Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԾԱԳՈՒՄԸ ՉԵՆՔ ՀԱԿԱԴՐՈՒՄ»

Հոկտեմբեր 20,2007 00:00

Ասում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Գոչունյանը

\"\"\"\"\"\"

«Ժամանակի» ներկայիս խմբագիր Արա Գոչունյանը, «Ժամանակի» հիմնադիրներ Սարգիս եւ Միսակ Գոչունյանները:

Հոկտեմբերի 27-ին Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը կնշի հիմնադրման 100-ամյակը: Այս առիթով թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը բացառիկ հարցազրույց տվեց «Առավոտին»:

– Ովքե՞ր են հիմնադրել «Ժամանակ» օրաթերթը եւ ի՞նչ ճանապարհ է անցել այն:

– «Ժամանակը» հիմնադրվել է 100 տարի առաջ՝ օսմանյան շրջանում, երկրորդ սահմանադրության հռչակմանը հաջորդած հարաբերական ազատությունների հատվածում, որը որոշակի հնարավորություններ էր ընձեռում Թուրքիայի ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի համար: Թերթի հիմնադիրներն էին Միսակ եւ Սարգիս Գոչունյան եղբայրները, որոնցից առաջինը իր ապրած ժամանակաշրջանի հայտնի մտավորականներից էր՝ լրագրող, վիպագիր, հասարակական գործիչ: Նա «Նարեկ» աղոթագրքի առաջին աշխարհաբար թարգմանությունն է իրականացրել: «Ժամանակը» ավանդաբար ղեկավարել են Գոչունյանները: Այսօր հայրս՝ Սարգիս Գոչունյանն է թերթի սեփականատերը, իսկ ես խմբագիրն եմ: Կարծում եմ, «Ժամանակը» մրցանիշ է հայ մամուլի պատմության մեջ, եւ եզակի՝ 100 տարի անընդմեջ գոյատեւած լինելու առումով: Միայն գոչունյաններով չէ, որ աշխատել եւ աշխատում ենք, արեւմտահայ իրականության առաջատար բոլոր մտավորականները՝ Երվանդ Օտյան, Գրիգոր Զոհրապ, Վահան Թեքեյան, Արշակ Չոպանյան եւ այլք, թղթակցել են: Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթն անգամ խորհրդային տարիներին է հայրենամետ թեքում ունեցել, այն նաեւ էջմիածնական թերթ էր՝ միշտ Մայր աթոռի կողքին դիրք գրաված: «Ժամանակը» առաջիններից էր, որ անկախ Հայաստանը ողջունեց ոչ պահի բերած զգացականությունից, թերթը մշտապես հետամուտ է եղել Հայաստանը հասկանալու ու ճանաչելու, երբեք չի կուսակցականացվել:

– Հայաստանի մասին ի՞նչ տեսակ նյութերն են ավելի շատ արձագանք գտնում ձեր ընթերցողների շրջանում:

– Ընդհանրապես Հայաստանը հետաքրքրում է բոլոր առումներով: Սփյուռքը առավել հետաքրքրված է հայ-թուրքական հարաբերություններով, կրոնական խնդիրներով, Հայաստանի ներքաղաքական իրադարձություններով: Մարդկանց հուզում է, թե հայրենիքում կրթամշակութային հաստատությունները ինչ հեռանկարներ ունեն: Բազմաթիվ սփյուռքահայ երիտասարդներ սովորում են հայաստանյան բուհերում, որոնց մակարդակը անհանգստացնում է բոլորիս, մանավանդ Սփյուռքում հայապահպանման հարցը մարտահրավեր է դարձել: Ցավոք, Հայաստանում ավելի շատ խոսում, գրում, հաղորդում են քաղաքական, քան կրթական ու մշակութային թեմաներով: Երբ այս հարցը շոշափում եմ հայրենի կոլեգաներիս հետ, ասում են, թե մշակութային բնույթի լրատվությունը պահանջարկ չունի: Որոշակի գանգատներ ունեմ նաեւ գործակալություններից, ախր Սփյուռքի լրատվամիջոցները իրենցից են համապատասխան տեղեկատվություն քաղում: Հայաստանյան ԶԼՄ-ներն ավելի լավ լուսաբանում են սփյուռքահայ քաղաքական գործիչների կամ գործարարների այցերը, քան մշակութային կոլեկտիվներինը: Չէ՞ որ մարդկանց՝ դեպի Հայաստան առաջին քայլերը լինում են տուրիստական, մշակութային կամ կրոնական դրդապատճառներով: Դրանից հետո են սփյուռքահայերը ապագայի հեռանկար հյուսում, որոշում գործ դնել կամ հաստատվել Հայաստանում: «Ժամանակ» օրաթերթի բովանդակության մեջ առաջնային տեղ են գրավում նաեւ ստամբուլահայ համայնքին վերաբերող իրադարձությունները: Սփյուռքի առկա անկազմակերպ վիճակում փորձում ենք սեփական միջոցներով Սփյուռքի վերաբերյալ բազմակողմանի լրատվություն ապահովել: Երբեմն Հայաստանի մասին լրահոսն ավելի հեշտ է ստացվում, քան Սփյուռքի՝ Սփյուռք-Սփյուռք հարաբերությունների տկարության պատճառով:

– Ի՞նչ տպաքանակով է հրատարակվում «Ժամանակը», ինչպե՞ս է լուծում սպառման խնդիրները:

– Թերթը շաբաթը 6 օր է լույս տեսնում, բացի կիրակիից, 4 մեծադիր էջեր եւ 1500-ի հասնող տպաքանակ ունի, հիմնականում Ստամբուլում է սպառվում, բայց նաեւ արտասահմանյան առաքումներ ունենք, քանի որ Սփյուռքում, այսպես ասած, Ստամբուլի օրիենտացիայով մարդիկ շատ կան: Մենք Թուրքիայի մամուլի մաս կազմող լրատվամիջոց ենք, ուստի երկրի վերաբերյալ իրադարձությունները թերթում տեղ են գտնում լավագույն սյունակներում: Ստամբուլահայ համայնքի հաստատությունների վերաբերյալ ընթացիկ ձեռնարկները, հոբելյանական հանդեսները, համայնքային կալվածքների պրոբլեմները, պաշտոնական մարմինների հետ հարաբերությունները եւ այլն, նույնպես լավ ենք լուսաբանում: Ինչպես վերը նշեցի, հայաստանյան թեման եւս կարեւորներից է: Հետեւում ենք աշխարհի զանազան երկրներում հայկական հարցի շուրջ ծավալվող իրադարձություններին, ԼՂ հակամարտության վերաբերյալ գործընթացներին եւ այլն: Մեր ծագումը եւ քաղաքացիական տրամադրությունները Թուրքիայում փորձում ենք հակադրության մեջ չդնել՝ նուրբ հարցեր լուսաբանելիս:

– Անձերի եւ թեմաների առումով տաբուներ կա՞ն «Ժամանակում»:

– Նախ ոչ մի լրատվամիջոց իր հոժար կամքով չի ասի, թե տաբուներ ունի, կամ ինչ-որ մարդիկ անձեռնմխելի են: Ինչ վերաբերում է «Ժամանակին», թերթի սյունակներում ազատորեն բոլոր թեմաներն էլ շոշափում ենք՝ սկսած քաղաքականությունից, վերջացրած սեռայինով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել