: Գյուղապետարանի աշխատակիցները հասարակական կարգով մեկ-մեկ միջոցառումներ են կազմակերպում, բայց դրանով վերք չի բուժվի»,- ասաց Գ. Գասպարյանը: Ըստ գյուղապետի, խմբակ պահելու համար անհրաժեշտ սարքավորումներ, մասնագետներ ու հագուստ է պետք: Պարոն Գասպարյանի մոտավոր հաշվարկներով, մեկ խմբակ պահելը իրենց գյուղի վրա «կնստի» տարեկան 15-20 մլն դրամ, իսկ նման միջոցներ գյուղապետարանը չունի: «Համապատասխան գրություններով դիմել ենք կառավարությանը, մարզպետարանին, մեզ պատասխանել են, որ ֆինանսական միջոցներ գտնելու դեպքում կաջակցեն: Մյուս կողմից՝ մենք էլ ենք հասկանում, որ մինչեւ մշակույթին հասնելը, այսօր ավելի հրատապ խնդիրներ ու ծրագրեր կան…»,- իր խոսքը եզրափակեց գյուղապետը:

Արմավիրի մարզի Ծիածանի գյուղապետ Արիստակ Խաչատրյանը նույնպես փաստեց, որ իրենց մշակույթի տունը որպես խաղասենյակ է ծառայում. «Այստեղ բիլիարդ, շախմատ ու նարդի ունենք, մարդիկ դրանցով են զբաղվում: Անցյալ տարի պարի խմբակ ունեինք, երեխաներն իրենց կուրսն ավարտեցին ու դրանից հետո պարի դասատուն չեկավ, որ նոր խումբ ձեւավորի»: Նա մեծ գոհունակությամբ նշեց, որ նախորդ տարի իրենց գյուղի երեխաները ելույթով հանդես են եկել «ԱԼՄ»-ի եթերում, իսկ մեր այն դիտարկմանը, թե մի՞թե կարելի է դա գյուղի համար մշակութային ձեռքբերում համարել, Ա. Խաչատրյանը նշեց. «Դա երբեք լուրջ չեմ համարում: Ձեռքբերում կհամարեի, երբ մշտապես գործեին երգի կամ պարի խմբակներ»: Գյուղապետի խոսքերով՝ իրենք դեմ չեն գյուղում մշակութային կյանքն ակտիվացնելու համար աջակցություն ցուցաբերել, ափսոս «խեղճանում» են ֆինանսական միջոցներից եւ մասնագետների պակասից:

Եթե վերը նշված գյուղերում «մշակութային զարթոնք» են համարում, ասենք՝ Կարապետիչի հեռուստաընկերությունում ելույթ ունենալն ու «զմրուխտի», «ադամանդի» կոչում ստանալը կամ շախմատի, թենիսի ու բլոտի սեղանների շուրջ ժամանակ սպանելը, ապա Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի երիտասարդության համար այդ ամենն էլ է երազանք: Ինչպես գյուղապետ Սերյոժա Կարապետյանը տեղեկացրեց, այստեղ ահել-ջահել, մայր ու մանուկ զբաղված են միայն հողագործությամբ. «Նույնիսկ մշակույթի տուն չունենք, մինչդեռ խորհրդային տարիներին լավ կահավորված մշակույթի տուն ենք ունեցել, որն 90-ականներին քարուքանդ են արել»: Նրա խոսքերով, գյուղի երիտասարդությունն էլ մշակույթի հանդեպ անտարբեր է. «Երգի խմբակ կազմավորելու համար գյուղապետարանի շենքում սենյակ հատկացրինք, բայց ոչ ոք հետաքրքրություն չցուցաբերեց ու այդպես էլ խմբակ չձեւավորվեց: Ցավոք, մարդիկ հազիվ են իրենց յոլա տանում, մշակույթի մասին ո՞նց մտածեն»:

«Առավոտի» հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչ Միշա Սարգսյանը մարզպետարանի վրայից գցեց պատասխանատվությունը, նշելով, որ բոլոր մշակութային «օբյեկտները» համայնքային ենթակայության տակ են եւ իրենք իրավունք չունեն պարտադրել, որ գյուղապետերը դրանք բարեկարգեն կամ խմբակներ բացեն. «Շատ գյուղերում ակումբները լավ էլ գործում են, միջոցառումներ են կազմակերպվում, սակայն գյուղեր էլ կան, որ ի վիճակի չեն մշակույթի տուն պահել: Որոշ դեպքերում գյուղապետերն իրենք են անտարբեր»: Մ. Սարգսյանը նաեւ փաստեց. «Խորհրդային տարիներին բոլոր մշակութային օջախները պետության հովանու ներքո էին գործում, լավ կլիներ, որ այժմ էլ գոնե գյուղական մշակույթի տներն այդ կարգավիճակում լինեին, գուցե պետական հոգածությամբ՝ գյուղերում մշակութային կյանքը աշխուժանար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել