Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փիրսինգը նորաձեւությա՞ն, թե՞ այլասերության խորհրդանիշ

Հոկտեմբեր 20,2007 00:00

\"\"Մեր հայրենակիցների կարծիքները

Փիրսինգի արվեստը ծանոթ է եղել հնագույն ազգերին: Օրինակ, հին հույները մեծ հաճույքով իրենց մարմինը զարդարում էին թանկարժեք մետաղներից պատրաստված օղերով: Ժամանակակից երիտասարդներից ոմանք մյուսներից տարբերվելու համար եւս դիմում են փիրսինգի «օգնությանը»: Այդպիսի երիտասարդների կարելի է հանդիպել նաեւ Հայաստանում, հիմնականում՝ Երեւանում: Նրանք օղեր են կրում քթին, կզակին, հոնքին, ականջներին, լեզվին եւ անգամ ամենաանհավանական տեղերում:

Կոսմետոլոգիայի եւ վիրաբուժության կենտրոնի կոսմետոլոգիայի բաժնի վարիչ, փիրսինգի մասնագետ Մարինե Օհանյանն ասում է. «Մեզ մոտ գալիս են բացառապես աղջիկներ, քիչ տղաներ են փիրսինգ ցանկանում: Հիմնականում մեր կենտրոն այցելում են արտասահմանցի ուսանողները»:

Երեւանի Վ. Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Դիանա Զոհրաբյանը գտնում է, որ փիրսինգը բացասական երեւույթ է, եւ երաշխիք չկա, որ առողջությանը վնաս չի հասցնի. «Վերջերս ծանոթուհիս մահացավ պորտին փիրսինգ անելուց մեկ շաբաթ անց: Պատճառը, ըստ բժիշկների, հիգիենայի կանոնները չպահպանելն էր»:

«NG» իմիջ կենտրոնի փիրսինգի մասնագետ Անահիտ Առուշանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր այցելուներն էլ հիմնականում երեւանցի տղաներն ու աղջիկներն են. «Տարիներ առաջ միայն արտասահմանցի երիտասարդներ էին դիմում, այսօր երեւանաբնակներն էլ հետ չեն մնում ժամանակից ու փիրսինգ են անում»:

Ոճաբան Լուսինե Նահապետյանը «Առավոտին» հայտնեց. «Հայաստանում փիրսինգը սովորական երեւույթ է դարձել, եւ դրանով որեւէ մեկին զարմացնելը դժվար կլինի: Փիրսինգը պարտադիր երեւույթ չեմ համարում, բայց կարծում եմ, որ գեղեցիկ է, եթե, օրինակ, պորտի վրա է»:

20-ամյա համալսարանական Լիլիթն ասում է, որ փիրսինգ է արել զուտ ինքնահաստատվելու եւ թերարժեքության բարդույթից ձերբազատվելու համար. «Ցանկանում էի որեւէ բանով աչքի ընկնել: Հետաքրքրվեցի, որ Հայաստանում էլ են փիրսինգ անում ու առանց մտածելու քթիս եւ պորտիս փիրսինգ արեցի: Հիմա շատ գոհ եմ: Ավելի համարձակ եւ շփվող եմ դարձել»: Ամերիկահայ Հայկը փիրսինգ է արել մի քանի տարի առաջ. «Ես ԱՄՆ-ից եմ եկել այստեղ սովորելու: Սկզբում երեւանաբնակ համակուրսեցիներս խեթ էին նայում, հավանաբար մտածում էին՝ համասեռամոլ եմ: Լավ է, որ այստեղ էլ փիրսինգի կենտրոններ բացվեցին, ու այն սովորական դարձավ»:

Իսկ փիրսինգով աղջիկներին ինչպե՞ս են վերաբերվում հայաստանցի տղաները: «Էդ ջակի աղջկերքը ինձ դուր չեն գալիս: Նրանց հենց տեսնում եմ՝ աչքերիս առաջը սեւանում ա, ուր մնաց հետներն ընկերություն անեմ կամ մի բաժակ կոֆե խմեմ»,- ասում է 18-ամյա Գեւորգ Եղիազարյանը: Այլ կարծիքի է Նարեկը, նա մտածում է, որ պետք է հետեւել նորաձեւությանը ու փիրսինգի մեջ վատ բան չի տեսնում. «Սկզբում զարմանում էի՝ փիրսինգով տղաների կամ աղջիկների տեսնելիս, հիմա դրանում արտառոց բան չեմ տեսնում»:

59-ամյա տիկին Նաիրան մինչեւ հիմա էլ կարծում է, թե փիրսինգով տղաներն ու աղջիկները այլասերված են. «Նրանք անբարոյականներ են, փորները բացել են, վրան էլ օղեր են կախել: Մեզ մոտ նման բաներ չկային, արտասահմանցիներն իրենց վուլգար բարքերը ներմուծեցին Հայաստան: Բա ղզիկ տղանե՞րը, օրիորդի նման են քայլում՝ քթներին ու ականջներին էլ մետաղ կախած»:

20-ամյա Ռուզանը փիրսինգ է արել մոտ երեք տարի առաջ: «Որոշեցի այդպես վարվել՝ տղաների ուշադրությանն արժանանալու համար: Հիմա ինձ ավելի շատ են նայում եւ ես ավելի հպարտ եմ»,- ասում է նա: Այն հարցին, թե ընկերը դեմ չէ՞ր, Ռուզանն ասում է. «Հիշում եմ՝ սկզբում ինձ վախվորած հայացքով նայեց, կարծես այլմոլորակայինի էր հանդիպել: Հիմա ինքն էլ է ցանկանում փիրսինգ ունենալ: Մենք հաճախ ենք լինում սրճարաններում ու բարերում, եւ ընկերս չի ամաչում, որ իր կողքին փիրսինգով աղջիկ կա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել